Գերմանիայի և Թուրքիայի նախագահներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել են իրենց «ակնհայտ շահագրգռվածությունը» երկու երկրների միջև համագործակցության սերտացման և բարելավման հարցում։
Շտայնմայերը, մաղթելով Թուրքիային «դինամիկ, ժողովրդավարական, եվրոպական ուղղվածություն ունեցող զարգացում», նշել է, որ աշխարհի ոչ մի երկրի հետ Գերմանիան այդ քանակի «սերտ ընտանեկան կապեր» չունի, որքան Թուրքիայի հետ։ «Մենք միմյանց կարիք ունենք», – եզրափակեց Շտայնմայերը: Այս մասին հայտնում է DW-ն։
Գերմանիայում իսկապես Թուրքիայից միլիոնավոր մարդիկ են ապրում, որոնց մեծ մասը քրդեր են, եւ նրանք Թուրքիայում բռնաճնշումների են ենթարկվում։ Սակայն ընտանեկան հարաբերությունները չէին պատճառ դարձել, որ Գերմանիայի նախագահը հենց ապրիլի 24-ին հայտնվի Թուրքիայում՝ ցուցադրաբար՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Բեռլինը, ինչպես ավելի քան 100 տարի առաջ, առաջ է քաշում Կենտրոնական Ասիայից Եվրոպա Մեծ երկաթուղու գաղափարը՝ Թուրքիայի միջով:
Հունվարի 29-30-ը Բրյուսելում տեղի ունեցավ Global Gateway ներդրումային ֆորումը։ Դրան մասնակցում էին ԵՄ-ի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Թուրքիայի կառավարությունների, ֆինանսական հաստատությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ԵՄ-ն առաջարկում է գլոբալ տրանսպորտային միջանցքի նախագիծ մշակել Ասիայից Եվրոպա Կասպից-Սևծովյան տարածաշրջանով։ Խոսքը, ըստ էության, Ադրբեջանի կողմից խթանվող «Միջին միջանցք» նախագծի (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) մասին է։ Հենց Բաքվին էլ 10 մլրդ․ եվրո ներդրում են խոստացել։ Իսկ ընդհանուր բյուջեն մոտ 300 մլրդ․ կլինի։
Հիշեցնենք, որ «Միջին միջանցքն» անցնում է ղազախա-չինական սահմանից Կասպից ծովով և դեպի Եվրոպա՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով։
Ռուսաստանի համար այս ծրագրերը չափազանց մտահոգիչ են թվում։ Ապրիլի 24-ին նախորդող օրը Ալիևի Մոսկվա կատարած այցի ժամանակ Պուտինը ավելի շատ խոսեց ԲԱՄ-ի և Տրանսսիվի երկաթուղու մասին, և որ այդ ճանապարհները կարող են հասնել «ԱՊՀ երկրներ», այսինքն՝ Ադրբեջան։ Բնականաբար՝ Մեղրու ճանապարհով հասնել Թուրքիա։ Նա հիշեցրեց, որ ԲԱՄ-ի շինարարությունը վերահսկել է Հեյդարիչի հայրը։
Հիշեցնենք, որ «Միջին միջանցքը» ներառում է “զանգեզուրի միջանցքը” Հայաստանի տարածքով, իսկ ապրիլի 24-ին Գերմանիայի նախագահի այցը Թուրքիա վկայում է այն մասին, որ Բեռլինն աջակցում է Թուրքիային, որն առաջարկել է Մեղրիի ճանապարհին «Ռուսաստանը Կալինինգրադի հետ միացնող միջանցքի» կարգավիճակ տալ։ Պուտինի հետ հանդիպումից հետո Ալիևը կրկին հիշեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գտնվի ռուս սահմանապահների վերահսկողության տակ։
Գերմանիայի ինչի՞ն է պետք «Միջին միջանցք», որի կարևորագույն հատվածը կվերահսկեն ռուս սահմանապահները։ Գերմանիան գիտի, որ դա նշանակում է Հայաստանի անհետացում որպես պետություն, ուստի սատարում է Հայաստանին վերացնելու Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերին։ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ապրիլի 24-ի կապակցությամբ, ասել է, որ Հայաստանը գրեթե պատահաբար հայտնվեց աշխարհի քարտեզի վրա Օսմանյան կայսրության փլուզումից հետո։
Հիշենք, որ 20-րդ դարի սկզբին Գերմանիան լոբբինգ էր անում, այսպես կոչված, Բաղդադի երկաթուղու համար, որի կառուցումը, ինչպես պատմաբաններն են ասում, պատրվակ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի և արդյունքում 6 կայսրությունների փլուզման, ներառյալ Օսմանյան, Ռուսական և Գերմանական ռեյխը։ Բաղդադի ճանապարհի շինարարությունն այդպես էլ չավարտվեց։ Եվ հիմա, նոր աշխարհակարգի կառուցման շեմին, Գերմանիան և Թուրքիան կրկին համաձայնության են գալիս ճանապարհի շուրջ։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: