Երկու անգամ տեղահանվելուց հետո Տաթև Քարամյանը մտադիր է նորից ոտքի կանգնել

  • 12:12 29.04.2024

Տաթևը Արցախի Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղից է։ Հայրենի գյուղից տեղահանվել է 2020 թվականին, իսկ 2023 թվականի սեպտեմբերին կրկնակի տեղահանվածի կարգավիճակով բռնել է Արցախից Հայաստան գաղթի երկար ու դժվարին ճանապարհը։

Ջրաղացներ

Երեք երեխաների հետ դժվար էր հաղթահարել անվերջ թվացող այդ ճանապարհը։ Համարյա 40 ժամ ճանապարհ են կտրել։ Հակարիի կամուրջն անցնելուց հետո միայն կարողացել է հանգիստ շունչ քաշել։ Ամուսնական կյանքի ընթացքում ամուսնու՝ Արտիկի հետ շատ դժվարություններ են հաղթահարել, անցել փորձություններով ու կարողացել են ոտքի կանգնել։

Արցախից բռնատեղահանվելուց նախ հանգրվանել են Արարատի մարզի Ավշարի համայնքի ղեկավարի տանը։ Սրտացավ ու հոգատար մարդկանց շրջապատում արցախցի ընտանիքն իրեն միայնակ չի զգացել։ Քարամյանները երբեք չեն մոռանա իրենց հանդիպած այդ բարի մարդկանց։

Մի քանի օր հետո նրանք տեղափոխվել են Արարատ քաղաք, իսկ ամիսներ հետո՝ Բյուրական։ Այստեղ մեծ հնարավորություն ունեն զբաղվելու հողագործությամբ ու անասնապահությամբ։

Տաթևի հետ զրույցի ընթացքում ակամայից հիշում եմ Ջրաղացներ գյուղը, որտեղ մարդիկ առանձնանում էին իրենց աշխատասիրությամբ ու հաստատակամությամբ։

-Հարազատ Ջրաղացներից տեղահանվելուց հետո բնակություն ենք հաստատել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Ինչպես հիմա, այն ժամանակ ևս դատարկաձեռն ենք դուրս եկել գյուղից։ Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանի շնորհիվ կարողացել ենք տուն գտնել ու սկսել աշխատել։ Ամուսինս անասուններ է ձեռք բերել ու զբաղվում էր անասնապահությամբ։ Արդեն պիտի մեր աշխատանքի արդյունքը տեսնեինք, 2023 թվականի սեպտեմբերն ամեն ինչ կործանեց։ Նորից զգալ նույնը, ինչ երեք տարի առաջ, անպատմելի դաժան է, սակայն ինչ արած, պետք է շարունակել ապրել։

“Ասկերանի զարգացման կենտրոն” ՀԿ-ի կանանց հզորացման և զարգացման “Վերածնունդ” ծրագրի շրջանակներում որպես աջակցություն երկու ոչխար ստացա, երեքն էլ մեր միջոցներով ձեռք բերեցինք և զբաղվում ենք ոչխարաբուծությամբ։ Ամուսինս մտադիր է նաև խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերել ու ընդլայնել անասնապահությունը,-ասում է Տաթևը։

Նա, իհարկե, երազում է Արցախ վերադառնալու մասին, սակայն  մինչ այդ երանելի օրը մտադիր չէ դժգոհել կյանքից ու պարապ նստել։ Երևանում սովորել է նաև կար ու ձևի արհեստը և արդեն տանը սկսել է աշխատել։ Ճիշտ է, սկսնակ դերձակուհի է, բայց նրա վարժ ձեռքերն արդեն արդյունք են տալիս։ Տաթևին ճանաչողները գիտեն․ նա իր ամուսնու թև ու թիկունքն է ու եթե մտադրվել է նպատակին հասնելու, ապա անպայման կհասնի։

-Արցախում ևս տքնաջան էինք աշխատում։ Ինչպես այնտեղ, այստեղ ևս մեզ օգնում է ամուսնուս մայրը։ Միասին մենք կարողանում ենք հաղթահարել այս դժվարութունները, դաստիարակել երեխաներին։ Հույս ունեմ, որ կկարողանանք զարգացնել մեր փոքրիկ տնտեսությունը․ չէ՞ որ արցախցին կոտրվելու, զենքերը վայր դնելու իրավունք չունի։ Երեխաներիս դաստիարակելու եմ այնպես, որ նրանք մեծանան արցախցուն արժանավայել ու միշտ հիշեն, որ Արցախյան առաջին պատերազմում զոհված հերոսի թոռներ են,- հավելում է Տաթևը։

Բռնատեղահանվելուց հետո Քարամյանները մշտական կապի մեջ են ինչպես Ջրաղացների, այնպես էլ Խնապատի համայնքների ղեկավարների ու բնակչության հետ։ Այդ կապը նրանց ավելի մեծ ուժ ու եռանդ է տալիս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f