Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ․ Օսկանյան

  • 15:22 29.04.2024

«Ի հեճուկս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց նախկին արտգործնախարար, Արցախի հարցով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանը։

«Այնտեղ եղել է մեծ անարդարություն, եղել է պատերազմ, եղել է էթնիկ զտում, ցեղասպանություն, եւ դրա հետեւանքով արցախահայությունը ստիպված թողել են իրենց տները եւ ապաստան են գտել Հայաստանում»,- ասաց Օսկանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։ «Դրա վառ ապացույցն այն է, որ ադրբեջանական ուժերը մխրճվել են Հայաստանի տարածք, Տավուշի չորս գյուղերը վտանգի տակ են, եւ այսպես շարունակ։ Բանակցություններում Արցախի հարցի գոյությունը կարող է ապահովել բանակցային խորք։ Երբ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես արհամարհում են Արցախի հարցը, համարում են դա փակված՝ չի եղել, չկա ու չի լինելու, իրենց թվում է, թե դա Հայաստանի անվտանգությունն է ապահովելու, բայց տեսնում ենք, որ դա այդպես չէ։ 2018 թվականից իշխանությունները միշտ քննարկել ենք Ադրբեջանի թելադրած օրակարգը։ Սա չեն գիտակցո՞ւմ, չեն սովորե՞լ, եւ արդեն գալիս ես այն եզրակացության, որ միգուցե այս բոլորն արվում է միտումնավոր»,- հավելեց Օսկանյանը։

Նրա խոսքով՝  այսօր Արցախի հարցի բարձրացումը եւ օրակարգ մտցնելը շատ իրատեսական է։ Արցախահայության իրավունքների պաշտպանության հանձնախումբը լուրջ աշխատանք է արել, ասաց Օսկանյանը։ Բայց, նրա խոսքով, լուրջ արդյունքներ ակնկալել շատ դժվար է, քանի որ միայն Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցում բեկում մտցնել եւ հաջողություններ արձանագրել։

«Այսօր այդ հարցն օրակարգ բերելու միակ խոչընդոտը Հայաստանի իշխանություններն են։ Աշխարհը դրան պատրաստ է, անհատ երկրներ պատրաստ են, բոլորն ասում են՝, այո՛, արցախահայությունն իրավունք ունի իրենց տներ վերադառնալ, դա իրենց իրավունքն է, դրանք իրենց պատմական հողերն են, միջազգային օրենքների ցանկացած դրույթով արցախահայությունն իրավունք ունի վերադառնալու։ Կա նախորդ տարվա նոյեմբերի 17-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որն ստիպում է Ադրբեջանին՝ բացել ճանապարհն ու արցախահայությանը թույլ տալ վերադառնալ իրենց տներ։ Կա Եվրախորհրդարանի վերջին որոշումը, որը նույնպես Ադրբեջանի ղեկավարությանը բանակցությունների նստել այդ հարցի շուրջ եւ ապահովել նրանց վերադարձը՝ միջազգային ներկայությամբ։ Շատ կարեւոր է այս հանգամանքը՝ միջազգային ներկայությամբ։ Այս բոլորը լուրջ հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք այս հարցը վերադարձնել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգ։ Վերադարձնելով՝ մեր հնարավորություններն են մեծանում։ Իսկ ովքեր փորձում են համոզել մեր ժողովրդին, որ այդ հարցը բարձրացնելով՝ մենք առավել վտանգում ենք Հայաստանը, հնարավոր է, որ պատերազմ լինի, նրանք տգետ են, դիվանագիտական անմեղսունակներ են։ Ընդհակառակը, այս հարցի օրակարգ ներմուծելը նպաստելու է առավել կայուն խաղաղության հաստատմանը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նա։