Պուտինն այդպես էլ չհիշատակեց Ալմա-Աթան․ Ղարաբաղը կարելի է տալ, Ղրիմը՝ ոչ

  • 09:24 02.05.2024

Խաղաղ եւ ամբողջական Կիրանց

Ինչո՞ւ Փաշինյանը եւ արեւմտյան երկրները պնդում են, որ սահմանները պետք է որոշվեն Ալմա-Ատայի հռչակագրով, իսկ Ալիեւը չի համաձայնվում ամրագրել Ալմա-Աթայի հռչակագիրը “խաղաղության պայմանագրի” մեջ։ Ավելին՝ Պուտինը որպես «հայ-ադրբեջանական կարգավորման» հիմք չի նախանշում Ալմա-Աթայի հռչակագիրը։

Տասն օր անց ՀՀ վարչապետի հայտարարությունից, թե Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն դեռ համաձայնություն չունեն: Միրզոյանը սա ասում է խաղաղության պայմանագրի ադրբեջանական վերջին խմբագրումը ստանալուց հետո:

«Մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում՝ Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները», – ասել է նա։

Ալմա-Աթայի հռչակագիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին եւ Ուկրաինային, եւ Ղրիմն այդ հռչակագրով Ուկրաինա է։ Ալմա-Աթայի մասին ընդհանրապես Պրահայում հիշել են միայն մեկ նպատակով․ որպեսզի «սովետական» սահմանները հաստատելու «նախադեպ» ստեղծվի, որը կարելի է հետո յգտագործել Ռուսաստանի դեմ։ Փաշինյանին “համոզել են” զոհաբերել հայկական հողերը, որպեսզի հետո հնարավոր լինի ասել՝ տեսեք, Հայաստանը հրաժարվեց “օկուպացրած” Արցախից, Մոսկվան էլ պետք է Ղրիմից հրաժարվի։

Մոսկվային, ինչպես ասում են, “լոխ”-ի տեղ են դրել։ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանները պետք է որոշվեն ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի քարտեզներով, ասում է Պուտինը, դեռ 2020 թ․ նոյեմբերին Ղարաբաղը  «ճանաչելով» որպես ադրբեջան։ Սակայն նա մեկ անգամ նույնիսկ չի հիշատակել Ալմա-Աթան։ Ավելին նա Ալիեւին ասել է, որ ամեն ինչ անի՝ այդ քաղաքի անունը “խաղաղության պայմանագրում” չհիշատակելու համար, իսկ Փաշինյանին ասել է, որ համաձայնվի այդ պայմանին։ Եւ, դատելով Արարատ Միրզոյանի խոսքերից, Ալիեւը չի պատրաստվում հիշատակել այն, Հայաստանն էլ՝ ինչ արած, կհամաձայնվի։

Փաշինյանը այսօր մեծաքանակ ոստիկանության զորքեր է բերել Կիրանց՝ ականազերծումը սկսեկու եւ գյուղը կիսելու համար, հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին եւ այն փաստին, որ «ԱՄՆ, Եվրամիությունը եւ այլ երկրներ» հավանություն են տվել նման լուծմանը։ Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրը «խաղաղության պայմանագրի» մեջ չհիշատակելը կնշանակի, որ հայերին հերթական անգամ «գցել են», ուղղակի մի կտոր հող էլ պոկելով եւ վերջին մեխը խփելով երկրի դագաղին։

Գցել են ոչ թե Փաշինյանին, քանի որ նա է նման խաղի հեղինակը, այլ հայ ժողովրդին։ Հայ ժողովրդին ոչ մի բանի դիմաց «գցելը» դարձել է բոլորի սիրած զբաղմունքը՝ եւ հաճույք ես ստանում, եւ օգուտ։