Ժամանակակից Ակնաի /Աղդամ/ շրջանի տարածքում մենք հանդիպում ենք տարբեր մշակութային շերտերի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ առկա են հայկական մշակույթի նախաքրիստոնեական, վաղ քրիստոնեական, վաղ միջնադարյան, միջնադարյան փուլեր, որի ապացույցն են տարածքում ի հայտ եկած հնագիտական /դամբարանաբլուրներ, վաղ քրիստոնեական գերեզմաններ/ ու միջնադարյան հուշարձանները։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ակնայի ազատագրումից հետո, քաղաքի մերձակայքում, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել խաչքարեր, որոնք թվագրվում են 9-12-րդ դարերով և միջնադարյան խեցեղենի մնացորդներ։ Ցավոք սրտի խաչքարերը հայտնաբերվել են վնասված՝ կոտրված վիճակում։
Հատկապես ուշագրավ է խաչքարերից մեկը, որը ոչ միայն պատկերաքանդակ է, պատկերված է զինավառ հեծյալ, որին կարծես թե դիմավորում են, այլ նաև արձանագիր։ Արձանագրության մեջ հիշատակված է Մարտիրոս անունը, ով հավանաբար խաչքարագործ վարպետն էր։
Առհասարակ Ակնայի շրջանի տարածքում պահպանված հայ մշակույթի հուշարձանների մեծագույն մասը վերաբերում է վաղ միջնադարին, իսկ ահա 13-14-րդ դարերով թվագրվող հուշարձանները սակավաթիվ են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տարածքն այս ավելի վաղ է հայազրկվել. իր տեղը զիջելով խաշնարած ցեղերին։
Հետագայում Փանահն այստեղ վերաբնակեցրեց Ղարադաղից ու Պարսկաստանի այլ շրջաններից եկած թուրք ցեղերով, տարածքում ձևավորելով նոր գյուղ, որը դարձավ Փանահի ու նրա հաջորդների ձմեռոցը։ 19-րդ դարի վերջին Ակնայում արդեն հաշվում էին 458 թուրք բնակիչ։ ԼՂԻՄ կազմավորման ժամանակ այս տարածքը նույնպես միտումնավոր դուրս թողնվեց ԼՂԻՄ կազմից, որի արդյունքում կազմավորվել է Ադրբեջանական ԽՍՀ Աղդամի շրջանը, իսկ 1930 թվականին այն վերածվեց համանուն շրջանի կենտրոնի և դարձավ քաղաքային բնակավայր։
Առնվազն վաղ միջնադարից այստեղ գոյություն ունեցած մի շարք հնավայրեր այժմ հայտնի են 19-20-րդ դարերում դրանց տրված օտար՝ թուրքալեզու անվանումներով։ Եվ ցավոք սրտի շատերի պատմական, հայկական անվանումները մոռացության են մատնվել, ինչպես օրինակ Գյավուր – կալա բնակատեղին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: