Կիրանց
Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ «սահմանազատումից» հետո Կիրանցի դպրոցը լինելու է «սահմանից» 100 մետր հեռավորության վրա, ասաց, որ եթե մարդիկ չեն ցանկանում ադրբեջանցի զինվորներին տեսնել դպրոցի պատուհաններից, ապա կարող են պատ կառուցել կամ տնկել ծառեր: Վարագույր կախելը, իհարկե, ավելի էժան կլինի, բայց դրանից հետո դժվար թե կիրանցցիները որոշեն իրենց երեխաներին դպրոց ուղարկել։
Արդեն բացեիբաց ասվում է, որ եթե գյուղում ապահով դպրոց չլինի, մարդիկ ստիպված կլինեն հեռանալ։ Իսկ այն բանից հետո, երբ «սահմանը» բացվի, և ադրբեջանցի իրավապահները կարողանան գնալ գյուղ, այս հողի համար պայքարողներին կսկսեն հարցեր տալ՝ պարզելու, տեղափոխե՞լ ֆիլտրացիոն ճամբար թե՞ ոչ։
Պատահական չէր, որ Կիրանցում ոստիկանական գործողությունը տեղի ունեցավ այն օրերին, երբ 1991-ին ռուսական զորքերը և ադրբեջանական ՕՄՕՆ-ն իրականացրին «Օղակ» գործողությունը Ղարաբաղում և Հայաստանի որոշ այլ շրջաններում։ Այն ժամանակ էլ մտցվեց անձնագրային ռեժիմ ու ստեղծվեցին ֆիլտրացիոն ճամբարներ։
Կրկնվում է այն, ինչ արվել է 2023 թվականին Արցախում, թեև երևի թե արցախյան «սխալները» Տավուշում չկրկնվեն. Փաշինյանի կուսակցությունը և անձամբ ինքը մեկ անգամ չէ, որ այս “սխալների” համար մեղադրել են Արցախի ժողովրդին՝ գրեթե վրդովված հայտարարելով, որ պետք չէր հեռանալ։ Իսկ երեկ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ իբր 2023 թվականի օգոստոսին Արցախը հնարավորություն է ունեցել ուղիղ բանակցությունների գնալ Բաքվի հետ, և դա արցախցիների համար մնալու շանս էր։ Բայց Մոսկվայից հնչեցրած զանգը և Արցախում իշխանափոխությունը թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա, և մարդիկ լքեցին Արցախը, ասաց նա։ «Առաջին հերթին դա պետք է հասկանան մեր արցախցի եղբայրներն ու քույրերը»,- մտահոգված տոնով ասաց պատգամավորը։
Ի՞նչ պետք է պայմանավորվեին Արայիկ Հարությունյանն ու Բաքվի ներկայացուցիչները Սոֆիայում։ Արդյո՞ք այն մասին, որ արցախցիները մնան իրենց տներում, իսկ Իվանյանում ու Բարդայում կռված տղամարդկանց համար (իսկ Արցախում գրեթե բոլորը կռվել) ստեղծվեն ֆիլտրման ճամբարներ, մտցվի անձնագրային ռեժիմ, ադրբեջանական անցակետեր տեղադրվեն դպրոցների մոտ և այլն։ Կանանց էլ թույլ կտան աշխատել հյուրանոցներում և զինվորական խոհանոցներում։
Արցախցիները հիմա ոչինչ «հասկանալու» կարիք չունեն, նրանք այն ժամանակ են հասկացել, թե ինչ է իրենց սպասում․ դրա համար էլ հեռացել են։ Իսկ եթե «սխալ են հասկացել», ապա Արթուր Հովհաննիսյանն ու իր շեֆը պետք է ավելի մանրամասն բացատրեն, թե Սոֆիայում ի՞նչ պետք է առաջարկեին արցախցիներին և ինչից նրանք հրաժարվեցին։
Հիմա նույնն առաջարկվում է Տավուշին, վաղը՝ Գեղարքունիքին ու Սյունիքին։ Արցախում էլ ամեն ինչ սկսվեց շրջափակումից, իրավիճակի վատթարացմամբ, գյուղերի բաժանմամբ ու դպրոցների մոտ անցակետերի տեղադրմամբ։ Այնտեղ էլ ուզում էին ծառեր տնկել եւ խորհուրդ էին տալիս բանակցել եւ առեւտուր անել Ադրբեջանի հետ։ Ակնայից անգամ մարդասիրական օգնություն է առաջարկվել։ Տավուշցիներին նույնպես կառաջարկվի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: