Մարդկային կորուստներն ամենադաժանն են․ մեզ մնում է ուժ հավաքել ու շարունակել պայքարելով ապրել

  • 12:27 03.05.2024

Խնապատի համայնքի ղեկավար

Տարիներ առաջ, երբ տակավին երիտասարդ Սամվել Շահրամանյանը գյուղի ջոկատի տղաների հետ կռվում էր թշնամու դեմ, պաշտպանում հայրենի Խնապատը և հաղթանակած տուն վերադառնում, մտքով անգամ չէր անցկացնում, որ մի օր անհայրենիք է մնալու։ Հայրենիքի կորստի ցավն ասես քիչ էր, 2023 թվականի սեպտեմբերի 25-ի չարաբաստիկ պայթյունին զոհ դարձան նաև իր ու քրոջ մինուճար որդիները՝ Արմանը ևԱրմենը։ Ճակատագիրն անգութ գտնվեց նաև այս գերդաստանի հանդեպ։

Պայթյունի օրը տղաներին չգտան, ծնողները հույս էին փայփայում, որ ինչ-որ մի հրաշքով կգտնվեն իրենց մինուճար որդիները։ Մեկուկես ամիս անց, նոյեմբերի կեսին ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց Արմանի մահը, իսկ Արմենի ճակատագիրն առայսօր անհայտ է։ Նա իր մոր միակ զավակն էր։

– Երբ հասկացանք, որ մեզ տեղահանում է սպասվում, սկզբից չէի ցանկանում հավատալ, հետո գիտակցեցի, որ բոլորիս գլխին վտանգ է կախված։ Ժողովուրդը խուճապի մեջ էր հայտնվել, և քանի-որ մեր գյուղն ավելի մոտ էր թշնամու դիրքերից, պետք էր ժամ առաջ դուրս գայինք։ Վախեցած բնակչությանը տարհանեցինք սեպտեմբերի 20-ին։ Մի մասը հետ եկավ, սակայն գիտակցելով լրջությունը՝ հեռացավ գյուղից ու ապաստան գտավ Ստեփանակերտի օդանավակայանում, իսկ այդտեղից էլ տեղահանվեցին Հայասատան։ Շատերը չհասցրին անգամ փաստաթղերն ու անձնական իրերը վերցնել։ Մտքովս չէր անցնում, որ կլքենք Արցախը, գաղթական դառնանք։

Համագյուղացիների հետ միասին սեպտեմբերի 25-ին մենք ևս գնացինք վառելիք հայթայթելու։ Տղաները բենզինի պահեստի վայրում էին, իսկ ես՝ Հայկազովի ճանապարհին։ Լսվեց պայթյունի ուժգին ձայն ու ամեն ինչ կորավ կրակի բոցերի մեջ։ Կատարվեց աղետալին, անդառնալին․․․

Օրեցօր ավելի է մեծանում ցավս, ոչ մի բան չի կարող համեմատվել զավակիդ կորստի հետ։ Ինչքա՜ն հույսեր էի կապում որդուս հետ, ինչքա՜ն երազանքներ ու նպատակներ ունեինք միասին։ Երկու դուստրերից հետո ծնված արու զավակս մեր ընտանիքի ամենասիրելին էր, մեր օջախի սյունն ու ծուխը վեր տանողը պետք է լիներ։

Առանց որդուս եկանք Հայաստան, ամենաթանկը թողեցինք այնտեղ, մեզ հետ բերել ենք միայն ցավ ու մորմոք։ Թեև շատ դժվար է, սակայն աշխատում եմ ամուր պահել ինձ․ չէ՞ որ կնոջս, դուստրերիս ուժ տվողը ես պետք է լինեմ, իսկ ինձ ուժ են տալիս թոռնիկներս։ Նրանց համար պետք է շարունակեմ ապրել ու վերստին ստեղծել,-ասում է Սամվել Շահրամանյանը։

Մեր զրույցի ընթացքում վերհիշում էի ոչ վաղ անցյալը։ Սամվելի որդին հաճախում էր Ասկերանի արվեստի դպրոցի Խնապատի մասնաճյուղի դհոլի բաժինը։ Ուսման առաջադեմ էր, ակտիվ ու օրինակելի սան։ Արվեստի դպրոցի հաշվետու և տոն օրերին նվիրված բոլոր համերգներին ներկա էր լինում նաև հայրը։ Բոլորիս աչքի առաջ մեծացավ Արմանը, դարձավ գեղեցիկ ու կայացած երիտասարդ։ 22-ամյա տղան ավարտել էր ԱրՊՀ-ն և արդեն աշխատում էր որպես ծրագրավորող։ Նա ընտանիքի հույսն էր և պիտի Արցախյան առաջին պատերազմում հաշմանդամ դարձած հոր, մոր ու քույրերի ապավենը լիներ․․․

Սամվել Շահրամանյանը շարունակում է ապրել խնապատցիների դարդ ու ցավերով։ Որպես համայնքի ղեկավար՝ գիտի իր համագյուղացիներից յուրաքանչյուրի բնակության վայրը, կոնտակտային տվյալները։

 

“Ճակատագրի բերումով իրարից հեռու ապրելը չի խանգարում, որ խնապատցիներս միասնական լինենք։ Մեր ցավը ընդհանուր է՝ հայրենիքի կորուստ, և հենց այդ է միավորում բոլորիս։ Ցավոք, վերջին պատերազմում Խնապատը տվեց մեկ զոհ, իսկ վառելիքի պայթյունից զոհվեց 3 մարդ։

Մարդկային կորուստներն ամենադաժանն են։ Մեզ մնում է ուժ հավաքել ու շարունակել պայքարելով ապրել”,-ասում է մեր զրուցակիցը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f