Ադրբեջանին հայկական հողերի միակողմանի հանձնման դեմ Տավուշում բողոքի ցույցերը վերածվեցին «Համահայկական շարժման»։ Ցուցարարները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ոտքով շարժվեցին դեպի Երեւան, որտեղ խոստանում են լինել մայիսի 9-ի կեսօրին։
Բողոքի ակցիաներին առաջին իսկ օրերից միացան տարբեր քաղաքական ուժեր, որոնք հակասություններ առաջացրեցին և ստվեր գցեցին տեղի բնակիչների պահանջների ազնվության ու արդարության վրա: Մարդիկ մտահոգված են, բառիս բուն իմաստով, իրենց տների և ընտանիքների ճակատագրով՝ «սահմանազատման և սահմանագծման» քաղաքականությունը կարող է զրկել նրանց տանիքից կամ ադրբեջանցիներին այնքան մոտեցնել իրենց տներին, որ այնտեղ ապրելը կդառնա վտանգավոր և անտանելի:
Ակնհայտ է, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են «հեծնել» բողոքի ալիքը և օգտագործել այն Ռուսաստանին ծառայելու և նրա շահերը առաջ տանելու համար։ Սակայն մյուս կողմն էլ կա՝ առանց բողոքի ոչինչ չի խանգարի իշխանություններին կյանքի կոչել հայոց պետականությունը վերացնելու ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի հանցավոր ծրագիրը։ Եվ այս մտադրությունը վարչապետ Փաշինյանը շարադրում է իր յուրաքանչյուր ելույթում։
Վերջին հայտարարությունն ամբողջովին ցնցեց հայ հասարակությանը. վարչապետն ասում է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ ժամանակին ապրել են Հայաստանում և մասնավորապես Երևանում եւ այսօր ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը։ Այսինքն՝ Փաշինյանն արդեն իրականացնում է «արևմտյան ադրբեջանի» ծրագիրը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարության ղեկավարը երբեք չի հիշատակում Բաքվում, Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Մինգեչևիրում, Շահումյանի, Խանլարում, Շեմախայում, Շամխորի շրջաններում բնակված 500 հազար հայերի մասին, էլ չենք խոսում Արցախի և Նախիջևանի մասին։
Ի՞նչ է սա, եթե ոչ ազգային դավաճանություն և կոլաբորացիոնիզմ։ Ավելին, այս ամենը ցինիկաբար ծածկված է «հանդուրժողականությամբ» և պատերազմից խուսափելու ցանկությամբ։
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը ուղեկցվում է «Եք գնանք Արցախ» երգով, որը շատ խորհրդանշական է։ Անկախ նրանից, թե ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում մարդկանց համոզել, որ իր ողջ գործունեությունն ուղղված է իր հարևանների հետ «խաղաղություն հաստատելուն», պետական մակարդակով խորացնելով հասարակության պառակտումը, հանրությունն ավելի ու ավելի է գիտակցում, որ Արցախի հանձնումն էր, որ Հայաստանը տարավ աղետալի հետևանքների։
Արցախը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ իրականում անկախությունը ադրբեջան կոչվող ահաբեկչական սուբյեկտից եղել և մնում են հայկական պետականության գոյության առանցքը։
Ըստ ամենայնի, ամերիկյան կողմն եւս այս ըմբռնումն ունի։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարվեց Շուշի գնալ՝ ասելով խորը ենթատեքստով հետևյալ խոսքերը. «Պարզ է, որ վերադարձված տարածքները տարբերվում են։ Այնուամենայնիվ, ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի շոուիմասնակից եւ ինչ-որ տեղ ճանապարհորդել դրա շրջանակներում: Այնպես որ, երբ ժամանակը գա դա անելու, ես դա կանեմ»: Դիվանագիտականից սովորական լեզվի թարգմանված՝ դա նշանակում է, որ Ալիևի վստահությունը, որ Արցախի հարցը լուծված է, կասկածի տակ է դրվում։
Նույն հայտարարությունները կարվեն, եթե Փաշինյանին հաջողվի իրականացնել Ալիևի բոլոր ծրագրերն արդեն Հայաստանի տարածքում։ Ըստ ամենայնի, աշխարհը դեռ տարակուսանքի մեջ է, թե Հայաստանի իշխանությունը որքան հեռու է գնալու սեփական պետությունը կործանելու գործում։ Մինչ բոլորը զբաղված են իրենց խնդիրներով (ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմ Ուկրաինայում, Եվրոպայի խառնաշփոթը Ռուսաստանի կողմից իրեն սպառնացող վտանգի առաջ), ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը փորձում է օգտագործել հայկական կառավարության անողնաշարությունն ու կոռուպցիան իր նպատակներին հասնելու համար։
Ցեղասպանությունից մազապուրծ արցախցիների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, սոցիալական, քաղաքական և իրավական խնդիրների լուծելուց հրաժարվելը սպառնում է հանգեցնել Հայաստանի բնակիչների բղոքի, ովքեր սկսել են վտանգ զգալ իրենց տների և ընտանիքների համար։
Համաժողովրդական շարժման հաջողությունը կախված կլինի հանրության գիտակցությունից, թե արդյոք պետականության կործանման և հայկական տարածքները թշնամուն հանձնելու շարժման առաջնորդները կկարողանա՞ն կանխել այլ պետությունների խարդախների և գործակալների փորձերը “յուրացնել” արդար պայքարը և դրա արդյունքները։
Մարգարիտա Քարամյան