Նախիջևանիկի համայնքի ղեկավար․ Ոչ մի վայրկյան մենք չենք կորցնում գյուղ վերադառնալու հույսը

  • 14:33 07.05.2024

-Ոչ մի վայրկյան մենք չենք կորցնում գյուղ վերադառնալու հույսը ու ապրում ենք այդ հավատով,- ասում է Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանը,- բայց մինչ այդ օրը նախիջևանիկցին կշարունակի արժանապատվորեն հաղթահարել բոլոր դժվարությունները։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Սևակն ընտանիքով բնակություն է հասատել Էջմիածին քաղաքում։ Օրվա հացը վաստակելու համար նախ աշխատում էր որպես տաքսու վարորդ, ապա անցել է աշխատանքի փայտամշակման գործարանում։

– 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Հարավի կողմից լսվում էին հրետակոծությունների ձայները, իսկույն զանգեցի շրջվարչակազմ։ Ինձ ասացին, որ զգույշ լինենք, չի իմացվի, ինչ է լինելու։ Մի քանի ժամից հետո հրետակոծությունները սաստկացան, գյուղը դղրդում էր ձայներից, թշնամու արկերը դեպի Հարավ արդեն անցնում էին գյուղի վրայով։ Բնակչությունը վախեցած ու խուճապահար էր։

Անմիջապես հանձն առա գյուղացիների տարհանման գործընթացը։ Շրջվարչակազմը ավտոբուսներ ուղարկեց, գյուղում նույնպես կային տրանսպորտային միջոցներ, ու կազմակերպեցինք նախ երեխաների, կանանց ու ծերերի տարհանումը։ Նախիջևանիկի հետ տարհանվեց  նաև հարևան Վարդաձորի բնակչությունը։

Ամենաապահով տեղը համարվում էր Ստեփանակերտի օդանավակայանը, որտեղ էլ ապաստան գտան նաև մեր գյուղացիները։ Գյուղում մնացինք ջահել տղամարդկանցով ու ներքևի մասում սահմանեցինք շրջօրյա հերթապահություն։

Սեպտեմբերի 20-ին արդեն չէինք կարողանում կապ հաստատել ղեկավարության հետ։ Կեսօրին մոտ որոշեցի իմ մեքենայով գնալ Ասկերանի շրջվարչակազմ՝ իմանալու, թե ինչ է կատարվում, ու այնտեղ տեղեկացա, որ արդեն զինադադար է, և սպասում ենք առաջիկա իրադարձություններին։

Ժամը 4-ին մոտ ցանկացա վերադառնալ գյուղ և ճանապարհին՝ գաջի գործարանի մոտ, հանդիպեցի մեր համագյուղացիներին։ Նրանք կանգնեցրին ինձ ու հորդորեցին հետ դառնալ, քանի որ թշնամին արդեն գյուղի ճանապարհին է։ Նայեցի շուրջս ու տեսա, որ, իրոք, մոտ 10 հոգի կանգնած են գյուղ տանող ճանապարհին, իսկ մի 25-ը՝ ներքևից բարձրանում էին։

Առանց գյուղ մտնելու հետ դարձա ու կապվեցի համապատասխան մարդկանց հետ, որ գյուղում մնացած մարդկանց հնարավորություն տրվի դուրս գալու։ Նույն օրը նրանք Քյաթուկ գյուղի անտառներով կարողացան ծածուկ հեռանալ գյուղից։

Բարեբախտաբար անկորուստ հեռացանք ու բոլոր արցախցիների նման գաղթեցինք Հայաստան։ Գյուղում թողեցինք ամեն ինչ, մեր այս տարիների ողջ ստեղծածը, բնակչության մեծ մասը դուրս է եկել հագի շորերով, շատերն առանց փաստաթղթերի, – պատմում է համայնքի ղեկավարը։

Նախիջևանիկ գյուղից տեղահանվել է 47 ընտանիք ( 196 մարդ), որոնցից 3 ընտանիք տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։

Տեղահանվելուց հետո բնակչությունը բնակություն է հաստատել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Մարդիկ զբաղվում են շինարարությամբ, գյուղատնտեսական աշխատանքներով, ոմանք էլ աշխատում են որպես տաքսու վարորդ։ Նախիջևանցիկները ցանկանում են մնալ Հայաստանում և ակնկալում են պետության աջակցությունը՝ գյուղատնտեսությանը խթանող ծրագրերում։

-Մեր գյուղը վերջին տարիներին ծաղկունք էր ապրում։ Լավ ապրելու համար պայմաններ էինք ստեղծել։ Բարեգործների միջոցներով գյուղն արդեն խաղահրապարակ ուներ, պետք է մանկապարտեզ ևս կառուցվեր։ Ամեն ինչ մնաց անցյալում։ Այնտեղ թողեցինք մեր շիրիմները, պատմական հարուստ արժեքները։ Մեր ժողովուրդը ամուր կամք և ուժ ունի, դիմացկուն է և առաջին անգամ չէ, որ լքում է գյուղը։ 1992 հունիսի 12-ին գյուղը գրավվել էր ազերիների կողմից և ազատագրվել 1992 թվականի սեպտեմբերի 4-ին։ Չենք կորցնում մեր հույսը, որ մի օր կվերադառնանք,-հավելում է Ս․Պետրոսյանը։

Արցախյան ազատամարտի ընթացքում գյուղից զոհվել է 14 ազատամարտիկ, իսկ 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ գյուղը տվել է մեկ զոհ։

Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմին, որի ընթացքում զոհվել է 106 նախիջևանիկցի։

Փա՜ռք բոլոր ընկածներին, հավերժ խնկարկում նրանց հիշատակին։

Կարինե Բախշիյան

f