Արցախում ոչնչացվում են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների և զոհերի հուշակոթողները

  • 21:34 09.05.2024

Հայրենական մեծ պատերազմի տարիներին, 1943 թ-ին, Փառքի շքանշանով պարգևատրված առաջին խորհրդային զինվորներից մեկը արցախցի էր՝ ծնունդով ԼՂԻՄ Ներքին Սզնեք գյուղից՝ Գևորգ Իսրայելյանը։ Նա մեկն էր այն յոթ արցախցիներից, որոնք դարձել են Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճանի ասպետներ։

Պատերազմի ավարտից հետո, ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների՝ Արցախի բոլոր համայնքներում կառուցվել են հուշարձաններ և հուշակոթողներ։

Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում Հայրենական Մեծ պատերազմում զոհված 105 սզնեքցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1967 թվականին։

Գյուղի տարեցները պատմում եմ, որ 60-ականներին երեք անգամ գյուղից պատվիրակություն է մեկնել Խորհրդային Ռուսաստանի տարբեր քաղաքներ, հանդիպել այնտեղ ապրող ունևոր համագյուղացիներին և խնդրել, որ գումար հանգանակեն այս հուշարձանը կառուցելու համար։

«Դպրոցում սովորելու տարիներին, հիշում եմ՝ հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ էին կազմակերպվում, և միշտ անուն առ անուն հիշվում էին սզնեքցի զոհվածների անունները։»,- ասում է Ներքին Սզնեքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանը:

Հուշարձանի շուրջը գեղեցիկ այգի էր, նստարաններ էին տեղադրված։  Մարդիկ հավաքվում էին, զրուցում, վերհիշում անցյալը։ Տոնական և հիշատակի օրերից բացի՝ մյուս օրերին էլ այգին մարդաշատ էր։

«Գյուղի բնակիչների շնորհիվ տարածքը միշտ խնամված, ծաղկապատ էր ու գրավում էր հյուրերի ուշադությունը,-պատմում է Էդվարդ Մուսայելյանը,- 2023-ի սեպտեմբերին մտքովս անցավ գնալ հուշահամալիր ու նկարել գյուղի հուշարձանները, կարծես սիրտս զգում էր, որ զրկվելու ենք հարազատ մեր բնօրրանից։»

Հայրենական մեծ պատերազմին արցախցի 150 հազար բնակչից բանակ է զորակոչվել 45 հազար մարդ։ Նրանք կեսը՝  22,5 հազար մարդ զոհվել է:

24 արցախցի դարձել է Խորհրդային Միության հերոս, նրանցից երկուսը՝ լեգենդար օդաչու, ծնունդով շուշեցի Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ են արժանացել այս կոչմանը։ Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների համար բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչում  են ստացել  5 արցախցի՝ ռազմաճակատի հրամանատար Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը՝  Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով),  ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով (Ագանյան)։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո Արցախի բնակավայրերում ոչնչացվեցին նաև Խորհրդային տարիներին հաղթանակ կերտած մարտիկների հիշատակն ամփոփող ու Հայրենական մեծ պատերազմին առնչվող համալիրներն ու արձանները։

«Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների հիշատակին  Արցախում մոտ 179 հուշարձան էր կանգնեցված, որից երկու տասնյակն այսօր ոչնչացված է։ Տեղեկություններ ունենք, որ 5-ը ենթարկվել է վանդալիզմի և պղծման։,- ,-ասում է ԱՀ ԿԳՄՍ մշակույթի գծով նախկին փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,- Հուշարձանների նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը թշնամու կողմից նոր չեն։ 1991 թվականին «Օղակ» գործողության ժամանակ Հայրենականին նվիրված հուշարձանները նունպես ենթարկվել են վանդալիզմի, օրինակ՝ Հադրութի շրջանի Խանձաձորի, Ջրաբերդի (Հին Մուրքուդարա) դեպքերը։»

2024թ-ի մարտին տելեգրամյան ալիքները հայտնեցին Ստեփանակերտում մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը քանդելու մասին, որը գտնվում էր իր անունը կրող փողոցում։

Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը:

Ծովակալ Հովհաննես Իսակովի հուշարձանը ոչնչացվել է նրա հայրենի Հադրութի շրջանում: Բռնազավթված Բերձորում հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` Խաղաղության հրապարակին հարակից բլրի վրա գտնվող Փառքի հուշահամալիրը։

Պղծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոցի համայնքում կառուցված հուշահամալիրը։ Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանը․․․

Մեծ թաղերում գործում էր նաև Արմենակ Խանփերյանցի անվան թանգարան, որտեղ նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող լուսանկարներ և փաստաթղթեր էին:  Ադրբեջանցիները քանդել և թալանել են նաև այս թանգարանը։

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը 2020 թվականից հետո ենթարկվել է մշակութային վանդալիզմի, իսկ 2024թ-ին գյուղն ամբողջությամբ հողին է հավասարեցվել։ Շուշիում և Ստեփանակերտում ոչնչացվել են ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի և ծովակալ Իսակովի կիսանդրիները

Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ 2020թ-ի պատերազմից հետո Արցախի իշխանությունները պարբերաբար տեղեկացրել են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը Արցախի  բռնագրաված տարածքներում նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի, հերոսների հուշարձանները ոչնչացնելու մասին, սակայն այդ դիմումները հիմնականում անարձագանք են մնացել։

Կարինե Բախշիյան

f