Արցախում, մեր ունեցած տվյալներով, հիմնովին քանդվել է թվով երրորդ եկեղեցին․ Մեխակավանի Սբ Աստվածածին Զորավոր եկեղեցին, Շուշիի Հովհաննես Մկրտիչ և հայտնի դարձավ նաև Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցու քանդման մասին։
Մինչ ՀՀ վարչապետը իր ստեղծած խաղաղության խաչմերուկից խաղաղություն է քարոզում, Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտման իր քաղաքականությունը մշակութային ցեղասպանության տեսքով։ Սա Ադրբեջանի հայատյացության ու կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է, երբ ամենուր վերացնելով հայկական հետքը, փորձում է, նոր մզկիթներ կառուցելով, տարածքը նաև մշակութապես դարձնել ադրբեջանական։ Առնվազն տարօրինակ է, որ ՀՀ պատկան մարմինների կողմից կոշտ հայտարարություններ չեն հնչում ի պաշտպանություն Արցախի պատմամշակութային ժառանգության, որից թերևս օգտվելով է Ադրբեջանը շարունակում իր անպատիժ հակահայ ու հակամշակութային քաղաքականությունը։
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ՝ Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ, կառուցվել է 1996-1999 թվականներին, իսկ գմբեթի խաչի օծումը կատարվել 1998 թվականի մայիսին։ Ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։
Եկեղեցին թե ներսից և թե դրսից գեղեցիկ հարդարանք ուներ, ներսից՝ որմնանակարներ, իսկ դրսից՝ բարձրաքանդակներ։ Եկեղեցին ուներ նաև մի շարք արձանագրություններ, այդ թվում եկեղեցու հյուսիսային պատի արևմտյան կողմում փորագրված է 6 տողանոց հետևյալ արձանագրությունը. «Յուսովն Աստուծոյ՝ Քաշաթաղի նորաբնակ ժողովուրդս շինեցաք զՍուրբ Համբարձման եկեղեցիս (ի յիշատակ վասն Հայրենեաց նահատակեալ բիւր եղբարց մերոց։ Հիմնարկեցաւ տաճարս Սուրբ) Համբարձում անուն յաւանս Բերձոր յամի Տեառն ՌՋՂԶ (1996) եւ օծեցաւ յամի ՌՋՂԸ ըչ(1998) յաւուր Սուրբ Հոգոյ (Գալստեան ի հայրապետութեանն Տէր Տէր Գարեգին Ա կաթողիկոսին ամենայն Հայոց, յառաջնորդութեանն) Արցախ աշխարհիս Տէր Պարգեւ եպիսկոպոսին եւ ի հովւութեանն գաւառիս Տէր Աթանաս վարդապետին։ Եղեւ ի թուին Հայոց ՌՆԽԷ (1447 = 1998)-ի փառս ամենագութ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յաւիտեանս. ամէն»։
Երկրորդ արձանագրությունը փորագրված էր հարավային պատի արևելյան հատվածում, որը ներկայացնում էր երեք տասնյակ շինարարների անունները՝ ճարտարապետից մինչև բանվորներ։
Ի՞նչ ենք մենք պատրաստ անել ի պաշտպանություն մեր ինքնության վկաների, որոնք մեր փոխարեն այսօր խոսում են Արցախի էթնիկ պատկանելիության մասին, պաշտպանելով արցախահայության վերադարձի իրավունքները և ո՞րն է հաջորդը․․․ սրանք հարցեր են, որոնք պետք է հստակ պատասխան ունենան։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: