Արցախի մարդիկ. Արամ Խաչատրյան

  • 17:59 13.05.2024

«Ինում ա չինում՝ մին տղա յա ինում: 7 տարի նորմալ, մարդավարի ապրում ա, մինգել ըհը՝ 1988 թիվը… Մին ծյուն-ծըմեռնը օր կյամ ըն առաջին դասարանան տուս օնում, թա քեցիք տոն, շկոլ չկա՝ միանում ընք Հայաստանին: Էդ խոխան էլ գիդումա թա ուրանց տոնը, շենքը բիդի քանդին՝ տանին Հայաստան սարքին: Ծնողներին ծերքան փռնած՝ «Միացում» ըսելավ, 2 տարի շարունակ ամեն օր քըղաքավը 7 կրուգ պատա տամ, ղաթումն էլ շկոլ քինամ: 1991-ին, մին ղաշյանգ օր, առավոտ յէրա կենում, թա քինա շկոլ, կարում չի, որովհետև Շուշվա թորքերը սկսում ըն Ալազանավ, Գրադավ Ստեփանակերտա յիրա թխելը… 7 ամես լոխ խոխոցը նման ինքն էլ ա պադվալներում ապրում, մինչև հայերը 1992-ին Շուշին յոր ըն օնում, բայց տրանից հետո էլ ավելի փիս օրերա կյամ ուրան Ղարաբաղին հետի ու լոխ խոխոցը նման ինքն էլ ա շատ ուրխանում 1994-ավը: Տրանից հետո պակասություն, անարդարություն, բեսպրեդել, լավ տղա, 90-ականների «պոնյատիաներ», «հերոսներ», «փրկիչներ», «դավաճաններ»… Մին օր էլ չի ՄԱՐԴԱՎԱՐԻ ապրում: Բայց միշտ հըվատում ա, վեր լոխ լավա իննան։ 

 Կարդում ա, բանակ ա քինամ, փսակվում ա, խոխեք ըն ծնվում, տոն ա ռեմոնտ անում: Խոխեքը հսցնում ըն 2016-ի ապրիլ տեսնան ու 2020-ի դժոխքը… Ու մհենգ խոխեքը ուրանց 40 տարեկան հորը հըրցնում ըն, ասում ըն՝ «Պա՛պա, մհենգ մունք Հայաստան ը՞նք, Ռուսաստա՞ն, թա՞ Ադրբեջան… Պա՛պա, ես Հայաստան ը՞մ բանակ քիննան, թա՞ Ադրբեջան, մունք ստեղ ը՞նք ապրելու, թա՞ օրիշ տեղ»… Ու պապան կարում չի ուրան խոխոցը ջողոբը տա, բայց կարում ա ուրան «հեռատես» գործիչներին, «փրկիչներին» ու ազգի «երևելիներին» ԱՆՊԱՏԱՍԽԱՆ հրցնե, ասէ՝ «Վեր մինչև վերջ քինողը չըք իլալ, վեր մինչև վերջ պահողը չըք իլալ, վեր տուք ծեր ազգին մեջին 30 տարի շարունակ իմ ու քու պիտի ընեյիք, 100.000 մարդու մղեյիք արտագաղթի, փախստական սըրքեյիք, տասնյակ հազարավոր մեր տղորցը գերեզմանեյիք ու հաշմանդամ սարքեյիք, հուր ա՞ իլալ պետք էս «հեքիաթը»…

Արամ Խաչատրյան, «Հեքիաթ իմ մասին»

 

Այս հոդվածի հերոսին ներկայացնելու փոխարեն որոշեցի իր աչքերով իր մասին պատմել։ Արամ Խաչատրյանը ծնվել և մեծացել է Արցախում՝ ուսուցիչների ընտանիքում։ Փոքրուց ստեղծագործելու հանդեպ սեր ունենալով՝ առաջին մասնագիտությունն ընտրել է կերպարվեստն ու գծագրությունը, իսկ երկրորդ մասնագիտությամբ իրավաբան է։

Արամին Արցախում շատերը հեռակա ճանաչում են նրա ֆեյսբուքյան փոստերից։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ մարդիկ պարտությունից ու ստեղծված իրավիճակից շատ ճնշված էին, նա շատ հաճախ Արցախի բարբառով հումորներ և բանաստեղծություններ էր գրում։ «Այդ ժամանակ զգում էի, որ մարդիկ ցրվելու կարիք ունեն։ Ընկերներ ունեի, որոնք նույնիսկ քննադատում էին, ասում էին՝ այս վատ իրավիճակում կարողանում ես կատակել։ Բայց եթե իմ գրածները գոնե մեկ մարդու ժպիտ են պարգևել, ես իմ գործն արված եմ համարում»,– կիսվում է մեզ հետ Արամը։

Նա շատ հետաքրքիր մոտեցմամբ կիսվում էր Արցախի բնակիչներին բնորոշ զրույցներով, պատմություններով, որոնք դիպուկ ներկայացնում էին մարդկանց մտածելակերպը, ապրելակերպը, նրանց առջև ծառացած խնդիրները։

 

Բացի հասարակությանը բնորոշ հատկանիշները արվեստի լեզվով ներկայացնելուց՝ Արամը բարձրաձայնում էր այնպիսի մտքեր, որոնք շատերը մտածում էին, բայց միշտ չէ, որ կարողանում էին ասել։ Խոսքը Արցախի պետականության, իշխանությունների ու չգրված կանոնների մասին է։ Այդ շարքից է նա  Արամի կողմից շարադրված «Սահմանադրությունը», որտեղ նա նկարագրում է Արցախի իրական իրավիճակը, և «Էն հի՞նչ երգյիրա, վեր…» «հանելուկը»։

ԱՀմանադրությունը

«Ես, դրսևորելով անսասան կամք` գրեցի սույն ԱՀմանադրությունը:

#Հոդված_1. Արցախի Հանրապետությունը ընկերական, ախպերական, խնամիական, բարեկամական պետություն է: Արցախ, Ղարաբաղ, Խաչեն, Առան, Ուրտեխե անվանումները նույնական են:

#Հոդված_2. Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է իշխանությանը, որն իր իշխանությունն իրականացնում է իշխանության միջոցով:

#Հոդված_3. Արցախի Հանրապետությունում «Մարդը բարձրագույն արժեք է» միտքը ռոմանտիկ է: 

#Հոդված_4. Էստեղ ընդերքն ու ջրային ռեսուրսներն առանձին անհատների բացառիկ սեփականությունն են:

#Հոդված_5. Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է այլ պետությունների կողմից՝ իրենց շահերին համապատասխան: 

#Հոդված_6. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանությանը՝ բացառությամբ որոշ բացառությունների: 

#Հոդված_7. «Բոլորը հավասար են օրենքի առջև» նախադասությունն արտասանողներն անլուրջ մարդիկ են: 

#Հոդված_8. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, եթե լույս, գազ կամ համացանց կա: 

#Հոդված_9. Յուրաքանչյուր ոք ազատ է՝ դիմացինին զրպարտելու ու բարի համբավն արատավորելու: Զրպարտողը պարտավոր չէ պատասխան տալ իր խոսքերի համար: Հակառակն ապացուցելու պարտավորությունը դրված է դիմացինի վրա: 

#Հոդված_10. Յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք՝ բացառությամբ Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու դեպքերի: 

#Հոդված_11. Արցախի Հանրապետության նախագահը նշանակվում է այդ պահին ՀՀ փաստացի ղեկավարի կողմից՝ ընտրություն կոչվող թատրոնի միջոցով։ Նա ընտրվում է 5 տարի ժամկետով՝ մինչև ԱՀմանադրական փոփոխությունները, որից հետո կարող է պաշտոնավարել ցմահ: 

#Հոդված_12. Արցախի Հանրապետության նախագահի երդումն ԱսնԱվանի չէ

#Հոդված_13. «Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար» նախադասությունն արտասանողները հետաքրքիր մարդիկ են: 

#Հոդված_14.

Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորից և վերջ։

#Սույն ԱՀմանադրությունն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու պահից»:

 

 «Էն հի՞նչ երգյիրա, վեր…»

«-Զյումբրուդ, պարէվ։

-Պարէվ, Մանիշագյ։

-Կկարի՞ս ասիս՝ էն հինչ երգյիրա, վեր՝

  1. Պետություն չօնէ, բայց Սահմանադրություն օնէ։
  2. Արտաքին գործերավ օրիշ երգիրա զբաղվում, բայց արտգործնախարարություն օնէ։
  3. Գյուղատնտեսական նշանակության հողերի 20%-նա մնացալ մեզ, բայց գյուղատնտեսության նախարարություն օնէ։
  4. Տարածքը պԻտաչոկան մինչև կԱլցԱվոյնա մնացալ, բայց տարածքային կառավարման նախարարություն օնէ։
  5. Ենթակառուցվածքներ չօնէ, բայց տի կԱնտոր օնէ։
  6. Անվտանգությամբ օրիշ երգիրա զբաղվում, բայց անվտանգություն օնէ։
  7. Բանակ չօնէ, բայց պաշտպանության նախարարություն օնէ։
  8. Սահման չօնե, բայց սահման պահող օնէ։
  9. Զասադի մեջ ա, բայց ժուղովուրթը հողան պուք չի կյամ։
  10. Հադրութ չոնե, բայց Հադրութա աղտիրած օնէ։
  11. Շուշին ուրանը չի, բայց ՈՒՐԱՆՆ Ա։
  12. Ժուղովուրթը ապրելի հետի 1000 հետ մեռալա, բայց մըռնելի հետի 1 օր էլ չի ապրալ։
  13. Վեշմինը վեշմինին հվատում չի, բայց ԼՈԽ ՈՒՐՈՒՐ ՀԸՎԱՏՈՒՄ ԸՆ…»:

Արամն իր ստեղծագործություններով ոչ միայն խոսում է մարդկանց հետաքրքրող թեմաներից, այլև նպաստում է մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, վավերագրում է պատմությունը, նկարագրում է հասարակությունը։ Նա պատմում է ժողովրդի մասին՝ ժողովրդի սրտից։

 

«Տու իմնըս, ես՝ քունըդ»

 Մռավա սարիդ նման պեցուր ըս,

Թըրթառիդ նման կիժ ու վարար,

Տնջրիդ տակռին նման խոր ըս,

Ըխպիրիդ նման մաքուր, պարզ։

 

Երգինքան կացած Դիզափադ ըս,

Նախշուն քըրերավ Կինձասար,

Ծմըկնեդ լիգյը եղցի ա,

Սյօրփ ա, հանգիստ ա, խաչքար։

 

Մին հափուռ վեղ օնիս՝ դուշմանին աշկը յիրա,

Էդ սուրփ վեղին տակին՝ ՏՂԵՐՔ,

Տիյերան մեզ ըն յեշում մշտական,

Հանցու դուզ ապրինք՝

Շիլ չի քցինք բուրդան։

 

Թոխպը, կածյակը եկող քինող ըն,

Մնողը տուվ ըս՝ Ղարաբաղ,

Մունք էլ ընք ղոնաղ, մին օր քիննան ընք,

Կյանք վեղըդ տեռնանք՝ Ղարաբաղ։

Արամ Խաչատրյան, 2020

 

 

Անժելիկա Զաքարյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում

f