Գյուղը լքելուց առաջ․ պատմում են ընտանիքի 3 կանայք

  • 11:20 14.05.2024

Լուսանկարում՝ Կոլխոզաշենը

90-ամյա Մարո Գասպարյանը 17-ամյա թոռան ՝Հելենի հետ վերհիշում են հարազատ բնօրրանի վերջին տագնապալի օրերը:

Պատմում են տատն ու թոռը

5 պատերազմ է տեսել գյուղը: Հայրենական մեծ պատերազմում 216 հոգի են մեկնել ճակատ, 106-ը չի վերադարձել, արցախյան առաջին պատերազմին մասնակցել է Կոլխոզաշենցի 67 երիտասարդ, նրանցից 17-ը իրենց կյանքն են տվել հայրենիքին, 7 հոգի էլ անմահացել է երկրորդ արցախյան պատերազմում: Վերջին պատերազմում, որն ընդամենը մեկ օր տևեց, գյուղը 3 զավակ կորցրեց:

Լուսանկարում՝ Զոհվածների հիշատակին գյուղում կառուցված հուշարձանները

Սեպտեմբերի 19-ը ամենաահավոր ու տագնապալի  օրն էր, Հովհաննիսյանների արու զավակը՝ Սամվելը, հայրենիքի պաշտպաններից էր, բոլորի ուշնումիտքը այնտեղ էր։

Այդ խառնաշփոթում Գայանեն հավաքեց իրեն, զգացմունքները մի կողմ թողեց։ Հարևան գյուղերից՝ Սոսից, Կարմիր Շուկայից, Մաճկալաշենից իր օջախում հանգրվանած 18 տեղահանվածի հաց ու ջրի հոգսն էր քաշում: Հոգեպահուստ մեղրն ու պանիրն էր մեջտեղ բերել, խմոր հունցել, որ հաց թխի:

Պատմում է Գայանեն՝ հարսը

Գյուղը լքելու լուրը հանկարծահաս էր: Ընտանիքի հայրն ասում էր՝ մինչև պաշտոնական տեղեկություն չլինի, տեղից չեն շարժվի: Սեպտեմբերի  25-ին ստիպված մյուսների պես իրերը հավաքեցին:

 

Տարիներով հավաքած հարուստ գրադարանը (Հովհաննիսյանները Կոլխոզաշենի մտավորական ընտանիքներից են՝ հայրը, մայրը, որդին ու հարսը մանկավարժներ են), հարյուրամյա տունը, հազարամյակի կնիքը կրող գյուղը լքելը Մարո տատը չի մոռանա: Չնայած տարիքին՝  հիշողությունը պայծառ է, աչքը՝ սուր. գյուղի հետ կապված ամեն դրվագի, տոհմածառերի գրի առնելու գործն է հանձն առել, մեզ մնացած միակ հարստությունը հիշողությունն է: 

 

Լուսանկարում՝ Կոլխոզաշենը

 

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում:

f