Երեւան կատարած այցից հետո Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորգը ուղեվորվել է Բաքու։ Ի տարբերություն Երեւանին, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հրապարակային խոսք չի եղել, Բաքվում պահանջել են փակեն խումբը։
Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններն ամենաօպտիմալն են հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների խաղաղ կարգավորման հասնելու համար։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը իր գործունեության 30 տարում ոչ մի ավանդ չի ներդրել ադրբեջանա-հայկական հակամարտության լուծման գործում։ Մենք կարծում ենք, որ չկա այն ինստիտուտները պահպանելու անհրաժեշտություն, որոնց մանդատը սպառվել է եւ կրում է արխայիկ բնույթ»,- ասել է Բայրամովը։
Նույն միտքն ավելի վաղ նույն պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ ասել էր Ալիեւը։ Նա հայտնել է, որ «թեեւ մեր հողերի օկուպացիայի հարցը կար ԵԱՀԿ օրակարգում, ոչ այդ կազմակերպությունը, ոչ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չեն արել հակամարտության հետեւանքների վերացման, ադրբեջանական տարածքների ազատագրման համար։ Այս տարիների ընթացքում ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների իրականացրած բանակցային գործընթացը ծառայել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակմանը»։
Հայտնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել եւ այն գոյություն չունի, Ալիեւը հայտարարել է, որ «եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը»։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, եւ որեւէ պատճառ չկա, որով հայկական կողմը կարող է չհամաձայնել դրան, կարծում է Ալիեւը։
ԵԱՀԿ նախագահը չի խոսել Մինսկի խմբի մասին եւ չի անվանել այն սպառված. «ԵԱՀԿ-ը լսում է երկու երկրներին։ Մենք պետք է ընդունենք նոր իրողությունները։ Հուսով ենք, որ շուտով կողմերի միջեւ ձեռք կբերվի համապարփակ եւ կայուն խաղաղության համաձայնագիր»։
Սակայն եթե Հայաստանն էլ է համաձայն,ինչպես ասում է Ալիեւը եւ ինչպես լռում է Միրզոյանը, ԵԱՀԿ-ն ինչո՞ւ պետք է պահպանի Արցախյան կարգավորման միակ մանդատը։