Կարևոր է, որ համագյուղացիներով իրար մոտ ենք ապրում․ Հովսեփավանի համայնքի ղեկավար

  • 19:08 14.05.2024

Ասկերանի շրջանի Հովսեփավանի համայնքը Արցախի երիտասարդ բնակավայրերից մեկն է։ Վերջին ժամանակշրջանում համայնքն սկսել էր ծաղկել, ընդլայնվել և արդեն ընթացքի մեջ էր նոր թաղամասերի կառուցումը։ Սակայն ամեն ինչ, դժբախտաբար, մնաց անկատար․․․

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թշնամու կողմից սկսվեցին հրետանու առաջին հարվածները, Ասկերանի շրջանի Հովսեփավանի համայնքի աշխատակազմը աշխատավայրում էր։

Պատերազմ է․․․2020 թվականի պատերազմի սարսափից դեռևս ուշքի չեկած ժողովուրդը նորից կանգնեց դաժան իրականության առաջ։ Հրետակոծությունների ահավոր ձայներից համայնքի ղեկավար Կարեն Դանիելյանը հասկացավ, որ շտապ պետք է կողմնորոշվել ու գյուղի բնակչությանն ապահով հասցնել ապաստարան։ Անմիջապես վազեց դեպի դպրոցը և 38 աշակերտներին ու ուսուցիչներին ուղեկցեց գյուղի երկհարկանի տներից մեկի նկուղ-ապաստարանը, որը միակն էր ամբողջ գյուղում։

-Երեխաներին միացան նաև կանայք ու ծերերը և ամբողջ գիշեր մնացին նկուղում։ Տղամարդիկ, ովքեր զենք ունեին, հերթապահություն սահմանեցին նկուղի մոտ, մի մասն էլ շրջում էր գյուղում, որովհետև ամեն ինչ անկանխատեսելի էր։ Հաջորդ օրը, երբ ավարտվեց պատերազմը, իսկ հետագայում հայտարարվեց տեղահանվելու մասին, կանգնեցինք վառելիքի ու տրանսպորտի խնդրի առաջ։ Գյուղում կար 32 տնտեսություն, փաստացի բնակվում էր 198 մարդ։ Հավաքեցի բնակչությանը, և միասին քննարկեցինք մեր անելիքները։ Համայնքապետարանում որոշակի քանակով բենզին ունեինք։ Նախնական 5-ական լիտր բաժանեցի մեքենա ունեցողներին, սեպտեմբերի 24-ին, գյուղի երիտասարդներով գնացինք Ստեփանակերտ, վառելիք բերեցինք ու նորից բաժանեցինք մեքենատերերին, որ գոնե կարողանան հասնել Հայաստանի տարածք, իսկ բնակչության մյուս մասին տեղափոխեցի Ստեփանակերտի օդանավակայան՝ նախապես ասելով, որ վերցնեն մեկ օրվա սնունդ, հագուստ ու փաստաթղթերը։ Կարելի է ասել, որ սեպտեմբերի 25-ին գյուղում արդեն մարդ չկար,-պատմում է համայնքի ղեկավարը։

Հովսեփավանցիների զգալի մասն այսօր բնակություն է հաստատել Արարատի մարզի բնակավայրերում, այդ թվում նաև Արտաշատ քաղաքում։ Զբաղվում են տարբեր գործերով․ մանկավարժություն, հողագործություն,  ձեռնարկատիրություն․․․ Հովսեփավանցին սովոր է օրվա հացը իր քրտինքով վաստակել։ Պատահական չէ, որ շրջափակման օրերին նա սոված չի մնացել։ Գիտակցելով ստեղծված իրավիճակը և դրանից բխող բոլոր դժվարությունները, 2023-ին գյուղում լրիվությամբ մշակվել են սեփական հողատարածքները։ Հովսեփավանցին բավարարվել է իր սեփական արտադրանքով, ինչպես նաև աջակցել քաղաքաբնակ արցախցիներին՝ անգամ սայլով գյուղմթերքներ է հասցրել նարնց։ Կարևորը՝ ժողովրդին օգնելու ու մենակ չթողնելու ցանկությունն էր մեծ…

-Սկզբից մեր բնակիչներից ոմանք բնակություն հաստատեցին բարեկամների տներում, ոմանք տներ վարձակալեցին։ Համայնքից 6 ընտանիքների հետ մենք տեղավորվեցինք Հնաբերդ գյուղի մշակույթի տանը՝ նախապես պայմանավորվելով գյուղապետի հետ։ 21 հոգով այդտեղ մնացինք ավելի քան երկու ամիս, ապա տեղափոխվեցինք այլ բնակավայրեր։ Հիմնականում մոտակա գյուղերում ենք հաստատվել։ Այժմ ապրում եմ Այգեստան գյուղում, բայց որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատում եմ Հնաբերդի դպրոցում։ Կարևոր եմ համարում, որ բոլորս իրար մոտ ենք բնակվում և համարյա ամենօրյա շփման մեջ ենք։ Հենց իրար մոտ ապրելն է մի փոքր գոտեպնդում, հուսադրում մեզ․ ասես մեր գյուղում լինենք։ Որպես համայնքի ղեկավար՝ հաստատուն կապ ունեմ շրջվարչակազմի ղեկավարի և համագյուղացիների հետ։ Համոզված կարող եմ նշել, որ մեր գյուղացիներից ոչ ոք չի ցանկանում հեռանալ Հայաստանից։ Այսօրվա դրությամբ գլխավորը աշխատանքն ու կեցության պայմաններն են, որոնցով, ցավոք, ոչ բոլոր հովսեփավանցիներն են ապահովված։

Դե, իսկ հույսն ու հավատը, որ կվերադառնանք Արցախ, երբեք չի մարում ոչ ոքի մոտ,-ասում է Կարեն Դանիելյանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f