Գյուղ, որը քարտեզի վրա չկար. պատմում է Կիմ Գաբրիելյանը

  • 15:02 15.05.2024

Գյուղի և նախնիների պատմությունը

Ես ծնվել եմ Արցախի Ասկերանի շրջանի Ղլշբաղ գյուղում: Ժամանակին այնտեղ կար 500-600 բնակիչ: Դպրոցը Ասկերանում էր, գյուղխորհուրդը` Խնաբադ գյուղում: Մինչև 90-ականների վերջը կար նաև Կոլխոզ:

50-ականների վերջին տարիների ընթացքում այն որպես գյուղ քարտեզում նշված չէր: Մեր գյուղում կար սովետական միության հերոս, սոցիալիստական աշխատանքի հերոս: Փոքր գյուղ էր, բայց «ղայդին» (կարգին): Ես սովորել եմ Ասկերանի միջնակարգ դպրոցում 1967-1977 թթ.: Խորհրդային շրջանի ամենաբեղուն ժամանակներն էին: Այն երջանիկ սերնդից էի, որոնք «Հայ ժողովրդի պատմություն» էին անցնում:

Մեր պատմության ուսուցիչը բանավոր չէր հարցնում դասը, այլ ամեն ժամի հանձնարարում էր այն գրենք: Դա արվում էր, որպեսզի բոլորը յուրացնեն նյութը:

Մեր սերունդը, գերդաստանը Փահլուրից է`Ստեփանակերտին մոտ գտնվող գյուղ էր: Շուշիից ասպատակությունների պատճառով նախնիներս եկան Ղլշբաղ: Հայրս Ասկերանի ճանաչված «բաննահներից» (որմնադիր) էր: Բավականին հայտնի մարդ էր: Ինքը մեզ խորհուրդ էր տալիս ուրիշ մասնագիտություն ընտրել, քանի որ հին քարերը բավականին ծանր էին ու բավականին տաժանակիր էր բաննահի աշխատանքը:

Ադրբեջանցիների հետ համատեղ կյանքը

Աղդամն Ասկերանի հարևանությամբ էր: Նրանց հետ կար առևտրային, կոմերցիոն շփում, բայց սառը հարաբերությունները միշտ պահպանվում էին: Հայերին նեղություն էին տալիս: Ասկերանում  աշխատող ադրբեջանցիները հովիվներ էին: Հայրական կողմից մեր բարեկամը` Անդոն ամին շատ «զահմով» (ազդեցիկ) մարդ էր: Ադրբեջանցիները անունը լսելիս վախենում էին:

Երբ մի ադրբեջանցի սպանել էր հայի, ինքը ձին նստել էր, գնացել նրանց տուն, ոչխարը մորթել են ոտքերի տակ: Մինչ ինքը հաց էր ուտում, մեղավորին բերում էին և ստիպում  հոգալ բոլոր ծախսերը:

Նրա ամբողջ մարմնում գնդակներ էին` տասնյակ տարիներով մնացած: Իմ հայրական պապն էլ Բաքվում էր ապրում երիտասարդ տարիներին, ծառայության մեջ էր: Շփվում էր Բաքվի 26 կոմիսարների հետ: Մեր գերդաստանին բնորոշ էր նստակյաց կյանքը: Մորս հորեղբոր տղաները Բաքվի դեպքերի ժամանակ փախել էին: Մենք գամված էինք մեր հողին:

Մենք մեծ տարածք էինք վերցրել և մշակում էինք: Մեր մեծ գերեզմանում ամփոփվել է 7 գերդաստան, այդ թվում` 1992-1994 թթ. զոհվածները: Միշտ զարմանում էի, որ ադրբեջանական տարրը չի կարողացել մտնել Ղլշբաղ: Դաշպուլաղում, օրինակ, գյուղի կեսը թուրք էր, կեսը` հայ:

Մեր Կոլխոզը շատ հարուստ էր, բնակլիմայական առումով շատ լավ տեղ էր: Ջրի պակասություն միշտ կար: Ադրբեջանը պարտադրում էր, որ ոչխար պահեինք: Դե չոբան ով պիտի աշխատեր` ադրբեջանցիները: Երջանկահիշատակ Կոլխոզի նախագահ Մանգասարյան Գուրգենը մի գաղափար առաջարկեց, որ նյութ գրեմ  ոչխարաբուծության ոչ եկամտաբեր արտադրաճյուղ լինելու մասին:

73 ադրբեջանցի արդեն աշխատում էր: Գումար էին առաջարկում, որ տուն գնեն ու մնան գյուղում: Կոլխոզի նախագահը չէր համաձայնում: Եթե այն ժամանակ թողեր տուն վերցնեին, երևի շարժման ժամանակ մեզ կոչնչացնեին:

Ես այդ ժամանակ աշխատում էի Հանրային Ռադիոյում:  Թվերն ինձ ներկայացրեց և գրեցի հոդվածը ռուսերեն լեզվով: Այն լույս է տեսել «Խորհրդային Ղարաբաղ» թերթում: Ժողովի ընթացքում ելույթ ունեցա և ագրոպրոմը որոշեց բոլոր տնտեսություններում վերացնել ոչխարաբուծական արտադրությունները:

Այդպիսով ադրբեջանցիները հեռանում են, անուղղակի ձևով պայքարը հասնում է իր նպատակին: Մի անգամ ադրբեջանցի լրագրողների հետ ենք հանդիպել, որոնք մաքսիմալ հարգանքով էին խոսում մեզ հետ, նույնիսկ հայկական տեղանուններն էին գործածում: Երբեմն իրար ստեղծագործություններ էինք թարգմանում:

Բարբառը

Գյուղում խոսում էինք Ստեփանակերտի բարբառով: Ասկերանի շրջանում կային գյուղեր, որոնք տարբերվող բառեր էին օգտագործում: Խնաբադցիք գործածում էին տարբերվող բառեր: Օրինակ, իրենք ասում են շպրտել` չաթել, կոլումա` ծածկումա, հայերենում այդպիսի բառ չեմ հանդիպել:

Խորհրդային տարիները

Սովետական տարիներն ունեին նաև դրական կողմեր: Իրար միջև թշնամանքը թաքնված էր, եղբայրություն էին խաղում: 1986թ. Շուշիում մեծ միջոցառում կար` «Գրականությունների բարեկամությունը ժողովուրդների բարեկամությունն է»: Մարդիկ էին եկել` Մոլդովայից, Ռուսաստանից և այլն:

Ներքին թշնամանքը միշտ առկա էր: Ողորմածիկ Վարդան Հակոբյանին ադրբեջանցիներն ընդունում էին որպես նացիոնալիստ: Ես էի գնում, թղթաբանությունը տանում, բերում: Գաղափարախոսական, գիտական ոլորտներում ևս իրար դեմ բացահայտ գործում էին, բանավեճեր կային: Գործի առումով հայերին հետին պլան էին մղում: Ամեն տարի պլանավորում էին հայերի գրքերը տպել ու միշտ թողնում հաջորդ տարվան:

Երբ ես բողոքում էի, սպառնում էին ոստիկանություն կանչել: Սովետական իդեոլոգիան չէր թողնում, որ իրար նկատմամբ բացահայտ գործենք: Արևելյան խորամանկություն ունեն ադրբեջանցիները: Կարողանում են սուտ տեղը ժպտալ, ծիծաղել, մենք այդպիսին չէինք:

Մյուս դրականն այն էր, որ կար հնարավորություն մեր հայկականը պահելու: Հայկական Ռադիո կար, որը հայկականության մեծ դարբնոց էր: Մարզային ռադիոն հայապահպանության կենտրոն էր: Ոչ մի եկեղեցի չէր գործում, բայց ամեն գյուղ ուներ իր սրբավայրը: Մոմ էին վառում և խաչակնքում: Օբյեկտն իրենց պատկերացմամբ մեկն էր: Մերը Մեծ Նանեն էր:

Արցախյան պատերազմները

1990-ականներին սկզբից Ասկերանում էինք, երբ սկսվել էին բախումները: Ադրբեջանցիները խփում էին ալազաններով: Տրաքոցներն անսովոր էին երեխաների, կանանց համար: Նկուղային կյանք էր: 2020թ. պատերազմը օգտագործած տեխնիկայի, պայթուցիկ նյութերի ուժգնությամբ ամենաահավորն էր…

1990-ականներին բլոկադային վիճակում էինք, բայց կոլխոզների ունեցվածքը բավական էր գոյատևելու համար:

Փոքր երեխաները անմիջապես սովորել են: Իմ աղջիկը ծնվել է 1991թ. հոկտեմբերին: Իմ տարիքի երիտասարդները փոքր երեխաներ ունեին  և շատ դժվար էր դիմանալ մարտահրավերներին, բայց դիմացել ենք…

44-օրը իմ տպավորությամբ ավելի ծանր ենք տարել: 2023թ. մեր առջև փակեցին ճանապարհը և որոշեցին մեզ սպանելուց առաջ սոված պահել: Նույնիսկ կենդանիներին մատաղ անելուց առաջ մի լավ կերակրում են…Մեզ նախապատրաստել են ցեղասպանության, բայց սոված պահել, և խոսքը միայն հացի մասին չէ… Իմ թոռը մեկ տարեկան երեք ամսական էր, ու մանկական կեր չկար քաղաքում: Մայրս հիվանդ կին է, և դեղերը չկային:

Սրանք ավելի ծանր ապրումներ են, քան պատերազմը: Ներքին բնազդով էլ զգացինք, որ մեզ հանելու են:

1990-ականներին ծնողներս Ասկերանից դուրս չէին եկել, չնայած որ թշնամին ներսում էր: Չէինք հուսահատվում: Մի պահ մարդ զգում է, որ իրեն սպանելու են, անտարբեր է դառնում: Եթե երեխաների հարցը չլիներ, մեր կանայք կգնային կռվելու, մենք արդեն այդ մտածողությունն ունեինք: Շրջափակման մի դրական կողմն այն է, որ բոլորը համախմբված էին, իրար հանդեպ լավ էին, ուրիշ ձև չկար: Շրջափակման մի դասն էլ դա էր:

Անկախության տարիները

Ես աշխատում էի որպես հասարակական գործիչ, գրող: Ամեն իրադարձության ներկա էի գտնվում: Ելցինը, Նազարբաևը, Մութալիբովը եկել էին Արցախ: Ժողովը ընթանում էր, դռները փակ էին: Հետո ինձ ներս թողեցին, կարողացա համոզել: Ամբողջ պրոցեսները, բոլորի ելույթները հիշում եմ:

Արցախի հիմնը առաջին անգամ նվագելու պահին ես ներկա էի: Արտասուքս մի կերպ էի զսպում, հպարտ էի, որ Արցախը հիմն է ունենալու: Ես 28 տարեկան էի, երբ շարժումը սկսվել էր, հիմա 64 տարեկան եմ ու այն դեռ շարունակվում է:

Ես միշտ փորձել եմ արցախյան ավանդույթներին հավատարիմ մնալ: Սա մի ամբողջ կյանք է և ամեն օրն այնքան հագեցած էր, որ մի տեքստում չի տեղավորի: Ոմանց թվում է, թե արցախցիները մեծամիտ են, դա այդպես չէ, ուղղակի մենք այնքան շատ ենք տեսել վատ բաներ: Ես հիշում եմ, երբ շրջափակման ընթացքում մի կին իր երեխայի տակդիրներից մեզ համար բերեց: Այն դիմացկունությունն ու դիմադրողականությունը, որ ունեցել է արցախցին, դժվար թե ուրիշներն ունենան: Մենք իմունիտետ ենք ձեռք բերել: Մեզ արդեն ոչինչ չէր ազդում: Սթրեսների պատճառով ներկայումս մեր արցախցիների հանդիպման հիմնական վայրը հոգեհանգստի վայրերն են: Ես շատ կուզեի, որ բարոյապես, հոգեպես, ֆիզիկապես, գաղափարապես մնանք նույնը:

Հրաժեշտ քաղաքին

Ասկերանի հայրական տնից հագուստ ու իմ գրքերից մեկական օրինակ եմ վերցրել: Ես ժամանակին օրագրեր էի պահում, բայց դրանք թողեցի այնտեղ…Աստվածաշունչն ինձ ուղեկցում էր ամենադժվար պահերին, պետք է անպայման բերեի: Ամեն ինչից մարդուն կարելի է զրկել, բայց հուշերից` չէ: Կուզեի, որ մեր բանականությունը մեզ երբեք չդավաճաներ, և մենք պահեինք մեր հուշերը: Իմ ցանկությունն է, որ գնամ մեր գյուղ, ոտաբոբիկ կքայլեմ…

Տաթև Ազիզյան

f