Արցախցիների շոկային վիճակն «անցել է», մարդիկ հարցնում են իրենք իրենց. լավ, որքա՞ն ենք այսպես վարձով ապրելու

  • 15:44 17.05.2024

Հայաստանի կառավարության Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրի հաստատումը բուռն քննարկումների եւ դժգոհության առիթ է դարձել։

Բնակարանի հարցը թերեւս ամենաշատն է այսօր հուզում  արցախցիներին: Փարիզի ապարտամենտներ չեն եղել, բայց ամեն դեպքում, գրեթե բոլոր արցախցիները չորս պատ ունեցել են։ Դրա համար վարձով ապրելն այսքան սթրեսային, խորթ ու անհարմար է նրանց համար:

Մի կտոր չոր հաց, բայց իմ տանը, կամ տունս, կամ կտուրս, շունն ո՞ւր, տունն ո՞ւր, հունցու շոռ ըս տամ, էլհա բիդի տոն ըս կյամ (ուր գնում, մեկ է` հետ տուն ես գալիս), սաղ կյանքս տոն ում տիրալ (ամբողջ կյանքս տուն եմ կառուցել): Տան մասին այսպիսի բազմաթիվ ասացվածքներ կարելի է հիշել արցախյան բարբառում, որ բնութագրում է, թե ինչ է նշանակում տունն արցախցու համար առհասարակ:

Տատիկս պատմում էր, որ մեր գյուղի տան թիթեղները սոված մնալով եւ ձու վաճառելով են գնել եւ կտուր կառուցել (ամոթ է, հարեւաններից հետ չմնանք), որի տակ ավելուկ էինք չորացնում ձմեռվա համար: Արցախյան առաջին պատերազմից հետո այդ թիթեռները սիրուն փռվել էին գետնին, երբ ադրբեջանցիները վառել են տունը: Նույն թիթեղներով նորից տուն ենք կառուցել, որը հիմա գտնվում է ադրբեջանցիների ձեռքին: Ո՞վ գիտե, գուցե տեղաշորն ու բարձերը դուրս են նետել, ինչպես Ստեփանակերտում:

Քա՞նի տարի են մարդիկ բանակում ծառայել, սպասել, որ վերջապես բանալի ունենան Ստեփանակերտի Արցախ թաղամասում:

Բնակարանամուտ Ստեփանակերտում

Սակայն այնպես է ստացվել, որ հիմա ամեն մեկս մի վարձով տան նստած նայում ենք մեր դատարկ տներին:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությունն արցախցիները տան վարձ են տալիս, գուցե «մի քիչ» էլ ավելացնելով: Հայտարարվել է, որ հունվարից արցախցիներին տրամադրվող 40+10 աջակցությունը համատարած չի լինելու այլեւս:

Տեղահանումից իննը ամիս անց դժվար թե արցախցիների խնդիրը կարելի լինի լուծված համարել: Քաղաքական զարգացումներից կարելի է երկար խոսել, ենթադրություններ անել, հույսեր պահել, ադրբեջանցիների նման երեսուն տարի սպասել, սպասել Ուկրաինայի պատերազմի ավարտին, սակայն սոցիալական խնդիրները թվում է թե գնալով միայն դժվարանում են:

Այս ընթացքում բազմաթից հրապուրիչ գաղափարներ են հնչել արցախցիներին Հայաստանում ինտեգրելու, Սյունիքում բնակեցնելու, քանի որ բարբառները մոտ են, համայնքային կյանքը, ժենգյալով հացն ու թրթերուկը եւ այլն…: CivilNet-i հետ հարցազրույցում այս մասին խոսել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ավելի «ստարժավոր փախստականները», հադրութեցիները նույնպես առաջարկում են, որ կառավարությունը տարածք հատկացնի, որպեսզի նրանք տներ կառուցեն եւ համայնքով ապրեն միասին:

Սակայն պրոցեսները շատ արագ են ընթանում, կյանքը շարունակվում է բոլորովին այլ հունով, իրականությունն այլ բան է ցույց տալիս: Արցախցիների շոկային վիճակն «անցել է», հիմա մարդիկ հարցնում են իրենք իրենց. լավ, որքա՞ն ենք այսպես վարձով ապրելու, երեք միլիոնով ո՞նց ենք տուն կառուցելու, սա ծուղակ է, լավ է գնանք, ասում են շատերը:

«Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը կարելի էր վերնագրել. «Արցախցիների Հայաստանից արտագաղթի մղելու ծրագիր» կամ «Խնդիր ունեցող համայնքներից բնակիչներին արտագաղթի մղելու և նրանց արցախցիներով փոխարինելու ծրագիր», գրում է Հայկ Խանումյանը:

Անկեղծ ասած, երբ տեսնում ես, որ Սումբաիթից, Բաքվից, Բանանցից փախստականները դեռ գետնի վրա տնակներում են ապրում (էլ չեմ խոսում երկրարժի հետեւանքով տուն կորցրած մարդկանցից), դա հույս չի ներշնչում, որ արցախցիների բնակարանային ծրագիրը հաջողություն կունենա, չնայած որ այն Հայաստանի կառավարությունը լավ ծրագիր է համարում:

Քաղաքներ, որտեղ արցախցիները բնակարանային ապահովման ծրագրով կարող են ստանալ.

1 շնչին 5 մլն դրամ

Ճամբարակ

Գորիս

Դաստակերտ

Բերդ

1 շնչին 4 մլն դրամ

Վարդենիս

Շամլուղ

Կապան

Մեղրի

Ագարակ

Սիսիան

Քաջարան

Վայք

Նոյեմբերյան

Այրում

Սա առանձնացնում եմ այն պատճառով, որ ամենայն հարգանքով բոլոր սահմանամերձ գյուղաբնակ մեր ժողովրդին, բայց նշեմ, որ ամբողջ կյանքում քաղաքային կամ ավանատիպ բնակավայրերում ապրած ու կյանքում գեթ մեկ օր գյուղատնտեսությամբ չզբաղված մարդկանց սահմանամերձ բնակավայրերում տեղավորվող կառավարության գլխին կախված է մեկ այլ ավելի մեծ սոցիալական խնդիր` այս մարդկանց աշխատանքով ապահովելը, — գրում է արցախցի Սեյրան Մայիլյանը:

Աչք է շոյում, երբ Եվրոպայում տեսնում ես, թե ինչպես են բնակելի տներ կառուցում, ինչպես է շինարարական աղբը տոպրակներում տեղավորում, մայթերին այնպիսի կորություն է տված, որ անձրեւաջրերը տեղ ունենան գնալու, ծառերը տեսք ու ստվեր ունեն: Պարզ երեւում է, որ շինարարությունն ավարտ ունի: Իմ աչքն ուրիշի սեփականության վրա չէ բոլորովին, բայց ապշեցնում են Երեւանի դատարկ ու մռայլ երկնաքերերը, ավարտ չունեցող այս անվերջ շինարարությունը: 2016-ին եմ ապրել Երեւանում, այսօր էլ նույն պատկերն է. հարյուրավոր դատարկ տներ, հազարավոր անտուն:

Այդպես է, եւ տուն կորցնելն է դժվար, եւ տուն կառուցելը:

Մարութ Վանյան

f