Անկախ ամեն ինչից, դու քո Հայրենիքը պետք է սիրես․ ուսուցչի պատգամը
Ռուզաննա Հայրապետյանն իր կյանքն առանց դպրոց չէր պատկերացնում, 35 տարի աշխատել է դպրոցում, աշակերտների համար բացել մաթեմատիկայի ու ֆիզիկայի գաղտնիքները։ Ասում էր` ոչ մի առիթ չէր կարող պատճառ դառնալ դպրոցից բացակայելու համար։ Տիկին Ռուզաննայի վերադարձի հույսը չի մարել, ասում է` 99 տոկոսով հավատում եմ, բայց են մի տոկոսը շատ է խանգարում, երբ նայում եմ պատմական փորձին, թուրքը դեռ ոչ մի բռնազավթած հողակտոր չի վերադարձրել։
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Հայրապետյանը Արցախի էթնիկ զտման արդյունքում հայտնվել է Այնթապ գյուղում։ Շատերի նման նա էլ է ստիպված նոր մասնագիտություն ձեռք բերել ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Արդեն 3-րդ ամիսն է զբաղվում է կարուձևով։ Դեռ 2020 թվականի պատերազմից հետո, երբ վերադարձել են Ասկերան, այնտեղ մաս է կազմել «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ-ին, որը օգնում էր շրջանի ձեռներեց կանանց զարգացնելու իրենց փոքր բիզնեսները։ Ասկերանում նա փորձել է մանկավարժությանը զուգահեռ զբաղվել նաև թռչնաբուծությամբ։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված պատերազմը խափանել է բոլոր ծրագրերը։
«Հայաստանում որոշել եմ զբաղվել կարուձևով, ձեռագործությամբ»,- ասում է տիկին Ռուզաննան։ «Ի բարեբախտություն մեզ՝ «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իր գործունեությունը շարունակում է նաև Երևանում, որի միջոցով ես ձեռք եմ բերել կարի մեքենա և կարում եմ մանկական անկողնային պարագաներ, փոքրիկ բարձիկներ, ուժերս փորձում եմ նաև ձեռագործության, ասեղնագործության մեջ։ Սկզբից ինքնուս էի, սովորում էի համացանցում տեղադրված ուսուցողական տեսանյութերից, հիմա ես մասնակցում եմ «Բարի մամա» բարեգործական ծրագրի երկամսյա դասընթացներին նոր հմտություններ ձեռք բերելու, ինչու չէ նաև ընդլայնվելու համար։ Անկեղծ ասած ձեռքի աշխատանք միշտ սիրել եմ, որը գենետիկորեն գալիս է մորական կողմիցս, ովքեր հայտնի էին գորգագործությամբ, կարպետագործությամբ։ Երևի դա էր պատճառը, որ ընտրեցի այս ուղղությունը։ Իսկ թե ինչքանո՞վ է ճիշտ ընտրությունը, ցույց կտա ապագան»։
Առայժմ տիկին Ռուզաննան սեփական արտադրանքը իրացնում է համացանցի միջոցով, այդ հարցում նրան օգնում են աղջիկն ու հարսը։ Հետագայում մտածում է համագործակցել նաև խանութների հետ։
Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի
-Եթե ընձեռվի վերադարձի հնարավորություն, կվերադառնա՞ք։
– Ես հա, կվերադառնամ, չնայած մտածում եմ, նման դեպքում ես մենակ կգնամ, երեխաներիս դեռ չեմ տանի, բայց վստահ եմ՝ տղաներս ինձնից առաջ են գնալու։ 5 տարեկան թոռս ասումա՝ տատի, մի մտածի, հեսա ես զինվոր դառնամ, կգնամ Արցախը կազատագրեմ, որ դուք էլ գաք։ Ցավոտ հպարտությամբ ժպտում է․․․
– Իսկ ի՞նչ պայմաններով կվերադառնա՞ք։
– Եթե Ադրբեջանի կազմում լինենք, դա բացառվում է։ Խորհրդային տարիներին էլ, երբ իբր հարևաններ ենք եղել, վախը մեր մեջ միշտ եղել է։ Մենք չպետք է Բաքվին ենթակա լինենք, ուզումա ինքնավարության պայմաններում, ինչ ուզումա լինի, դա պետք է բացառել։ Ու անկախ նրանից, թե ինչ միջազգային երաշխիքներ կլինեն, մենք պետք է անվտանգության սեփական երաշխիքն ունենանք։ Որ քաղաքական շահերի փոփոխության դեպքում, էլի մանրադրամ չդառնանք, ոնց որ այս անգամ։
Ռուզաննա Հայրապետյանը շատ է կարոտում իր դպրոցը, ուսուցչական կոլեկտիվը աշակերտներին, որոնց հետ իհարկե կապը պահում է։ Մտքով անգամ չէր անցել, թե երբևէ այդ ամենը կդառնա թանկ մի հուշ, որին վերաբերվում է գուրգուրանքով։
– Որպես մանկավարժ, ի՞նչ կասեք Ձեր աշակերտներին։
– Կասեմ անկախ իշխանություններից, թե ովքեր են, դու քո Հայրենիքը պետք է սիրես ու պայքարես այդ Հայրենիքի համար։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: