Արցախցիները չեն պատրաստվում օգտվել բնակարանային ծրագրից. Step1.am-ը լսել է բողոքները

  • 21:04 21.05.2024

Ստեփանակերտ, 2023, սեպտեմբերի 25

Նորերս հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանն օնլայն հարցում է անցկացրել, որի արդյունքներիը ցույց են տալիս, որ հարցվածների 89%-ը չի պատրաստվում օգտվել բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության հաստատած բնակարանային ծրագրից եւ միայն 11%-ն է հավանություն տվել դրան:

Մայիսի 13-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, ըստ որի նախատեսվում է.

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրել

֏ 5 մլն. 240 համայնքներում
֏ 4 մլն. 148 համայնքներում
֏ 3 մլն. այլ համայնքներում
֏ 2 մլն. հիփոթեք մարելու համար

 Բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը նախատեսվում է մեկնարկել մեկ ամսից, եւ այն կգործի մինչեւ 2029 թ.: Ծրագրով նախատեսվում է բնակարանով ապահովել 25 հազար ընտանիք:

Թվում է, թե ծրագիրը օգտակար պետք է լիներ արցախցիների համար, հաշվի առնելով, որ բնակարանային հարցը մտահոգիչներից է, եթե ոչ ամենամտահոգիչը, սակայն մարդիկ հարցեր են բարձրացնում, որոնք ե՛ւ յուրահատուկ են, ե՛ւ միանման: Փաստն այն է, որ պոտենցյալ շահառուների մեծամասնությունը դեմ ու դժգոհ է ծրագրից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մայիսի 7-ին ասուլիսի ժամանակ ասել է, որ սա «բավականին լավ ծրագիր է»:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրների բնակարանային ծրագրի հետ կապված պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք առաջիկայում կառավարության նիստի ժամանակ կընդունենք ծրագիրը եւ կարծում եմ, ստացել ենք բավականին լավ ծրագիր: Երեք ուղղությամբ պետք է աջակցենք. առաջինը բնակարան կառուցելու, երկրորդը` տներ ձեռք բերելու եւ երրորդը, որը կարեւոր նյուանս է, որը էլի ենթածրագիր է առաջինի կամ երկրորդի, մենք նաեւ կարեւոր որոշում ենք կայացրել, որ այն մարդիկ, ովքեր ունեն գործող հիպոտեկային վարկ, իհարկե որոշակի սահմանափակումներով, որպեսզի սոցիալական այդ ճիշտ բալանսաորումը չկորցնենք, այսինքն նախկինում բնակարան են ձեռք բերել, բայց վարկը մարված չէ, մենք այդ նույն տրամաբանությամբ եւ չափաբաժիններով աջակցություն կցուցաբերենք նաեւ նրանց: …եթե վեց հոգանոց ընտանիքը հնարավորություն է ունենալու ստանալ երեսուն միլիոն դրամի աջակցություն եւ պարզ է, որ երեսուն միլիոն դրամն արդեն մի գումար է, որով կարելի է բնակարան կառուցել եւ այլն…», – ասել է Փաշինյանը:

Մայիսի 16-ն կառավարությունը հաստատել է ծրագրը, ըստ որի Արցախից տեղահանված ընտանիքի ամեն մի անդամի նախատեսվում է տրամադրել՝ 5 միլիոն դրամ, եթե ընտրի պետության առաջարկած (սահմանամերձ) գյուղական 240 համայնքներից մեկը:

Step1.am-ը լսել է, թե որոնք են բռնի տեղահանված արցախցիների հիմնական դժգոհությունները

Ռիտա Բեգլարյան. «Ես 3 սենյականոց տուն եմ ունեցել մայրաքաղաք Ստեփանակերտում` պապական օջախս։ Մայրս թոշակառու է, վատառողջ, անչափահաս երեխայի մայր եմ, ամուսինս չկա, հայրս մահացել է։ Միակ աշխատունակը ես եմ, սակայն մինչև հիմա աշխատանք չունեմ։ Տան վարձը 40+10 դրամ ծրագրով եմ վճարում (ծրագիրն ավարտվելու է 2024-ին), ապրում ենք մորս թոշակով համակերպված։ Թող իմ բոլոր հայրեկացիները տուն ձեռք բերեն, ես չեմ նախանձում, բայց ստացվում է, որ ես մի երեխա ունեմ եւ ամենավերջին կատիգորայում եմ հայտնվելու ինքնաբերաբար: Ես ինչպե՞ս տուն կառուցեմ կամ ի՞նչ պիտի վաստակեմ, որ կարողանամ հիփոթեք փակել, զուգահեռ էլ ընտանիք պահել։ Թող սխալ չընկալվի, ամենայն հարգանքով գյուղացիների հանդեպ, բայց ես ամբողջ կյանքս քաղաքում եմ ապրել, ինչպե՞ս գնամ գյուղում ապրեմ, այն էլ` սահմանամերձ։ Ուղղակի շատ անարդար է այս ամենը: Միայն մեր տան նկարներն են մնացել ու ամենաահավորը` անմեղ զոհերի ու հարազատների գերեզմաներ ենք թողել…»:

Պոլինա Սարգսյան. «Երեք հոգի ենք ընտանիքում. ես, աղջիկս ու մայրս: Աշխատանք չունենք: Հազիվ բնակարանի վարձ ու կոմունալներ ենք վճարում, մորս թոշակը կոպեկներ են: Ի՞նչ եք կարծում, այդ գումարով  կարո՞ղ ենք ինչ-որ բան գնել։ 3 սենյականոց բնակարան, ամառանոց, արտադրամաս եմ թողել: Ո՞նց դիմանակ այս ամենին, ավելին, վճարել առաջարկվող մղձավանջի համար»:

Էլենա Ղազարյան. «Շատ վատ մշակված ծրագիր է։ Նախ քաղաքացիություն պարտադրել նշանակում է վերջնականապես ջնջել Արցախը։ Նորի՞ց սահմանամերձ տարածքում ապրել, նորի՞ց վերապրել անցածը։ Տրամադրվող գումարն ու տան արժեքները չեն համապատասխանում։ Բնակարանով պարտավոր են ապահովել միայն փախստականների կարգավիճակով։ Մարդիկ ի վիճակի չեն վարկ մարել եւ ընդհանրապես, մենք մեր Արցախն ենք ուզում, մեզ գումար պետք չէ»։

Գոհար Առստամյան. «Այդ ծրագիրը ձեռնտու է լինելու միայն բազմազավակ ընտանիքների համար, մյուսներին` ոչ»:

Մագա Էդուարդովնա. «Ցավալին այն է, որ նրանք, ովքեր վարձով էին ապրում, վազելով գնալու եւ օգտվելու են ծրագրից, իսկ ովքեր տուն, վկայական են ունեցել եւ ունեն, լուսանցքում են մնալու: Ես մի առաջարկ ունեմ. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատերը հատել են ՀՀ սահմանը, կեսն էլ մայիսի վերջին կհատեն։ Թող հարցում կատարեն, թե քանի՞ տասնյակ հազարավոր արցախցիներ կմնան, գնացողների սերտիֆիկատի գումարները ավելացնեն մնացողների համար։ Ինձ թվում է, վարկ վերցնելու իմաստ էլ չի լինի։ Մի ծրագիր բացեն աշխատատեղերի համար, կմտնենք կաշխատենք, կարևորը վարձ չենք տա։ Պետությունը կշահի, մենք էլ հանգիստ կապրենք»:

Էմանուելա Խաչատրյան. «Ընտանիքս չորս հոգուց է բաղկացած: Ըստ ծրագրի մեզ ենթադրվում է հատկացնել 12 մլն. դրամ: Դրանով մեկ սենյականոց տուն էլ չես գնի: Դա պարզապես խայտառակություն է»:

Նունե Գաբրիելյան. «Ընտանիքս 3 հոգուց է բաղկացած։ Ստեփանակերտից հետո ինչպե՞ս գնամ մի կորած գյուղում ապրեմ։ Մենք սեփական բնակարան ունեինք` կահավորված ամեն ինչով։ Ինչո՞ւ իմ վկայականին համապատասխան բնակարան չեն առաջարկում: Ես ի վիճակի չեմ հիփոթեք մարել»:

Մախմուր Խաչատրյան. «Ես եւ երեխաներս երեք տուն ենք կորցրել Արցախում: Վարկով տո՞ւնը որն է: Թող փոխհատուցեն, ոչ թե վարկով տուն առաջարկեն»:

Լիդա Գաբրիելյան. «Ավելի լավ է կառավարությունն այդ գումարն ուղղորդի մեզ ժամանակավոր կամ մշտական կացարանով ապահովելու համար»:

Արսեն Թորոսյան. «5 մլն առաջարկվում է այն ընտանիքներին, ովքեր սահմանին մոտ տուն ձեռք կբերեն։ Ինչի՞ համար, որ նորի՞ց տանք թշնամուն»։

Ժորա Հայրապետյան. «ՀՀ Քաղաքացիություն ընդունելու պարտադիր պահանջ է դրված, ընդ որում` ընտանիքի բոլոր անդամների համար»։

Ցավալի փաստ է, որ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում: Հաճախ տեղացիները սոցիալական ցանցերում «կծու մեկնաբանություններ» են թողնում, թե ինչո՞ւ են արցախցիները հենց Երեւանում ցանկանում բնակվել, թող գնան մարզեր, գյուղեր: Ես հիշում եմ, որ նույն խնդիրը Արցախում կար, երբ 2020թ. պատերազմից հետո հադրութեցիները, շուշեցիները եւ իրենց տները կորցրած գյուղացիները հիմնականում նախընտրում էին Ստեփանակերտում ապրել, ասելով, որ աշխատանք միայն մայրաքաղաքում է հնարավոր գտնել:

Բոլորն էլ հարմարավետ կյանքով են ուզում ապրել: Կառավարությունը փորձում էր քաղաքացուն (հադրութեցուն օրինակ) քաղաքում, Ստեփանակերտում տուն տալ, իսկ Հադրութին կպած գյուղացին ասում էր, թե ինքն ինչո՞վ է պակաս, ասում, որ նա իր նման անասուն էր պահում, գյուղատնտեսությամբ զբաղվում Հադրութում, ինչո՞ւ ես գյուղ գնամ, իսկ նա քաղաքում բնակարան ստանա: Ինչեւէ, այդպես էլ ոչ ոք բնակարան չստացավ: Ավելին, այն ունեցողն էլ կորցրեց:

Հակառակն էլ կա:  Աղվերանում տեսել եմ, թե ինչպես են տեղահանված արցախցիներն ապրում կոկիկ, մաքուր հյուրանոցում, որտեղ օրը երեք անգամ առատ սնունդ էին տրամադրում, կամավորականները շոր, կոշիկ էին բերում նրանց ու նրանց երեխաների համար, սակայն զրուցելով, պարզվում էր, որ չորս աստղանի հյուրանոցը պարզապես «բանտ» է այդ մարդկանց համար: «Բանտարկյալի նման շարքով գնում ենք օբեդ, շարքով մտնում համարներ: Ամեն գիշեր բոստանս տեսնում եմ, կարմիր բողկը, լոբիները` կանաչ-կանաչ կախված, վարունգի թաղը, պոմիդորները: Մեծ մարդ եմ, բայց ուզում եմ Հայաստան մի հողակտոր գնել, տուն կառուցել, բոստան անել: Չեմ կարո՞ղ», – հարցնում էր ինձ մի արմենավանցի պապիկ:

Այսպիսի դեպքեր շատ է լուսաբանվել, գովաբանվել հայաստանյան մեդիայում, գուցե նաեւ կարծիք ձեւավորել, որ արցախցիների մոտ «լոխ լյավ է» այլեւս: Ինչքա՞ն պինդ է արցախցին, նորից ուժ է գտնում, արարում, ստեղծում: Թերեւս կհիշեք անեկդոտը. վարկ, սով, բլոկադա, պատերազմ, ամեն ինչի դիմանում են… Ինկ փորձե՞լ եք կապտաթթու լցնել… Միս ու արյուն են: Վստահաբար կարելի է ասել, որ յուրաքանչյուրն էլ այսպես կնայի իրերին, եթե հայտնվի արցախցիների վիճակում (Աստված չանի):

Կարող եք չհամաձայնել, բայց ես այնպիսի տպավորություն ունեմ (տա Աստված, որ ես սխալվեմ), որ մի նոր սոցիալ-հոգեբանական դժվարությունների փուլ է սկսվել «բռնի տեղահանված քույրերի ու եղբայրների» մոտ:

Այնպես էլ չէ, որ ուրիշ երկրներում այնքան հեշտ լուծվում են փախստականների խնդիրները: Գերմանիայում բնակվող իմ ընկերներից մեկը նկարագրում էր, թե ինչ ծանր հոգեբանական վիճակում են գտնվում այդ երկիր արտագաղթած հայերը: «Անգամ նրանց հետ աշխատած հոգեբանի դեմքին նայել չէր լինում, պատկերացրու հենց այդ մարդկանց վիճակը», – ասում էր նա:

Նունե Պողոսյան. «Արցախցիներին բնակարանով ապահովվելու ծրագի՞ր: Ո՞վ է այն մտահղացել: Այլ կերպ ասած, ով հարուստ չէ, հնարավորություն չունի ինքնուրույն գլխի ճարը տեսնել, թող ռադը քաշի, հա՞: Նման պայմաններով ոչ ոք ոչ մի տեղ հնարավորություն չի ունենալու սեփականություն ձեռք բերել: Լավագույն դեպում 1000 ք/մ հող… Դե գնա հող կեր` ապրի… Մեր ընտանիքում 5 հոգի ենք»:

Բնակապահովման ծրագրի հաստատումից հետո շատերը կարծիքներ են հայտնել, որ դրա անարդյունավետ լինելու մասին: Արտակ Բեգլարյանն օրինակ արտագաղթը խթանելու ծրագիր է անվանել այն:

Բանն այն է, որ արտագաթելու տեղ էլ չկա: Ո՞ւր պիտի գնաս սուզանավից: Առաջվա Ռուսաստանը չէ, Շենգեն մետրոյի ժիտոնի պես հեշտ չես ստանա, Արցախ վերադառնալն միայն պատկերացում ու երազանք է, մնում է Հայստանում դեսուդեն գնալ, վարձով մի տնից մյուսը, մի քաղաքից մյուսը: Ստաց 40 +10 հազարդ քանի կա, եւ ապրիր, ինչպես կարող ես, արցախցիների թեման փակված է, եւ ընդհանրապես, հիմա Կիրանցի թեման է «մոդա»:

Մի խոսքով, սա շատ բարդ ու բազմաշերտ խնդիր է եւ դժվար թե երեք միլիոն դրամ բաժանվելով լուծվի: Դժվար թե երեք ամսում կամ երեք տարում լուծվի: Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է տանելու:

Մարութ Վանյան

f