Ամեն ինչ կանեմ, որ ձեր տղաները չծառայեն․ ինչպես է Փաշինյանը «համոզել» հայերին

  • 11:06 22.05.2024

Նիկոլ Փաշինյանը ժողովրդագրական նոր ռազմավարությունը քննարկելիս ասել է, որ “հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ, մասնավորապես՝ ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում”: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ ոք չունի վիճակագրություն, թե այս կոմբինացիայի առումով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է զրկվել պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ամենաազդեցիկ նախընտրական թեզը՝ «ամեն ինչ կանեմ, որ ձեր տղաները խրամատներում չհայտնվեն եւ չզոհվեն (ուրիշի հողի համար)» թույլ է տվել նրան ոչ միայն վարչապետ դառնալ, այլեւ վերընտրվել աղետալի պատերազմից հետո եւ մինչ օրս վայելել քաղաքացիների մի մասի վստահությունը։

Հայոց բանակում ծառայելը, հատկապես՝ սահմանների ղարաբաղյան հատվածում, յուրաքանչյուր ընտանիքի համար ողբերգություն էր ընկալվում։ Չնայած, որ ծառայելը իրոք մեծ ռիսկեր էր պարունակում՝ եւ թշնամու ագրեսիվ պահվածքի, ու բանակում տիրող անառողջ մթնոլորտի պատճառով, սակայն տարվող ագրեսիվ հակաբանակային քարոզչությունն ավելի ազդեցիկ էր։ Եւ իրոք մարդիկ իրենց երեխաներին 12 տարեկանից հանում էին երկրից, հիմա էլ մեծ իրավական դժվարությունների բախվում։

Ինչպե՞ս Փաշինյանը «լուծեց» «ձեր տղաների» բանակում չծառայելու հարցը։

Նախ՝ 2020 թվականի պատերազմով եւ 2023-ի Արցախի հարցի վերջնական «փակումով»։ Սակայն այդ ամենը ոմանց «տղաների» 4000 կյանք եւ 12,5 հազ․ ք․մ հայոց հող արժեցավ։ Ինչպես ինքը Փաշինյանն էր ասում, եթե չլինեին կորուստներ, իրեն կմեղադրեին դավաճանության մեջ։ Բայց Հայաստանից տղաները էլ չգնացին ղարաբաղյան խրամատներ։ Դա, իհարկե, չի խանգարել, որ Ջերմուկում մեկ օրում 200 հոգի զոհվեն։ Բայց Տեղ գյուղի եւ որոշ տեղերի մարտերը, որտեղ կրակ բացելու հրաման չտրվեց, ապացուցեցին, որ բանակը արդեն “վերափոխվում է”։

Երկրորդ՝ բանակի վարկանիշը զրոյացնելով՝ 11 հազար դասալիք, «դավաճան» զինվորականներ, Մանվել Գրիգորյանի տուշոնկա եւ այլ։ Դա շատ ավելի մեծ արտագաղթ է առաջացրել, քան նախկինում, բայց ապացուցվում էր, որ «ձեր տղաները» չպիտի ծառայեն նման բանակում։ Ւսկ ծառայելը ոչ թե սահման պահել է /մենք սահման չունենք/, այլ Եռաբլուր։

Երրորդ՝ Սահմանադրություն փոխելու եւ պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու փորձերով․ իշխող կուսակցությունը, «լուծելով» Ադրբեջանի հետ խնդիրն, ասում է, որ սահմանին զինվոր արդեն պետք չի լինելու, եւ քանի որ նաեւ խաղաղություն է լինելու, բանակը արդեն «իր գործով կզբաղվի»։ Թե ո՞րն է լինելու գործը, չի ասվում։ Սակայն վաղուց են արդեն ասում, որ ժամկետային բանակը միայն բեռ է պետության վրա, եւ պետք է անցնել «ներքին գվարդիաների» գաղափարին։ Ալիեւն էլ է զարմանում, թե ինչի համար է Հայաստանին բանակ։

Սակայն Փաշինյանի խոսքերը ժողովրդագրության մասին վկայում են, որ գործը հասել է չորրորդ հանգրվանին․ եթե պետություն չլինի, ձեր տղաները խրամատներում չեն լինի։ Կամ կծառայեն «մեր ադրբեջանական բանակում»։

Նաիրա Հայրումյան

f