Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը “սաղ-սաղ թաղել է” հայկական “էլիտային”

  • 19:22 22.05.2024

«Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը պարտադիր ուժ ունի եւ պետք է ամբողջապես իրականացվի ամենայն մանրամասնությամբ։ Մենք պահանջում ենք նաեւ, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին եւ համապարփակ տեղեկատվություն տրամադրի անհետ կորած անձանց վերաբերյալ։ Արդարությունը եւ մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ արձակվեն՝ առանց հետաձգումների»,- ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։

«Ես ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձություններից, որոնք ցնցեցին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը։ Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեցին այն անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետեւանքով, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրեց։ Այս իրադարձությունը ոչ միայն մեծ տեղահանում է առաջացրել, այլ նաեւ սպառնում է Հայաստանի մշակութային արժեքներին։ Մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության եւ պատմության ջնջմանը Պատմական ճշմարտության հիշողությունը եւ ճանաչումը կարեւորագույն գործոններ են՝ ապագան կառուցելու համար»,- հայտարարեց նա։

Կլոդ Վիզլերն անդրադարձավ նաեւ Արցախի կարգավիճակի հարցին։ «2020 թվականի հոկտեմբերին ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց հայտարարություն, որով խստորեն դատապարտում էր 1994 թվականի զինադադարը խախտող ռազմական գործողությունները։ Խորհրդարանականները միաձայն դատապարտեցին արտաքին միջամտությունը, հատկապես Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Նույն տարվա դեկտեմբերին պատգամավորների պալատը վերահաստատեց  իր դիրքորոշումը՝ շեշտելով, որ կրիտիկական կարեւորություն ունի նախաձեռնելու համապարփակ քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը»,- նշեց նա։

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի խոսքը հայոց խորհրդարանում՝ ամոթանք է հայ պատգամավորներին եւ կառավարությանը։ Նշված թեզերը՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման պարտադիր ուժի, Բաքվի կողմից պահվող բոլոր ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու, 1994 թվականի զինադադարը խախտող ռազմական գործողությունների դատապարտման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանն ուղղված քաղաքական գործընթացներ նախաձեռնելու մասին՝ այն է, ինչով հայկական էլիտան պետք է զբաղվեր վերջին 4 տարին։  Եթե այն սպասարկում է հայկական, այլ ոչ թե օտար շահեր։

Սա նույնիսկ ապտակ չէ՝ սաղ-սաղ թաղել է։ 

f