Մանկությունս անցել է Արցախի Քոլատակ գյուղի չքնաղ բնությունը վայելելով: Քոլատակը միշտ հայկական էր: Մենք ունենք Հակոբավանքը, որն անվանում էին նաև Մեծարանաց վանք: 7-րդ դարում կառուցված վանքը վկայում է, որ այդտեղ միշտ հայեր են ապրել: Գյուղի եկեղեցում սովետական տարիներին թատերական խաղեր էին բեմադրում, ես փոքր տարիքից ծակուծուկերով հետևում էի:
Մեր գյուղում մի հյուսն կար: 1915 թ. կոտորածի ժամանակ փախել էր, ընտանիք կազմել և նրա կյանքի պատմությամբ էլ նրան անվանեցին` Գաղթական դայի:
Մանուկ հասակում հաց ուտելիս չեմուչում էինք անում: Մաման ասում էր` «հացդ կեր, հազեր թորքը եկալչի, հանցու սոված չփախչիս»: Միջադեպեր շատ են եղել: Օրինակ, իմ ծառայության տարիներին երեք թուրք զինվոր գլխատել են մի հայ կնոջ Քռասնի գյուղի մոտակայքում: Երեխան իր մոր գլուխը գետի միջից է գտել:
Փոքր հասակից հայրս որոշեց ինձ տանել Շուշիի ինտերնացիոնալ գիշերօթիկ դպրոց, որի տնօրենը հայ էր` Խաչատրյան Արսենը: Ադրբեջանցի երեխաների հետ թշնամանքի պատճառով դպրոցում ամեն օր ծեծկռտուք էր: Ճիշտ է, միշտ իրենց ծեծում էինք և տնօրենը նեղվում էր:
Շուշիից հետո տեղափոխվում եմ Ստեփանակերտ: Քննություն եմ հանձնում բժշկական համալսարան ընդունվելու համար, այնուհետև եղբայրս Բաքվից հորդորում է, որ ընդունվեմ մեխանիզացիայի բաժին: Այնինչ` դերասան դառնալն իմ ճակատագիրն էր: Մի տարուց հետո սկսում եմ մասնակցել տարբեր թատերական խմբակների: Ժողովրդական դերասան Միքայել Հարությունյանը մի ամիս շարունակ ստուգում էր ունակություններս: Տաղանդից բացի ունեի նաև աշխատասիրություն: Բոլորը զարմանում էին, որ ամբողջ Թումանյանն անգիր գիտեմ:
Կարիերաս սկսելու գործում ճակատագրական է դառնում ներկայացման օրը կենտրոնական դերակատարներից մեկի բացակայությունը: Առաջարկում եմ խաղալ նրա փոխարեն և այդպիսով «փրկում եմ» ներկայացումը: Հաջորդ օրն ինձ թատրոնում ընդունում են որպես դերասան: Ծառայությունից հետո Մոսկվայում դերասանական վարպետության կուրսերն ավարտեցի և ահա 60 տարի է թատրոնն իմ տարերքն է:
Մենք բոլորս խոսում էինք Արցախի երգեցիկ բարբառով: Հետաքրքիրն այն է, որ բարբառն ընդհանուր է, բայց` ճյուղավորված, և համարյա ամեն գյուղ իր բարբառն ունի, սովորույթները: Ռադիոյում երգիծական շարք էի վարում բարբառների մասին: Կարողանում էի բոլոր բարբառներով խոսել: Մեր տանը, մեր ընտանիքում, 8 երեխա էինք, կեսը Մարտակերտի վար-ով էր խոսում, կեսը վեր-ով: Շատերը խրտնում են բարբառից, հուշտ (խուսափել) են լինում, չեն ուզում լսել, բայց այն շատ քաղցր, շատ մաքուր լեզու է: Եթե այս ձևով շարունակվի, այն ընթացքում կվերանա:
Եթե 1990-ական թթ-ի կեսի չափ հայրենասիրություն ունենայինք` այս օրերը չէինք տեսնի: Մի մարդու նման պայքարում էինք: Շատ լավ եմ հիշում հանրահավաքները: Գյուղերից հաց էին բերում հրապարակում կերակրում ժողովրդին, ոչ թե բլոկադայի ժամանակ հացի հերթերում իրար փրթում ու ասում` սա է հայը: Այն տարիներին մեծից փոքր հայրենասիրությամբ էին տոգորված:
Նկուղներում ինձ հետ միասին շատերը ներկայացումներ էին բեմադրում: Ժողովրդին ոգեշնչում էինք, դա մեր գործն էր: Ասմունքի խաղացանկում մեծ տեղ էի տալիս հայրենասիրական թեմաներին: Հոյակապ էր ամեն ինչ, զգում էինք, որ պետություն ենք կերտում: Մութ ու ցուրտ օրերին ներկայացում էինք խաղում, թատրոնը թնդում էր ծափահարություններից` չնայած ամեն օր 10-15 զոհ ունեինք: Անգամ առաջնագծում էինք ներկայացումներ կազմակերպում: Այսօր այդքանը ջնջել են, ջուրը նետել: Վախենում են Արցախ բառն ասել: Հայատանը իմ հայրենիքն է, բայց ինչպես է, որ մի աթոռ չունեմ այստեղ նստելու, տեղ չունեմ: Վարձավճարներն այնքան են թանկացրել, որ սա հայի պահվածք չէ:
Մենք չճանաչված պետություն էինք, բայց ամեն ինչում ամենաօրինակելի պետություններից մեկն էինք: Հիասթափած եմ Երևանի բնակչության այն խմբերից, որ երեխա ունենալու փոխարեն շուն ու կատու են պահում: Ազգի կեսը մոռացել է, որ տղան տղա է, աղջիկը` աղջիկ: Մեր թվաքանակը չի աճում… Հասել ենք այն օրերին, որ ամաչում ես, որ հայ ես: Պատմությունը շրջում են, և մենք լրիվ ցրված ենք: Չի կարելի…
Վերջին բռնատեղահանումը… Կոմիտասը տեսել է այդ ամենը և խելագարվել: 60 տարի տուն եմ ստեղծել, քարը քարին դրել, հալալ քրտինքով աշխատել, որ վայելեմ ու վերջում շրջափակման ենթարկեցին ու վերջ, մեզ վռնդեցին…Կնոջս քույրը մահացել էր և վերջին օրերին չէինք կարող հուղարկավորել Արցախում: Ստիպված էինք դիակը մեզ հետ բերել:
Հայը «ցորեն ազգ է», բայց ղարաբաղցին «զյարդա ցորենա» (ընտիր ցորեն), հիմա կորեկից էլ վատ ենք: Ինչու ենք այս օրին հասել, չգիտենք…
Ամեն ինչ արվում է, որպեսզի մոռանանք Արցախի մասին: Ղեկավարության անդամները փտում են բանտում, իսկ աշխարհի ամենասիրուն քաղաքը քանդում են…
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: