Արցախի Հանրապետության Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր քննվում էր Հայկ Շամիրյանի խափանման միջոցի միջնորդությունը։ Դատարանի բակում էին հավաքվել Հայկ Շամիրյանի հարազատներն ու Ասկերանի բնակիչներ։ Շամիրյանի հարազատները հարցադրում են անում՝ եթե Հայաստանի կառավարությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչո՞ւ են արցախցիներին այստեղ քրեական հետապնդման ենթարկում, ի՞նչ հիմքով։
Շամիրյանի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը մանրամասներ հայտնեց․ «Խոսքը 5 մլն 200 հազար դրամի մասին է՝ որպես պետությանը հասցված չակերտավոր վնասի։ Պետություն ասելով, այո՛, նկատի ունեն Արցախի Հանրապետությունը։ Լավ մանևրում են, երբ տեղին է, կարողանում են մեր գույքերը հաշվառել, երբ չէ, ասում են՝ գործ չունեն արցախցիների խնդիրների հետ։ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի՝ ավտոմեքենայի մասին է խոսքը, որը տնօրինում էր Ասկերանի քաղաքապետարանը։ Գույքն օտարվել է համայնքի ավագանու անդամների որոշմամբ, համայնքի անդամները որոշել են, որ գույքը պետք է հանձնեն համայնքի ղեկավարի տնօրինությանը՝ հաշվի առնելով այն բոլոր ներդրումները, որոնք ունեցել է համայնքի ղեկավար Հայկ Շամիրյանը իր գործունեության ընթացքում»,- ասաց Անահիտ Պետրոսյանը։
Նա նշեց, որ Հայկ Շամիրյանը Ասկերանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է բավական բարդ ժամանակահատվածում՝ 2020 թվականին, դրան հետեւել է 44-օրյա պատերազմը։ Պատերազմից հետո բռնի տեղահանված 100 ընտանիք տեղավորվել է Ասկերան քաղաքում եւ ապահովել նրանց կեցության պայմանները։
«Այդ ավտոմեքենայով է Հայկ Շամիրյանը եկել Հայաստան, իր հետ տեղափոխել է նաեւ երեք բնակիչների, որոնք դուրս գալու համար տրանսպորտային միջոց չեն ունեցել։ Մենք չենք հասկանում մայր հայրենիքում արցախցիների կարգավիճակը, ի՞նչ կարգավիճակով ենք մենք այստեղ, մենք այս պետության օրինական ներկայացուցիչներ ենք, թե՞ չէ, այստեղ հայ լինելու իրավունք ունենք, թե՞ չէ։ Մենք փախստականի կարգավիճակ ունենք, ապրում ենք բարեկամի տանը՝ 11 հոգով մի ընտանիքում։ Այս պահին ցեղասպանութուն տեսած մարդկանց նորից ցեղասպանում են»,- նշեց Անահիտ Պետրոսյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանի որոշումը «դիակապտություն» որակեց։ «Այս գործի ամենամեծ իրավական աբսուրդն այն է, թե դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: