Ինչքան էլ որ Շուշին ներկայացվում է որպես մշակութային քաղաք, կամ մեծ է Շուշիի դերը մշակութային կյանքում, այդուհանդերձ Շուշին քաղաքական գործոն է եղել միշտ։ Շուշին դարձել էր և է օտար իշխանության այն հիմնական գործիքը, որի միջոցով իշխել են ու հպատակեցրել Արցախի հայությանը։ Այդ քաղաքական գործիքից փոխնեփոխ օգտվել են տարածաշրջանում խաղացողները։ Ու պատահական չէ նաև այս տեսանկյունից այն հանգամանքը, որ թշնամին բոլոր ժամանակներում ձգտել է Շուշին դարձնել որպես օտար մարմին, հայության հետ, որպես տիրակալի՝ չաղերսվող։ Միտումնավոր կերպով Շուշիի՝ որպես բնակավայրի սկզբնավորումը կապել են 18-րդ դարի կեսերի՝ մասնավորապես Փանահի տարածաշրջանում հայտնվելու հետ։
Արցախը Ադրբեջանին բռնակցելուց հետո վերջինիս թույլատրվել էր իրականացնել հակահայկական միջոցառումների մի ողջ համալիր, այդ թվում մշակութասպան։ Պատմամշակութային հուշարձանների, հայկական ճարտարապետության հետքերի վերացմանը զուգահեռ, իրականացվել են նաև հայկական արժեքների օտարման, օտար լույսի ներքո ներկայացման քայլեր։ 1977 թվականին Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ Շուշին հռչակվեց արգելոց-քաղաք։ Ընդ որում, արգելոց էր հայտարարվել ու վերականգնվել էր միայն քաղաքի արևելյան՝ ադրբեջանական հատվածը, որտեղ ստեղծվում էին տուն-թանգարաններ, կառուցվում էին դամբարաններ: Իսկ հայկական հուշարձանները չէին ընդգրկվել պահպանվող օբյեկտների ցանկում, հայկական գերեզմանոցներն ու Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիներն ավերվել էին և օգտագործվել որպես շինանյութ։ Այսօր էլ Ադրբեջանը Ղազանչեցոց Սբ․ Ամենափրկիչ և Հովհաննես Մկրտիչ /Կանաչ ժամ/ եկեղեցիները հայտարարել է ուղղափառ և վերանորոգման անվան տակ հերթական վանդալիզմն է իրականացվում։
Շուշիի հիմնադրման, պաշտպանական համակարգի ու այդ հին բնակավայրի կառուցապատման, նրա հուշարձանների էթնիկ պատկանելիության ուսումնասիրումը, մինչև Շուշիի ազատագրումը մեծամասամբ հիմնված էր 18-19-րդ դդ. հեղինակների կեղծ և մուսուլմանամետ գրավոր աղբյուրների վրա։ Միայն Ադրբեջանի գաղութային լծից ազատագրվելուց հետո Շուշիի հնագիտական, վիմագրական, տեղագրական բնույթի բազմաթիվ աղբյուրներ մատչելի դարձան ուսումնասիրությունների համար։ Իրականացվեցին մի շարք հնագիտական պեղումներ, որոնք նոր լույս սփռեցին քաղաքի պատմության վրա, գոնե մեզ համար վերջ տալով Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահի կոմից բնակեցնելու ադրբեջանական առասպելին։ Փաստագրվեցին Շուշիի և շրջակայքի հնագիտական հուշարձանները, որն ընդգրկում է մոտ 200 հնագիտական հուշարձան, այդ թվում՝ պալեոլիթյան մեկ կայան, բրոնզի և երկաթի դարերի մեկ կիկլոպյան ամրոց, հինգ դամբարանադաշտեր, երկու անտիկ և երկու վաղքրիստոնեական դամբարանադաշտեր, 6 միջնադարյան գյուղատեղիներ և մոտ չորս տասնյակ խաչքարեր։
2005թ. ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը` պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ իրականացրեցին պեղումներ Հայ-հունական գերեզմանոցի հին հատվածում, որի արդյունքները ցույց տվեցին, որ այստեղ 12-13-րդ դարերում եղել է հայկական գերեզմանոց, որի խաչքարերը հետագայում` 19-րդ դ. կեսերին օգտագործվել են նոր թաղումների համար: 12-13-րդ դարերի հայկական խաչքարերը վառ ապացույցն են այն բանի, որ Շուշիի սարահարթը հայերի կողմից բնակեցված է եղել Խաչենի հայկական իշխանության հզորության ժամանակաշրջանում։
Շատ հետաքրքրական էր Ավանի կարան կոչվող ամրացված քարանձավի կողքի ամրոցի հետախուզական պեղումները: Նրա վերին հարթակի մաքրման ժամանակ բացված թոնրի շրջակայքից և լիցքից գտնվել են 12-14-րդ դդ. վերաբերող նյութերի բազմաթիվ նմուշներ: Ուշադրության արժանի են մոնղոլական տիպի նետասլաքն ու չինական սելադոնի բեկորը, որոնք խոսում են ոչ միայն Շուշիի այս տարածքի բնակեցված լինելու մասին, այլ որ այդ ժամանակ զարգացած առևտուր ու այստեղով անցնող ակտիվ առևտրական ճանապարհ կար ու հենց այս ճանապարհի պահպանության ու անվտանգության նկատառումներից ելնելով Խաչենի իշխանները կառուցել էին այս ամրությունները:
Շուշիի պարսպապատերի մանրամասն զննումների և համապատասխան մասնագիտական գրականության քննությամբ պարզվում է, որ Շուշիի ներկա տարածքում մինչև Փանահի կողմից պարիսպների կառուցումը այստեղ արդեն գոյություն ուներ ամրոց։ Իսկ եղած ամրոցներից մեկի ավերակները համընկնում են Մխիթարաշենի դարպասների մոտի պարսպահատվածին: Այստեղ ձեռնարկված լայանածավալ պեղումներն արդեն տվել են լուրջ տվյալներ, որոնք վկայում են, որ պարսպապատերից ներս գտնվող այս հատվածը բնակեցված է եղել գոնե մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբից:
Վաղ քրիստոնեական թաղումներ են ի հայտ եկել Շուշի քաղաքի կենտրոնական հատվածներում, շինարարական աշխատանքների ժամանակ, որոնցից ուսումնասիրության է ենթարկվել հատկապես Վերին մզկիթի վերանորոգման ժամանակ մեդրեսեի շենքի առաջին հարկի տակ հայտնաբերված վաղ քրիստոնեական դամբարանը, իսկ բուն մզկիթի հիմքերը ամրակայելիս ի հայտ է եկել այլ կառույցի խորը հիմք:
Մեկ նյութի շրջանակներում հնարավոր չէ ամբողջովին ներկայացնել Շուշիի հայկական հարուստ պատմա- մշակութային միջավայրը, որը սկզբնավորվում է, ինչպես նշեցինք քիչ վերևում, առնվազն մ․թ․ա․ առաջին հազարամյակից։ Շուշիի ազատագրումից հետո հաջողվել է վերականգնել Շուշիի երբեմնի մշակութային, ճարտարապետական հարստության միայն մի փոքր մասը։ Այսօր հաշվառված ունենք 405 հուշարձան, այդ թվում մահմեդական ու ռուսական։ Հայկական մշակութային, հոգևոր ու պատմական ժառանգության ամբողջական ցանկը հնարավոր չէր կազմել, քանի որ դրա մեծ մասը ոչնչացվել էր 100 տարի առաջ։ Հավանաբար, նույն ճակատագիրն է սպասում նաև դեռ կանգուն մնացածներին։
Հայկական էթնիկ մշակույթի դեմ պատերազմ սկսած Ադրբեջանի բռնապետ Ալիևը Շուշիին փորձում է տալ համաթյուրքական նշանակություն, այն հռչակելով որպես թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Բայց, հարցն այստեղ մշակույթը չէ, այլ Շուշիի քաղաքական նշանակությունը, որի մասին արդեն նշել ենք։
Լուսանկարները Artsakhmonuments ֆեյբուքյան էջից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: