Հայրս արմատներով Քյաթուկ գյուղից է, բայց մենք այնտեղ համարյա չենք ապրել: Ավելի շատ հուշեր ունեմ Շուշիի շրջանի Հին Շենի մասին, որը 2020 թ. հետո բավականին բարդ իրավիճակում էր հայտնվել` երկկողմանի շրջափակման մեջ էր: Գյուղի պարզ ու հասարակ առօրյան երազներումս եմ տեսնում:
Տատիկս ինձ ընդգրկում էր տան գործերին`թե ինչ և ինչպես պիտի անեմ: Սովորությունն անխախտ էր. մեծերը առավոտյան վաղ արթնանում էին ու ճամփա ընկնում դեպի հանդերը: Երեխաներով մնում էինք տանը, նույն խաղերը խաղում բակում ու երեկոյան` մեծերի գալու ժամին, թեյը պատրաստ պահում: Ես փոքր կուժ ունեի, որով աղբյուրից շատ սառը ջուր էինք բերում տատիկի-պապիկի համար: Մեծ ցավ եմ ապրում, որ երբևէ չեմ կարողանալու գնալ ու կարոտս առնել:
Հիշում եմ մեր բարբառի առանձնահատկությունները`տատիկն անընդհատ օգտագործում էր վհատալ բառը, ինչը նշանակում է հավատալ: Պապիկս դարբնոց ուներ ու միշտ ծանր աշխատանք էր անում: Սառը թան էի պատրաստում ու տանում նրա համար: Նրանց պատմածներից ինձ վրա շատ է ազդել հատկապես այն, երբ խաղաղ ժամանակներում ադրբեջանցի բժիշկն իր մասնագիտությունն օգտագործում էր հայերին վնասելու համար: Դրա վկայությունն էին այրված ձեռքով երեխայի առողջական վիճակի վատթարացումը և բազմաթիվ կանանց` մայրանալու հնարավորությունից զրկելը:
Արդեն 7-րդ դասարանում հասկացել էի, որ ապագա մասնագիտությունս պիտի լինի լրագրությունը: Հիշում եմ 1990-ականների նկուղային կյանքից դրվագներ: Ավելի շատ պատերազմի հետևանքներին եմ բախվել: Չկար ջրամատակարարում, գազամատակարարում, հացի հերթեր էին , աշխատանքի պակաս… Մեր ընտանիքը այդ ամեն ինչը զգացել է: Փայտ չկար, որպեսզի ձմռանը տաքանայինք: Ամբողջ դժվարությունները տարել ենք:
Ես գիտակցում էի, որ Արցախում ապրելը մեծ շնորհ է, որ տրված է մեզ Աստծուց: Մեր ծննդավայրում ազատ ապրելը գնահատում էի: Հետադարձ հայացքով նայելիս հասկանում եմ, որ մենք ապրում էինք դրախտավայրում, որը ոչ մի տեղ չէիր կարող գտնել:
Լավ չէինք պատկերացնում խաղաղության գինը: Քառօրյայի ժամանակ վստահություն կար, որ հարցը լուծվելու է: 44-օրյա պատերազմը լրիվ մղձավանջ էր: Ամուսնուս եղբայրն է զոհվել, բարեկամուհուս ամուսինը: Պատերազմից հետո գիտակցաբար որոշել ենք վերադառնալ Արցախ: Եթե ես չվերադառնայի իմ երկիրը, ամբողջ կյանքի ընթացքում ինձ կմեղադրեի:
Շրջափակման առաջին ամիսներին մեր տանը դեռ որոշակի պաշար կար: Մարտի կեսերին շատ լուրջ խնդիրների ենք բախվել, ամեն ինչից զրկված էինք, ոչ մի հնարավորություն չկար մեզ համար: Իսկական սով էր, տեղաշարժվելու հնարավորություն չկար: Որպես մայր տառապում էի ու թույլ չէի տալիս, որ իմ երեխան ավել ուտեր: Արգելում էի ու հետո թաքուն լացում: Բայց այլ ելք չկար: մենք ապրում էինք այն պայմաններում և այն գիտակցումով, որ զրկանքները որևէ նպատակ ունեն: Մենք դա անում էինք, որպեսզի մեր երկրում ապրենք: Ես շատ տպավորված էի, որ մարդիկ իրար շատ էին օգնում: Մի օր լսել էի, որ քաղաքում խնձոր կար: Աշխատանքից շտապելով իջա, որ հասցնեմ գնել: Մինչև հասա, արդեն վերջացել էր: Խանութի վաճառողը 3 խնձոր տվեց ինձ: Հեքիաթի վերջում ընկած 3 խնձորի նման էր…
2023թ. սեպտեմբերի 19-ին ես խուճապի մեջ էի, քանի որ աղջիկս դպրոցի ճամփին էր, տղաս`դպրոցում, փոքր տղաս` տանը մենակ: Կրթության նախարարությունը հորդորեց խուճապի չմատնվել ու երեխաներին թողնել դպրոցում: Մի կերպ հավաքվել էինք ու հասել նկուղ: Ցավոք, ռումբը ընկել էր մեր տան մոտ և ձեռքս վիրավորվել էր: Ընդամենը 10 րոպե առաջ երեխաներս էին ռումբի ընկած տեղը նստած: Ես փոխել էի դիրքս ու նրանց պաշտպանել իմ մարմնով: Այնպիսի տպավորություն էր, որ մենք կրակի հնոցի մեջ ենք, ինչպես Աստվածաշնչի Միսակը, Սեդրակը, Աբեդնակը…
Սեպտեմբերի 29-ին մեր շենքում մնացել էինք 2 ընտանիքներով: Վերջին օրերին լացում էինք, նստում էի մահճակալին, նայում իմ տանը, չէի ուզում ինչ-որ բան վերցնել… Չէի ուզում խախտել իմ կարգուկանոնը: Շատ ծանր ապրումներ էին, երբ մարդը ստիպված է իր միջավայրը թողնել: Բառի ամենաուղիղ իմաստով այն էթնիկ զտում էր և շատ ցավալի է, որ որևէ տեղ այդ հարցը չի բարձրաձայնվում:
Ես համարում եմ, որ ամեն վարորդ հերոս է: Հակարիի ճամփին շատ դժբախտություններ են պատահել: Մեր աչքի առջև մարդիկ էին մահանում, մեքենաներ էին արգելակվում: Մի կերպ փախչում էինք այդ տեղանքից: Ես ամեն գիշեր քայլում եմ Ստեփանակերտի որևէ փողոցում` իմ մտքերով, երազներով: Այնքան հետաքրքիր է, որ վերջին շրջանում նախասահմանված էր ոտքով քայել, որպեսզի ամեն քարն ու թուփը հիշենք: Օրը 9 կմ քայլում էինք: Մի ճամպրուկի մեջ հնարավոր չէ բերել ապրած կյանքդ…
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: