«Արցախի իշխանությունը պետք է անհրաժեշտ գործիքակազմ գործադրեր՝ տվյալ գույքը հանուն արցախցիների շահերի օգտագործելու համար»

  • 15:23 28.05.2024

Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական վարույթներին։ Հիշեցնենք, որ Ասկերանի, Մարտակերտի եւ Ստեփանակերտի քաղաքապետերի նկատմամբ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, նրանց մեղադրում են իրենց ծառայողական մեքենաները «խարդախությամբ հափշտակելու» մեջ։

Ըստ փաստաբանի՝ ՀՀ տարածքում չի կարող քրեական վարույթ նախաձեռնվել այնպիսի դեպքերով, երբ ենթադրյալ հանցանքը կատարվել է Արցախի Հանրապետության տարածքում։ «Այդ կարգավորումները տրված են ՀՀ Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով։ Նման դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կարող է քրեական վարույթ նախաձեռնել բացառապես այն դեպքում, երբ այդ հանցանքն ուղղված է ՀՀ քաղաքացու կամ ՀՀ շահերի դեմ»,- ասաց Ռաֆայել Մարտիրոսյանը։

Մեր հարցին, թե ի՞նչ է ստացվում, ըստ ՀՀ իշխանությունների, ի՞նչ պետք է անեին Արցախի համայնքապետերը, Արցախի լիակատար օկուպացիայից հետո այդ մեքենաները չպե՞տք է բերեին Հայաստան, պետք է թողնեին Ադրբեջանի վերահսկողության տա՞կ, Ռաֆայել Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարների գործադրած ջանքերին, որ տվյալ գույքը չպետք է մնար Ադրբեջանի տիրապետության տակ, ես կարծում եմ, որ դրանք ողջամիտ գործողություններ են։ Ավելի լավ է այդ գույքը գտնվի արցախցիների մոտ, քան մեկ այլ իշխանության կամ ադրբեջանցիների մոտ։ Ես կարծում եմ, որ առաջնահերթ պետք է գործի այդ տրամաբանությունը, քանի որ վերջին հաշվով արցախցիները զրկվել են բնակարաններից, բազմաթիվ գույքերից եւ Հայաստանի տարածքում իրենց սոցիալական խնդիրները լուծելու կարիք ունեն»։

Հարցին՝  եթե Հայաստանի իշխանությունները չեն ստեղծել մի մարմին, որտեղ արցախցի պաշտոնյաներից կարող էին հավաքագրել ծառայողական գույքը, հիմա ի՞նչ հիմքով են այդ մարդկանց մեղադրում, Ռաֆայել Մարտիրոսյանը պատասխանեց․ «Այս հարցին լրիվությամբ պատասխանելու համար գոյություն ունի երկու տրամաբանություն։ Մեկն այն է, որ ամբողջ գույքը պետք է կենտրոնացվեր Արցախի իշխանությունների ներքո, դրանք հետագայում վաճառելու կամ այլ ճանապարհով իրացնելու արդյունքում այդ գումարը պետք է ուղղվեր արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը։ Մյուս կողմից, քաղաքացիները, որոնք ստացել են պետական գույքը, նրանք նախապատվությունը տվել են այդ գույքը Հայաստան բերելուն՝ իրենց գույքը թողնելով Արցախի Հանրապետության տարածքում։ Այսինքն՝ այս հարցի արդարացի լուծման խնդիր կա։ Եթե ասենք, որ բոլոր գույքերը պետք է կենտրոնացնեին, ապա այստեղ խնդիր է առաջանում այն անձանց հետ, որոնք իրենց գույքը թողել են Արցախում ու պետական գույքն են տեղափոխել այստեղ։ Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ հանրային շահը ենթադրում է, որ այդ գումարներով առաջնահերթ պետք է լուծեին արցախցիների սոցիալական խնդիրները»։

Փաստաբանը հավելեց, որ արցախցիներն այսօր գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, մարդկանց սոցիալական խնդիրները գնալով խորանում են։ «Իսկ Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ հոգածություն չեն դրսեւորում արցախցիների նկատմամբ։ Եվ Արցախի իշխանությունը պետք է անհրաժեշտ գործիքակազմ գործադրեր՝ տվյալ գույքը հանուն արցախցիների շահերի օգտագործելու համար»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

f