Այգիներն ու այգեգործությունը Ակնայից Այնթապ. Սերգեյ Ղարայան

  • 09:33 29.05.2024

Սերգեյ Ղարայանը Արցախի ստեղծարար երիտասարդներից է, ով մինչև 2020 թվականի ողբերգական պատերազմն Արցախում 2014-2024 թթ․ զբաղվում էր այգեգործությամբ։ Ակնայի շրջանում ընկերներով 10 հա տարածքում այգի էին հիմնել, որից 3 հա նուռ և 7 հա թուզ։

2020 թվականի հոկտեմբերի 1-ին նախատեսվում էր նռան առաջին բերքահավաքը, սակայն սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը բոլոր ծրագրերը խափանեց։ Հարցին, թե որքա՞ն է կազմում նյութական վնասը, Սերգեյը պատասխանում է․ միլիոններ, այգի հիմնելիս ծախսը չես հաշվում։ Ծախսում ես այնքան, որքան անհրաժեշտ է, բայց պատերազմից հետո փոխհատուցման ծրագրով հաշվարկածը մոտ 20 հազար ԱՄՆ դոլար է, ինչն իհարկե իրական պատկերը չէ, ավելի շատ էր։ Ընդ որում փոխհատուցման ծրագրից չեն օգտվել։

Իսկ վերջին շրջանում անց էր կացրել նաև ոռոգման համակարգը, բայց ինչպես Սերգեյն է նշում, երեք տարվա մեջ ջուր իրեն մի անգամ են տվել, մինչդեռ ջրագիծն անցնում էր հենց իրենց այգու կողքով։ Ջուրը հասանելի էր էլիտարներին, արտոնյալներին։

-Այդ դեպքում ինչպե՞ս էր լուծվում ոռոգման հարցը։

-Կարող է չհավատաք, կարող է աբսուրդ հնչել, բայց ես իմ նռան այգին ջրել եմ ավելցուկով։ Երբ ջրօգտագործողները ջուրը բաց էին թողնում իրենց դաշտերը ջրելու ու ջուրը դաշտից դուրս էր գալիս, ջրափոսեր էր առաջանում, ես տեղը ֆիքսել եմ, ու այդտեղ տրակտորով ջրահավաք փոս փորել, որտեղից ջուրը պոմպով քաշում էի ու հասցնում այգի։ Անասելի տանջանքով ենք այգին այգի սարքել, էլ դույլերով, էլ մեքենաներով ջուր հասցնելով ամառվա տապին, վերջում այդ ամենը մնաց թշնամուն։

– Իսկ 2020 թվականի պատերազմից հետո վերադառնալով Արցախ փորձել՞ եք կրկին այգեգործությամբ զբաղվել։

-Պատերազմից հետո զբաղվել եմ միայն տնկարանով, մի 400–500 հատ տնկի էր մնացել, դրանք եմ խնամել ու արդեն նոր՝ «GARAVAN» նախագծով եմ զբաղվել։ Տնկիները շատ էին ափսոս, նույնիսկ ձրի ուզում էի բաժանել, բայց ցանկացող  չկար։

Սերգեյ Ղարայանը 2023 թվականի աշնանը Արցախի էթնիկ զտումից հետո տեղափոխվել է ՀՀ և Այնթապ համայնքում կրկին զբաղվում է իր սիրելի գործով՝ այգեգործությամբ։ Ունի առանձին տնկարան, ու նորից թուզի այգի է հիմնել, որի պտուղները Արցախում չհասցրեց վայելել։ Ջաբրայան Հոլդինգսի հետ համատեղ ջերմոցային տնտեսության հիմք են դրել, որտեղ աճեցվելու են արևադարձային կուլտուրաներ։ Արցախից բերել է նաև տնկիներ, արցախյան սորտն այստեղ աճեցնելու համար։

-Արցախից բերել եմ նռան, թուզի, խաղողի ու մուշմուլայի տնկիներ։ Ճիշտ է չգիտեմ ձմռանը պայմանները ո՞նց է լինելու, բայց կարծում եմ հնարավոր կլինի այստեղ դրանք աճեցնել։ Կարևորը ջուրն է, այս պահին դեռ խնդիր չէ։

Հարցին, թե ինչու՞ հենց այգի, Սերգեյ Ղարայանը պատասխանեց․ Ինձ չեն գրավում կարճաժամկետ ծրագրերը, ասենք ջերմոցներում բանջարեղեն աճեցնել ու շատ կարճ ժամկետներում դրանք իրացնել ու եկամուտ ստանալ։ Այդ առումով, այո՛, ծառի վրա արված ներդրումը եկամուտ ապահովում է 5-10 տարի հետո, բանջարեղենի նման չէ, այգեգործությունը լրիվ ուրիշ փիլիսոփայություն է, այգի հիմնելով դու հիմնական միջոց ես ստեղծում, որը մնալու է նաև քեզանից հետո։ Եվ որ ամենակարևորն է՝ հողի արժեքն է բարձրանում։ Երրորդն էլ՝ դա իմ, այսպես ասած, հոբբին է։

Չնայած դա Սերգեյի հոբբին է, բայց աշխատանքներին ներգրավվում էին տաև տան փոքրերը։

Իսկ 2012-2016 թթ․ Սերգեյն Արցախում նաև ճագարաբուծական ֆերմա ուներ, Ստեփանակերտում ամենախոշորներից, ցավոք, դա էլ փակվեց 2016-ի պատերազմի հետևանքով։ Սերգեյի օրինակը միակն է, թե բացի ստանդարտ բանաձևային բիզես–ռիսկերից էլ ի՞նչ գլխավոր ռիսկ ուներ Արցախում ապրող ու արարող ձեռներեցը, բայց մեր նյութի հերոսը վհատվողներից չէր։

 

-Արցախ վերադարձի հույս ունի՞ Սերգեյ Ղարայանը։

-Հույս միշտ էլ կա, այս տարածաշրջանը միշտ փոփոխական է եղել, ու ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը կփոխվի հօգուտ մեզ, այստեղ խնդիրը լրիվ ուրիշ է։ Մենք պատրա՞ստ ենք այդ օրվան։ Ես չեմ տեսնում, որ մեր ժողովուրդը ինչ- որ տեսլական, նպատակ ունենա, գոնե 10 տարվա ծրագիր մշակելու և այն իրագործելու ցանկություն ունենա, մինչդեռ դա այս պահին ամենակարևորն է։ Մենք պետք է կարողանանք ինքնակազմակերպվել և յուրաքանչյուրս բացի մեր անհատական ու անձնական գործերից ունենանք նաև անելիք գալիքի համար, ինչը 5, 10, 15 տարի հետո հնարավոր կդարձնի մեր վերադարձը։

-Եթե մի երանելի օր Արցախը մերը լինի, կվերադառնաս, թե՞ այգին չի թողնի։

-Եթե հասնենք նրան, որ մերը լինի՝ կվերադառնամ, այգին էլ դժվար չէ, հետս կտանեմ։

Արմինե Հայրապետյան

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

 

f