Հետը վերցրել է նաև բուժակի դաշտային պայուսակն իր ողջ «զինանոցով»

  • 21:23 31.05.2024

Տիկին Սվետան, նույն ինքը Սվետա հաքուն կամ Պոլկի մաման, ով 15 տարի, սկսած արցախյան առաջին պատերազմից, ծառայել է զինված ուժերում, այսօր հանգրվանել է Այնթապում։ Նրան Ասկերանում և ոչ միայն, բոլորը ճանաչում էին որպես աշխատասեր, ստեղծող, արարող ու հող սիրող մարդ։

Հենց խոսում ես Արցախից, վռազ-վռազ թվարկում է՝ «500 վարդի թուփ ունեի, 35 պիոն, 1000 հատ կակաչ»։ Այնթապի իր այս ժամանակավոր տան բակն էլ է դարձրել փոքրիկ դրախտային անկյուն։

«Ինչպե՞ս դուրս եկաք Արցախից» հարցին տիկին Սվետան պատասխանում է՝ «ժողովրդական լեզվով ասած էլի՝ իրեն կորցրած։ Դժվար էր, են որ չես հասկանում ի՞նչ է կատարվում, մի փոքրիկ մեքենա՝ 10 հոգի մի կողմում, 60 տարվա դրած պաշտած տունդ մյուս, ու դու չգիտես, ի՞նչ անես, ու՞ր ես գնում, ի՞նչ է լինելու։ Բայց, որ տեսա թուրքերը դիմացի տարածքում տրակտոր են քշում ու արդեն մտած մեր ունեցվածքը թալանում են, էլ հապաղելու չէր, միայն տեղաշոր վերցրի էն լիքը լռված տնից։ Նույնիսկ չհասցրի կոշիկ հագնել, հողաթափերով ճանապարհվեցինք։ Մտածում էի դիմացը ձմեռա գալիս, երեխեքը չմրսեն, առանց անկողին էլի հնարավոր կլինի, բայց առանց տեղաշորի չէ։ 60 տարի տուն եմ դրել, րոպեների ընթացքում լցրել Կարկառը եկել։ Որը ասեմ, որը թողեմ՝ 15 հոնի ծառ, 10 տանձենի, 30 հատ արքայախնձոր, 70 հատ նուռ, մենակ Ասկերանի իմ հողամասում։ Ջերմոց՝ բերքը հասած քաղած արկղները լցրած, 8,5 հա նռան այգին, բերքը լիքը, որ պիտի քաղեինք, թողեցի եկա։ Չհաշված սև ու սպիտակ թթենիները, մոշը, ելակը, ազնվամորին։

Շրջափակման օրերը իմ ընտանիքը ծանր չի տարել, աշխատավոր ժողովուրդ են իմ ընտանիքի անդամները։ Կին, տղամարդ՝ բոլորս հողի հետ աշխատում, արարում էինք, Հիմնադրամն էլ մեզանից էժան առնում, ժողովրդի վրա թանկ ծախում էր․․․ հոգոց է հանում։ Տուն թողնելու ցավը անտանելիա, բայց մեզ շատերը չեն հասկանում։

Էն պայթյունն էլ լրիվ մեզ սպանեց։ Բա երկիրը նախագահ, իշխանություն կունենա ու էտքան անտեր կլինի՞։ Կարելի՞ չէր էտ բենզինը լցնել մեքենաներն ու գյուղերով բաժանել, Ստեփանակերտ բերել բենզալցակայաններն ու էնտեղից տալ մարդկանց։

Էտքան մարդու գլուխ մեր ապիկար իշխանություններն են կերել։ Բենզինը 80000 դրամով էինք ձեռք բերում, ընդ որում, այդ գործի մեջ ակտիվ էին նաև պետական պաշտոնյաները»։

-Դուք Ձեզ գնահատվա՞ծ եք զգում, ձեր ծառայություններն ընդունվու՞մ են։

-Ոչ, չի ընդունվում։ Ես Արցախի զինված ուժերում բուժակ-ենթասպա էի, ինչեր ասես, որ չեն տեսել էս աչքերը։ Գիտեք ի՞նչ տղերք ունեինք, երբեք չեմ մոռանա, որ տեսանք Մարտակերտի Դանիելյան Նորիկին, լրիվ երիտասարդ, բայց ի՞նչ մտածելակերպ ուներ։ Ձեռքը կոտրվի Նորիկ սպանողի։

15 հատ տարբեր շքանշաններ եմ ստացել, որպես պատերազմի մասնակից, դրանք հետս բերել եմ, վախենալով, բայց բերել եմ։ Վազելով գնում է, որ բերի ցույց տա։

-էս շքանշաններն ինչի՞ համար են տվել, ձևակա՞ն, էտ մեդալների փոխարեն իմ անվտանգությունն ապահովեին, որ երեխաներս ապահով պահեմ։ Ինձ ուրիշ բան պետք չէր՝ խաղաղություն, մի քիչ ջուր ու հող։ Ես դրա համար եմ Մուրացանի հոսպիտալում իմ աշխատանքը թողել գնացել Արցախ, պատերազմին մասնակցել, որ հող ու խաղաղություն ունենամ։ Հիմա ինձնից 600 մ հողի համար 15 մլն են ուզում, բա ես դա որտեղի՞ց տամ։ 65 տարվա ստաժ ունեմ, մի մարդու կյանք, բայց էսօր զրո կետի վրա։

Ոչ մեկն էլ չի գնահատում։ Արցախում ստանում էի 98 հազար դրամ, հիմա սարքել են 84 հազար, գոնե հող տային մշակեինք ապրեինք։ Շատ դժվար է, աշխատանք չկա, որ երիտասարդները աշխատեն, տան վարձերը բարձր, վաղն էլ, որ էտ պետական աջակցությունը չլինի, մնալու ենք դրսերում։ Պետք է այնպես անել, որ սոցիալական ծանր վիճակը մեղմանա, որ արցախցիները դուրս չգան երկրից։

-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ այսպես ստացվեց։

-Որ ալան–թալանի փոխարեն զենքի հոգս քաշեին, բանակը զինեին, սահմանն ամրապնդեին, որ պատասխանատուներն ամենն իր աթոռի համար չմտածեր, էս օրին չէինք հասնի։ Իրենց գրպանի համար են մտածել, մեկ էլ իրեց երեխաների ապագայի։ Հիմա էլ ասում են Քոչարյանն ուզում է գալ իշխանության, գալիսա որ ի՞նչ անի, ինքը չէ՞ր որ Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից, բա ինչու՞ էնպես չարեց, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչեն։ Բա եթե իշխանությունները թե’ էստեղ, թե’ Արցախում մեղավոր չեն, բա էլ ո՞վ է մեղավոր, մե՞նք։

Վերջում էլ 2020 թվականից հետո մեզ խաբեցին տարան Ղարաբաղ, իրանք հարստացան, մեզ թուրքի բերան գցեցին։ Մեր բոլոր նախագահներն իրենց մեղքի բաժինն ունեն, որ մենք այսօր այս վիճակում ենք։

Էսօր գնացել եմ Եռաբլուր, խելագարված եկել եմ տուն, չեմ հանգստանում, վաաայ էնքան ջահել խոխա, ու առնվազն երեք երեխա, որ պիտի ծնվեին, չեն ծնվել, ուրա հասնում էդ թիվը։ Որ մտածում ես՝ գժվում ես։ Եվ զարմանում եմ, ի՞նչ երեսով են գնում ու խոնարհվում քարերից ժպտացող մեկը մյուսից նախշուն, կյանք չտեսած երեխեքի առաջ։

-Ինչու՞ 90-ականներին հաջողեցինք, այս անգամ չէ։

-90-ականներին միասնական ենք եղել, էս վերջում չէ, մեկը փաշինյանական, մեկը սերժական, մեկը քոչարյանական, իրար միս էինք գզում։ Այնպես չի, որ այն ժամանակ չկար, բա մեր են լավ–լավ տղաների գլուխները ո՞վ կերավ։ Ուղղակի բանակի վրա շատ չէր ազդում, բանակը գիտեր իր անելիքը։ Այս անգամ այդպես չէր։

2018 թվականից հետո հայ ազգի միասնությունը կորավ, միասնականություն չկա։ Թուրքն էլ դա լավ գիտի։

-Արցախ կվերադառնա՞ք, ասենք ռուս խաղաղապահների երաշխիքով։

-Եթե Ադրբեջանի կազմում չլինենք, կվերադառնամ, եթե չէ, ոչ մի դեպքում, իմ երեխան թուրքին չի ծառայի։ Ռուսին ո՞վ է հավատում, ռուսը երեք անգամ մեզ ծախել է՝ Արևմտյան Հայաստանը, Արևելյան Հայաստանի մի մասը, հիմա էլ Արցախը։ Չէ, ռուսի հետ չէ։

-Իսկ ո՞րն է մեր փրկությունը։

Մեր փրկությունը նախ մեր միասնության մեջ է, բայց միասնություն քարոզող չկա։ Մենք պետք է գրագետ առաջնորդ ունենանք, լավ դիվանագետ, որ կարողանա աշխարհի հետ հասկանալի լեզվով խոսել, զուգահեռ երկիրը զինել ու լավ դաշնակից ձեռք բերել, բայց Ռուսաստանը չէ։ Մեզ պիտի լավ դաշնակից լինի մինչև ոտի կանգնենք։ Ռուսի նման չլինի, մեր հանքերը թալանի, մեզ էլ ծախի։

Արմինե Հայրապետյան

Լուսանկարները Ալվարդ Գրիգորյանի

f