Անցած շաբաթը հարուստ էր թուրքական, ադրբեջանական և ռուսական կողմերի աղմկահարույց հայտարարություններով։ Նախ, ռդ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գ.Կարասինը հայտնեց, որ ռուսաստանը պատրաստվում է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում։
Այնուհետև «ադրբեջանի նախագահ» ալիևն ասաց, որ Հայաստանը պետք է ճանաչի «Խոջալուի ցեղասպանության» փաստը և ներողություն խնդրի դրա իրականացման համար։ Այնուհետև թուրքիան հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանի պաշտպանությունը պետք է ապահովեն թուրքական հատուկ ջոկատայինները։
Վաղուց տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը որպես պետություն գոյություն չունի, և թուրքիան ու ռուսաստանը դրա փոխարեն ամեն ինչ որոշում են։ Բայց այս ամենը հնարավոր չէր լինի առանց Հայաստանի ներկայիս իշխանության կողմից նրանց կամքի հնազանդ կատարելուն։
Թեեւ այս ամենում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հյուպատոսության մասին հաղորդագրությունը։
2020 թվականին Արցախի Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների օկուպացիայից հետո Ակնայում (Աղդամ) տեղակայվել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը։ Արցախի բնակչության ցեղասպանությունից ու զանգվածային արտաքսումից հետո, թվում էր, թե ռուս «խաղաղապահների» կենտրոնն ու ներկայությունն ավելորդ են դարձել։ Բայց մոտ մեկ ամիս առաջ ռուսական զորքերը և մոնիտորինգի կենտրոնը լքել են Արցախի տարածքը (այս մասին, համենայնդեպս, հայտարարել են պաշտոնական աղբյուրներն ու լրատվամիջոցները)։
Ինչպես հայտնի է, օկուպացիայից հետո Արցախի տարածքում տեղակայվել են թուրքիայի, իսրայելի և ադրբեջանի զինված ուժերը։ Բացի այդ, բազմաթիվ թուրքական ընկերություններ գործում են Իրանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում։ Սակայն օկուպացված և ցեղասպանության ենթարկված Արցախում ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց առկայության մասին տեղեկություն չկա։
Այդ դեպքում ո՞ւմ համար է հյուպատոսությունը։
Այս հարցը վերջին օրերին բուռն քննարկվում է ադրբեջանական լրատվական տարածքում։ Դատելով հրապարակումներից և վերլուծական նյութերից՝ այս լուրը դժգոհություն է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ, որը կարծում է, որ ալիևը խաբել է հանրությանը, դավաճանել է Պուտինի հետ, իսկ Ղարաբաղն ամենևին էլ ադրբեջանինը չէ, որ ռուսները հերթական անգամ խաբել են բոլորին և իրենք են որոշում Արցախի ճակատագիրը:
Կան նաև կարծիքներ, որ ալիևը գիտակցում է հայերի՝ Արցախ վերադարձի անխուսափելիությունը, և միջազգային հանրության պատժամիջոցների տակ չհայտնվելու համար նա ամեն ինչ անում է ռուսների միջոցով։ Իր հերթին ռուսները ցանկանում են խուսափել ցեղասպանությանը մեղսակցության և Արցախի էթնիկ զտումների մեղադրանքներից։
Հավանական է, որ Պուտինը պլան է մշակում ռուսական գրանցումով և քաղաքացիություն ունեցող հայերին Արցախ վերադարձնելու մասին։ Նման պլանի իրատեսությանը թույլ է տալիս հավատալ Հայաստանում արցախցիների նկատմամբ վերաբերմունքը՝ փաստաթղթային քաշքշուկը և անհեթեթ սոցիալական ծրագրերը, ինչի արդյունքում արցախցիներից շատերը արտագաղթում են ռուսաստան։
Բայց ինչո՞ւ է սրան զուգահեռ ալիևը պահանջում Հայաստանից ճանաչել «Խոջալուի ցեղասպանության» գոյություն չունեցող փաստը։ Ամենայն հավանականությամբ, պետք է հավասարեցնել հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին, որպեսզի հետագայում եզրակացություն արվի՝ բոլորն էլ անմեղ չեն, պետք է մոռանալ տեղի ունեցածի մասին և առաջ գնալ։
Դա, ըստ էության, անում է Հայաստանի վարչապետը՝ կոչ անելով հրաժարվել անցյալից, պետական, պատմական Հայաստանի ատրիբուտներից։ Դե, Արցախն ընդհանրապես չի նշվում, այս բառը մոռացության է մատնվել։
Գուցե դա է պատճառը, որ Թուրքիայի ղեկավարն ասում է, որ թուրքական հատուկ ջոկատայինները պետք է պաշտպանեն Փաշինյանին։ Չէ՞ որ նրանից ավելի լավ կոլաբորանտ չեն գտնի…
Մարգարիտա Քարամյան