Մարիամը՝ ցավի ու խնդիրների մասին հումորով

  • 21:07 03.06.2024

Մարիամն առաջին անգամ չէ նման հումորային տեսահոլովակներ պատրաստում (https://www.facebook.com/reel/199890976550483), բայց առաջին անգամ է հրապարակում դրանք։ Առաջին տեսանյութը բռնի տեղահանումից մի քանի ամիս առաջ է հրապարակել։ Ցավն ու խնդիրները որոշել էր հումորով հաղթահարել։

«Եթե դու խնդիրներին մոտենում ես քննադատաբար, կարող ես նստել ու մի մեծ հոդված գրել, ասելով՝ դա ճիշտ չէ, բայց մարդիկ դա չեն կարդա, չեն ընդունի, դրա համար էլ որոշեցի այդ ամենը հումորի ձևով ներկայացնել։ Անկեղծ ասած, չէի մտածում, որ այդ ամենն այդքան լայն արձագանք կստանա»․- պատմում է Մարիամը։

Տեսահոլովակներն, իհարկե, հումորով են համեմված, բայց իրենց մեջ հստակ մեսիջներ են պարունակում՝ ուղղված տարանջատվող հանրությանը: Դրանք ինչ-որ չափով կոտրում են արցախցիների մասին տարածված կարծրատիպերը։

Մարիամը հումորի միջոցով բարձրաձայնել է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին են աներևակայելիորեն բարձր բնակվարձերը, սոցիալական աջակցությունների հանդեպ բացասական վերաբերմունքը, աշխատատեղերի բացակայությունը, քաղաքական խաղերը, ինչպես նաև այնպիսի ցավոտ թեմա, որպիսին է Արցախում մեր թողած ամեն ինչը։ Բացասական մեկնաբանությունների Մարիամը սպասում էր, բայց «քանի որ մինչ այս բարձրաձայնել եմ մի շարք սուր թեմաներ, դիմադրողականություն ունեի, թեև պետք է խոստովանեմ, որ վատ արձագանքները չնչին տոկոս կազմեցին, ինչն ինձ համար ևս շատ զարմանալի էր»։

Տեսանյութերը նկարվում են շատ կարճ  ժամանակում, թեմաների մասին էլ շատ չի մտածում, այդ պահին մտքին եկած  ամենահրատապ խնդիրներն է բարձրաձայնում։ Բլոկադայից, պատերազմից, բռնի տեղահանումից ու գաղթի երկար ու տանջալից ճանապարհից հետո բնական էր տրամադրությունների անկումն ու հուզական ծանր վիճակը։ Նման հումորային տեսանթյութերով Մարիամը փորձում է մեղմացնել ցավը։ Ու նրան, թվում է, հաջողվում է դա անել։ Նոր տեսահոլովակներ, իհարկե, կլինեն, բայց հների արդիականությունն էլ դեռ չի կորչել։

Մարիամի տեսանյութներից ևս մեկը (https://www.facebook.com/mariam.abrahamyan.921/videos/406883555137121)

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում

f