Այնքան ցավ է տեսել, որ աչքերը կուրացել են․ պատմում է բնիկ ճարտարեցի Վիկտորյա Պետրոսյանը

  • 11:06 04.06.2024

Բնիկ ճարտարեցի լինելու, Հակարի կամուրջը եռագույնով անցնելու և քառասունքում գտնվող երեխան գրկին հերթ կանգնելու մասին.  պատմում է Վիկտորյա Պետրոսյանը

Ես ինձ համարում եմ բնիկ Ճարտարեցի, իսկ նախնիներիս մի մասը Նորագյուղից է: Ընտանիքս անցել է բազում դժվարություններ, բայց խուսափել են մեզ` փոքրերիս պատմել դաժան դրվագները: Տատիկս լավ խոհարար էր, պապիկս լավ էր նվագում ու երգում, նախնիներս շատ տաղանդավոր, ծիրքըճիրավ մարդիկ էին` սովորական, համեստ կյանքով էին ապրում:

Դպրոցում սովորելիս երբեմն ճարտարեցու նման չէի խոսում` քինալ-քինյիլ, քանեա-քանիա:  Հիմա մայրս այնպես է ասում յաղուզ, որ բնիկ ճարտարեցին չի ասում այդպես:

Մորս հորքուրը Սումգայիթի բնակչուհի էր, ջարդերի պատճառով տեղափոխվել էր Հրազդան ու մինչև հիմա այնտեղ է ապրում: Ասում են, որ այնքան ցավ է տեսել, որ աչքերը կուրացել են: Նրա երեք տղաները արցախյան պատերազմներում կռվում էին, երկուսը զոհվել են: Տնից դուրս են եկել  առանց զգուշացնելու, որ գնում են…Գրպանից գտած հեռախոսի համարին են զանգել և տնեցիներին հայտնել մահվան լուրը…

Մորս տատիկի` Շուշան բաբոյի քույրը, ջարդերի ժամանակ ամուսնու հետ մնացել էր տանը` մտածելով, որ խնայելու են իրենց պատկառելի տարիքի համար: Երկուսին էլ մորթել են: Ավելի խաղաղ օրերին բարեկամները տան բակում հողին են հանձնել: Դրանից հետո ադրբեջանցիները նորից դիակները հանել ու շպրտել են բակում: Խոշտանգումներ էին անում…

Աղդամում վաճառվում էին ինչ-որ բաներ, գնալ-գալ կար: Առանց հետին նպատակների առևտուր էին անում: Սովետական տարիներին իրավունք չունեին քաղաքական քննարկումներ անել: Օրինակ, դասախոսներից մեկը պատմել էր, որ թելադրության ժամանակ «ԽՍՀՄ գերագույն ղեկավարը` Ստալինը» նախադասությունը գրելիս  համարել են, որ բութը կարող է վերաբերել Ստալինին ու հանել են գործածությունից:

Մանկությունն իմ կյանքի ամենալուսավոր կետերից մեկն էր, ու ես մեծ հպարտությամբ եմ նշում, որ այնտեղ էր անցել: Ամեն պահը վայելում էինք` թաղի երեխաներով հավաքվելը, դասարանցիներով խաղալը, ծաղիկ հավաքելը: Ես տանը փոքրն էի, ոտքով հասնում էինք մինչև գյուղի բերդը: Միայն լավ բաներ եմ հիշում: Ճարտարի թիվ մեկ միջնակարգ դպրոցն եմ ավարտել: Միշտ խոսել և խոսելու եմ, երեխաներիս էլ հորդորելու եմ, որ բարբառով խոսեն: Ընտանիքով նստում էինք հայրիկիս կամազը և հասնում գյուղի ամենաբարձր տեղերը: Մեզ համար ամեն օրը տոն էր: Չկար այնպիսի ծմակ, որտեղ ճիրիկիտեմնը կամ ճռճռոկ չէր աճում։ Փոքր տարիքում էլ ասում էի` ինչքան ենք մենք հարուստ, որ այսպիսի բնություն ունենք…

Մեզ մի Ըղեշա վանք ունենք Ճարտարում: Չկա այնպիսի ճարտարեցի, որը չի ասել`«Ըղեշա, իրեսս վեննանդ տակ»: Մի ուրիշ կարգի էինք պաշտում, մեր սրբատեղին էր: Դեպքեր կային, երբ ոտքով գնում  էին վանք ու պարզվում էր, որ երեխան բուժվել էր:

Շրջափակման ընթացքում մեծահասակները մեզ հիշեցնում էին, որ իրենք էլ են հաղթահարել նման դժվարություններ: Մայրս ասում էր` «դիմացիր, ես 4 երեխաների հետ եմ եղել»:

Ես երբեք Արցախը վատ վիճակում չեմ հիշում: Ինչպես էինք մենք այդ 30 տարին ապրել: Հիմա սիրտս դաղվում է, որ հիշում եմ: Արցախցին ինձ համար միշտ առաջին տեղում է:

2020թ. պատերազմի ժամանակ  չէի ուզում դուրս գալ քաղաքից: Տպավորություն էր, որ այդ մի քանի օրն է, վերջանալու է… Մեր ամենամոտիկ ընկերը զոհվել է: Մորքուրիս 18 տարեկան թոռը մինչ այսօր անհետ կորած է: Պատկերացրեք, թե ինչքան ծնողներ կան, որ իրենց երեխաների մասին տեղյակ չեն:

Հունվարին արդեն հավաքվում էինք, որպեսզի հետ գնանք Արցախ: Ինչպիսի ուրախություն էր… Ձմեռ էր, պատուհանը բացում էինք, որ  մեր օդը շնչենք…  Ես իսկույն ասացի, որ երկու տղա ել եմ ունենալու, աղջիկ ծնվեց: Ուզում էի` շատանայինք: Ինչքան էլ վատ պայմաններ կային` ես չէի նվնվում: Քառասունքում երեխան գրկիս տակդիրի հերթ էի կանգնում:  Երբեք չէի բողոքում, կատակում էի, այնտեղ գտնվելը վայելք էր: Ինքս ինձ հանգստացնում եմ նրանով, որ ինձնից կախված ամեն ինչ արել եմ…

2023թ. սեպտեմբերի 19-ին  առաջին անգամ առանց ձեթ կերակուր էի պատրաստել: Փոխանակման համար գրել էի կայքերում: Տանն էի փոքրիկիս հետ: Մեծ երեխաներս` դպրոցում ու մանկապարտեզում: Փոքրիս հագցնում եմ և իջնում նկուղ: Հեռախոսակապ չկար: Ամուսինս երեխաներին բերեց նկուղ՝ մեզ կա’մ կմորթեին, կա’մ պետք է կանգնեցնեին պատերազմը:

Իմ անձնական իրերից ամենակարևորը մեր դրոշի գույներով շորերն էին` 3 երեխաս էլ հագել էին: Նվաստացումներից խուսափելու համար ամուսինս հորդորում էր չվերցնել դրանք: Թաքուն դրեցի շորերի մեջ և այդպես անցանք Հակարին… Ամենաշատն ափսոսում էի, որ Ավոյի նկարը չեմ բերել:

Ամենասիրելի թաղամասն այն էր, որտեղ ապրում էինք: Տատիկ-պապիկը երեխաներիս մշտական զբոսանքի և խաղալու վայրն էր: Նույնիսկ երբ սովածանում էին` ավելի երկար էին մնում:

Հայաստանում  միայն լավ մարդկանց ենք հանդիպել: Մեր առաջին օգնությունը ամուսնուս ընկերներն էին: Լրագրողները հետաքրքրված էին մեր կյանքով և ուզում էին օգնել: Մինչև կյանքի վերջ շնորհակալ կլինեմ:

Տաթև Ազիզյան

 

f