«Ստացվում է, որ մենք բյուջեով ծախսեր ենք նախատեսում, որ կատարենք Ադրբեջանի պահանջները»

  • 11:50 04.06.2024

Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում է 2023 թվականի բյուջեի կատարողականը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց Արարատ Միրզոյանին․ «Եթե կարճ գնահատենք, դուք արտաքին հարաբերությունների ոլորտում բյուջեն ծախսել եք աննպատակ, որովհետեւ կառավարության ծրագիրը չեք կատարել։ Արցախի խնդրով ընդհանրապես հակահայկական գործունեություն է կատարվել, այն, ինչ գրված է կառավարության ծրագրում, դրա ճիշտ հակառակն է արվել։ Ցեղասպանության հարցում որեւէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել, եւ այսպես շարունակ։ Սրանք բոլորը ձեր կառավարությունից բխող քայել էին, որ պետք է կատարվեին, բայց չեն կատարվել, ճիշտ հակառակը, կատարվել են Ադրբեջանի պահանջները։ Արդեն ակնհայտ հնչեցվում է, որ այն ծրագիրը, որն իրականացվում է հատվածական սահմանազատման առումով, դա ոչ միայն չի բխում միջազգային փորձից, այլ ուղղակի Ադրբեջանի պահանջն ու ծրագիրն է իրականացվում։ Ադրբեջանը պահանջում է մի բան, մենք դա հիմնանավորում ենք եւ սկսում ենք իրականացնել։ Այդ թվում՝ նույն Սահմանադրության փոփոխությունների հետ կապված պահանջը։ Այսինքն՝ արդյունքում ստացվում է, որ մենք բյուջեով ծախսեր ենք նախատեսում, եւ ըստ էության կատարվում են Ադրբեջանի պահանջները։ Այս առումով բյուջեի կատարողականը ո՞նց եք գնահատում արդյունավետ»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կիսում այդ գնահատականները։ «Ռազմավարական, երկարաժամկետ, հիմնարար առումով այն մոտեցումները, որից ելնելով դուք ներկայացնում եք ձեր գնահատականները, համարում եմ առնվազն մոլորություն, իսկ ավելի լուրջ՝ թերեւ կործանարար մտածելակերպ Հայաստանի Հանրապետության համար, որը պատճառ է եղել այն աղետների, արհավիրքների, որոնց մենք բախվել ենք վերջին տարիների ընթացքում։ Հենց այդ մտածելակերպն է, որ մեզ տասնամյակներով ներարկված է, ես համոզված եմ, որ դրսից է ներարկված, բայց հենց այդ մտածելակերպն է, որ մեզ հանգեցրել է այն կոտրած տաշտակին, որի առջեւ մենք կանգնեցինք վերջին տարիների ընթացքում։ ՀՀ կառավարությունն անում է եւ արել է մի շարք վերլուծություններ եւ հետեւություններ եւ ըստ այդմ արել է խմբագրումներ եւ սրբագրումներ նույնիսկ տեխնիկական փաստաթղթերում կամ ավելի ռազմավարական նշանակության փաստաթղթերում, ինչպիսին, օրինակ, կառավարության ծրագիրն է։ Դուք ասացի՝ մի բան է գրված, այլ բան ենք արել, անշուշտ, գոյություն ունեն տարածաշրջանային գործընթացներ։ Եթե, օրինակ, կառավարության ծրագրում գրված էր ԼՂ մեր հայրենակիցներին այսինչ աջակցության տրամադրում ԼՂ-ում, եւ հիմա ԼՂ-ն հայաթափվել է Ադրբեջանի բռնի գործողությունների հետեւանքով, ակնհայտորեն ծրագրի այդ տողը կատարել հնարավոր չէ եւ իմաստ չունի»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ինչ վերաբերում է Սահմանադրությանը, Ադրբեջանը եւ Հայաստանը իրար առջեւ բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որոնց՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում «խաղաղության» հաստատման համար։ «Սա ամենեւին չի նշանակում, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի կամ Ադրբեջանի միջեւ բանակցություններում օրակարգի մաս է։ Այդպիսի բան չկա, մենք համոզմունք ունենք, որ եւ մեր, եւ իրենց Սահմանադրությունը չի կարող խնդիր լինել երկարատեւ առումով խաղաղության հաստատման համար»,- հավելեց Միրզոյանը։