Մոսկվայում Միրզոյան-Բայրամով-Լավրով հանդիպման նախորդ օրը Հայաստանի արտգործնախարարը հրավիրվել է Թեհրան։ Մինչ այդ Իրանի ԱԳՆ ղեկավարն այցելել է Բաքու և զրուցել Ալիևի հետ։
Արարատ Միրզոյանին ընդունել է անձամբ Իրանի նախագահ Ռաիսին, և դա վկայում է հրատապ խնդիրների մասին։
Ըստ իրանական կողմի՝ Ռաիսին ընդգծել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ Միաժամանակ, իրանական աղբյուրը նշել է, որ «Արարատ Միրզոյանն Իրանին վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների հարթակ»։
Ինչպիսի՞ սահմանի փոփոխության մասին է խոսում Իրանը։ Խոսքն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը նշանակում է ոչ միայն Հայաստանի տարածքի օտարում, այլեւ իրանա-հայկական սահմանի փաստացի արգելափակում։ Ալիևն անդադար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» Մեղրիի երթուղու մասին՝ թույլ չտալով, որ թեման «մարի»։ Չնայած վերջին 2,5 տարվա ընթացքում Իրանն ամեն ինչ արել է այս երթուղին մոռացնելու համար։ Ի դեպ, Էրդողանը խոստովանել է, որ միջանցքի ձախողման «մեղավորը» ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։
Այսպես թե այնպես, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանը չի ձգտում և երբեք չի ձգտի միջանցք ստեղծել և փակել Հայաստանի և Իրանի միջև պատմական ճանապարհները։ «Մենք ադրբեջանցի պաշտոնյաներին բացատրել ենք, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում չենք փակելու Ադրբեջանից Նախիջևան կապի երթուղին»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Այսպիսով, Իրանը վստահեցնում է, որ Մեղրիի միջանցքի հարցը հանված է։ Միևնույն ժամանակ, Աբդոլլահյանը նշել է, որ «Հայաստանի արտգործնախարարի հետ զրուցել են տարածաշրջանում առկա միջանցքների, տարանցիկ կարողությունների և հաղորդակցության խոչընդոտները վերացնելու անհրաժեշտության մասին, և որ երկու երկրների միջև պատմական և ավանդական ուղիների համար խոչընդոտներ չկան”։
Խոսքն առաջին հերթին Նախիջեւանով ճանապարհի բացման մասին է։ Հայաստանը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ պնդում է Երասխ-Մեղրի-Հորադիզ ճանապարհով (Նախիջևանով) երկաթգծի վերաբացումը։ Այս ճանապարհի բացումը հնարավորություն կտա օգտագործել գոյություն ունեցող երկաթուղին և վերականգնել Իրանը Հայաստանի, նաեւ Վրաստանի հետ կապը՝ դեպի Սև ծով ելքով: Բայց Բաքուն կտրականապես մերժեց այս գաղափարը։
Մոսկվան և Բաքուն պնդում են «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, որը, ըստ Իրանի, կարող է հենց դառնալ «սահմանների փոփոխություն և Հայաստանի վերածումը հակաիրանական հենակետի»։ Իրանի նախագահ Ռաիսին Միրզոյանի հետ հանդիպմանը փաստորեն զգուշացրել է արտատարածքային միջանցքի անթույլատրելիության մասին, որը վերահսկվելու է ոչ թե Հայաստանի, այլ այլ ուժերի կողմից։
Այժմ Մոսկվան ու Բաքուն պնդում են Ջերմուկ-Սիսիան-Երասխ-Մարգարա-Թուրքիա երթուղին։ Սա էր Ջերմուկի ուղղությամբ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած արյունալի ագրեսիայի պատճառը։ Այդ անգամ հնարավոր եղավ կանխել Բաքվին փորձը «միջանցքը» ուժով ճեղքել։ Սրա հետ են կապված նաեւ Բաքվի ագրեսիվ գործողությունները Երասխում։
Ռուսաստանի ԱԴԾ հսկողության տակ գտնվող այս միջանցքը Հայաստանը կբաժանի երկու մասի։ Հայաստանի կեսը՝ Վայոց ձորը, Սյունիքը, Արցախը, փաստորեն կմնա անկլավային վիճակում։
Ավելի վաղ Իրանի նախկին արտգործնախարար Վիլայաթին հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է մասնատել Հայաստանը և Իրանին զրկել Հայաստանի հետ սահմանից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: