Ու այդպես ձևավորվել է արցախցիների խումբ, որը մեկնեց Լոռի՝ օգնելու աղետից տուժածներին

  • 13:37 07.06.2024

«Մարդասիրական աշխատանքների շղթան շարունակելու եմ պահել և նոր խմբեր ներգրավել, քանի որ աշխատանքներ շատ կան»․ ասում է Նանար Պողոսյանը

Մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո, երբ Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացել է արտակարգ իրավիճակ և ավերվածությունների է վերածվել շուրջ բոլորը:

Արցախցի իրավաբան, բանասեր, 44-օրյա պատերազմի մասնակից, ապրիլյան քառօրյա պատերազմի մասին “Սեր և պատերազմ” գրքի հեղինակ, մի շարք բարեգործական, մշակութային և մարդասիրական ծրագրերի հեղինակ, Արցախի եւ Կալիֆոռնիայի գրողների միության անդամ, համահայկական “Կոչումը կին՝ ոսկե կոդ 2023թ.” մրցանակակիր, Բիբլիական Արարատ լեռան բարձունքը նվաճած միակ արցախուհի՝ Նանար Պողոսյանը չէր կարող անտարբեր մնալ կատարված արհավիրքի աղետալի հետևանքների հանդեպ։ Ուստի հայտարարություն տվեց և որոշեց ստեղծել արցախցիների կամավորական խումբ ու մեկնել աղետի գոտի, որին դրական է արձագանքել արցախցի բարեգործ Արթուր Խաչատրյանը՝ հայտնելով, որ իր ընկերներից Նելսոն Ավանեսյանը ևս աղետի գոտի մեկնելու միտք է արտահայտել։

Ու այդպես արդյունքում ձևավորվել է սրտացավ ու աշխատող մարդկանց 7 հոգանոց խումբ։ Բարեգործ Արթուր Խաչատրյանը հանձն է առել հոգալու կամավորական խմբի սննդի, հագուստի, գիշերակացի հարցերը։ Առաջարկել է, որ պատրաստ է նաեւ օգնելու աղետից տուժած տների վերականգնողական աշխատանքներին։

Երբ ժամանեցին Լոռու մարզ, կամավորական խմբին ընդունեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Նրանք ողջունեցին արհավիրքից տուժած մարդկանց օգնելու արցախցիների պատրաստակամությունը։ Ընթացքում, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը ևս աջակցեց կամավորական խմբին՝ սննդի ու գիշերակացի հարցերով։

-Երբ սեպտեմբերին բռնի տեղահանվել ենք Արցախից, մեր հայրենակիցները մեզ միայնակ չեն թողել և բոլորն իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում էին, որ օգնեն արցախցիներիս, ուստի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ահավոր աղետից հետո ես չէի կարող չգալ և չկանգնել աղետից տուժած մեր հայրենակիցների կողքին, քանի որ այդ ցավը ես լրիվությամբ զգում եմ իմ մաշկի վրա։ Մեզ տեսնելով՝ մարդիկ ուրախությունից հուզվում ու զարմանում են, թե ինչպես ենք, ինքներս կարիքի մեջ գտնվելով, եկել մեր ուժերի չափով օգնելու։ Շատերը մեր միանման հագուստից մտածում էին, թե մենք ինչ որ կազմակերպություն ենք ու չէին հավատում, որ ո՛չ կազմակերպություն ենք, ո՛չ կուսակցություն, պարզապես նույն բախտի արժանացած սրտացավ մարդիկ ենք, ուղղակի ելնելով աշխատանքի բնույթից ընտրել ենք բանվորական հարմար հագուստ։

Հիմա դեռևս կատարում ենք մաքրման աշխատանքներ, այս պահին օգնելու ավելի շատ բան կա, քան առաջին օրերին։

Պետք է ասեմ, որ սկզբից մեզ խնայում էին և ցանկանում էին տալ թեթև աշխատանք, սակայն մենք արցախցուն վայել կեցվածքով պահանջեցինք ավելի ծանր աշխատանք։ Այստեղ մարդիկ շատ բարեհամբույր են և ամեն քայլափոխի իրենց շնորհակալությունն են հայտնում մեզ, որի կարիքը առհասարակ չկա, որովհետեւ նույն ձև մեր հայրենակիցներն են կանգնել մեր կողքին, երբ մենք դատարկաձեռն անցանք Հակարի կամուրջը։ Ինձ համար կյանքում չկա ավելի վեհ զգացողություն, քան կարիքի մեջ գտնվող մարդկանց գործով օգտակար լինելը։ Իսկ վերականգնողական աշխատանքների համար մեզ ասացին, որ այս պահին դեռ խոնավ է։ Մարդասիրական աշխատանքների շղթան շարունակելու եմ պահել և նոր խմբեր ներգրավել, քանի որ աշխատանքներ շատ կան,- ասում է Նանար Պողոսյանը։

-Իմ կարծիքով աղետի գոտի մեկնելու մտադրություն շատ ու շատ արցախցիների մտքով էլ է անցել, սակայն մտահղացումն ուրիշ է, այն իրականացնելը բոլորովին այլ բան։ Ուղղակի պետք է մարդ որոշում կայացնի ու գնա։ Մենք որոշել ու մեկնել ենք աղետի վայր։ Չգիտեինք, թե այնտեղ ինչ է կատարվում, մինչև մեր սեփական աչքերով ականատես չեղանք։ Իհարկե, ահռելի աշխատանք է կատարվում այստեղ։ Հնարավորին չափով աջակցություն ենք ցուցաբերում։ Լինում են և՛ հիասթափության և՛ գոտեպնդման պահեր։ Մենք գնացել ենք գոտեպնդելու համար։

Երբ եկանք, Քարկոփը ցեխով լցված մի բնակավայր էր՝ առանց լույսի, գազի ու ջրի։ Իհարկե, մարդիկ սոված չէին մնում, քանի որ պետական միջոցներով ջանք ու եռանդ էր տարվում սննդի հարցերը հոգալու համար։ Մեր փոքրիկ խմբի մասնակցությունը մի այլ նշանակություն ունեցավ այդ բնակավայրի բնակչության համար։ Մարդիկ շատ էին ընկճված, կանայք լացում էին, սակայն մեզ տեսնելով, հասկանում էին, որ եթե ամեն ինչ կորցրած արցախցին դիմանում է, իրենք ևս պետք է դիմանան։

Իհարկե, հեշտ չէ կատարել նման բարդ աշխատանք, առնչվել աղետից տուժած, ծանր հոգեվիճակում գտնվող մարդկանց հետ, սակայն կարողանում ենք կարգավորել իրավիճակն ու մեր վերաբերմունքով թեթևացնել մարդկանց ցավը, – ասում է Նելսոն Ավանեսյանը և հավելում, որ Լոռին իր համար շատ հարազատ ու թանկ է։ Նրա ուսանողական կյանքն անցել է այստեղ՝ այս հեքիաթային բնության գրկում և լավ մարդկանց միջավայրում։

Արցախցի կամավորները, իրականացնելով մաքրման աշխատանքները, միաժամանակ շփվում են տեղացիների հետ, խոսում դարդ ու ցավերից, հույս հայտնում, որ շուտով կլուծվեն առաջացած խնդիրներն ու կյանքը կմտնի բնականոն հունի մեջ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f