Շատերը կհիշեն բլոկադայի կատակները գորոխով սրճի (սիսեռika), հոսանքի եւ գազի մասին: «Աչքիս ադրբեջանցիները գազի վինտիլով խաղում են. մեկ բացում, մեկ փակում են…»:
Երբ Ստեփանակերտի փողոցներում մեքենաներ էին հայտնվում, իսկ գազալցակայաններում հերթը կիլոմետրի էր հասնում, նշանակում է` բացել են:
Ինչեւէ, եկավ մի պահ, երբ “հարեւանները” բոլորովին «լրջացան» եւ գազի ծորակը փակեցին մեկընդմիշտ: «Վթար» է: Այսպես մայրաքաղաքը դատարկվեց: Մարդիկ թեք հատում էին պողոտան, քայլում մեջտեղով, ձայներն արձագանքում էին, լուսացույցը դեղին թարթում էր, ՃՈ մեքենան դատարկ կանգնել էր Շահումյանի արձանի մոտ, ոստիկանները նստել են Պիտաչոկի լորենիների տակ:
Քաղաքի բոլոր փողոցները հեծանվուղու էին վերածվել: Բացի այդ, վերջին տարիներին գրեթե բոլոր բակերն բարեկարգել, ասֆալտ էին փռել, այնպես որ, քշեք` որտեղով ցանկանում եք:
«Թարսի պես» էլ ինձ հենց այդ օրերին հեծանիվ նվիրեցին: Հետո իմացա, որ Ստեփանակերտում հեծանվորդների ակումբ կա եւ միացա նրանց` չիմանալով, թե ինչպես են աստղիկները փոխում, չէի կարողանում նրանց հետեւից հասնել, հենց առաջին օրն էլ սխալ յուղեցի եւ փչացրի հետեւի արգելակը: Հետո խմբի փորձառուներն ինձ սովորեցրին թաթն ինչպես ոտնակին (պեդալին) դնել, մեջքն ինչ դիրքում պահել, այսպիսի մի քանի պարզ խորհուրդներից հետո վարելն հեշտ ու հաճելի դարձավ:
Ամեն դեպքում, լավն այն էր, որ ինձ պես անփորձ մեկն էլ կար, եւ հաճախ երեկոները ես ու Գոգան հեծանիվ էինք քշում դատարկ ու մութ փողոցներով: Հրապարակ, Ազատամարտիկների, մինչեւ Շուշվա ուգլ ու Բարդակ փաբ, Կոլցեվոյ ու հետ, Գետափնյաով մինչեւ Մազի կամուրջ: Ուր ուզես, անգամ Բալուջայի գետ, մեքենա չկա հիմա…
Իմ հեծանիվը շատ լավն էր եւ երեխաներն ինձ այնպես էին նայում, ասես հարուստ հորից նվեր եմ ստացել: Քանի յա՞, – զմայլված հարցնում էին նրանք: Ուրիշներն ավելի լուրջ նպատակով էին ցանկանում գնել այն: «Զորամասը հեռու է, տրանսպորտ չա, ամեն օր ոտքով գնում եմ Հայկազով, ոտքերս բատինկաների մեջ եփում են… Գուցե վաճառե՞ս», – հետաքրքրվում էր մի սպա:
Հեծանիվն այնքան պինդ էր, որ անգամ УАЗ-ի հարվածին դիմացավ, երբ ես իմ ստվերին հասնելով գնում էի Ասկերան: Դրա համար էր բժիշկն ինձ ծովի աղով մասաժներ նշանակել. «մեկ է, դեղ չես գտնելու, գոնե տես աղ կա՞ դեղատանը…»:
Նախքան այս միջադեպը Շուշվա ուգլում կանգնել էինք մի քիչ հանգստանալու, եւ տարօրինակ մի ձայն ենք լսում: Ձին դոփյուններով տանում է իր տիրոջը Արթուր Մկրտչյան փողոցով: «Դահա՛», – հրամայում է տերը, ճիպոտը ճոճում
Ընդհանրապես, երբ Ստեփանակերտում կենդանիներ են հայտնվում, դա միայն վատ բանի մասին էր գուժում: Հիշում եմ 44-օրյա պատերազմի ժամանակ կովերին ծննդատան ծորակից ջուր խմելիս, հիշում եմ բլոկադայի շներին, որոնց տերերը պարզապես բաց են թողել, քանի որ կերակրելու բան չկա, նաեւ հիշում եմ, թե ինչպես էին մարտակերտցիները ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հնգհարկերի շքամուտքերում ոչխար, այծ պահում:
Վառելիքն իսպառ վերջանում էր, մոտիկ գյուղերից ինչ կարողանում` էշով, ձիով քաղաք էին բերում գյուղացիները: Շատ հուզիչ էր:
Չինական հեծանիվներ էլ կային: Մի զինվորական մեջքից կռացած մանկական վարդագույն հեծանիվով բարձրանում է Ազատամարտիկներով: Դա ծիծաղ չէր: Երեւում է, որ երբ իր մեքենայում վառելիք կար, հեծանիվն երեխան էր քշում, երեւում էր, որ ինքն էր նվիրել (երեւի երբ աշխատավարձ էր ստացել), իսկ հիմա ստիպված «հետ է վերցրել» նվերը:
Մի ուրիշը երկու դպրոցական երեխաներով փորձում էր տեղավորվել հեծանիվի վրա եւ տուն տանել նրանց: Կինը ծանր տոպրակները ձեռքին հուզված նայում էր նրանց:
«Ստեփանակերտը Բոմբեյ է դառել, սա ի՞նչ բան է, բոլորը հեծանիվ են քշում», – ասում էր մի տաքսիստ:
Ցավալի էր տեսնել, ինչպես են երեխաները հեծանիվի բեռնախցիկում մի ողկույզ խաղող դրած իջնում քաղաքով, ցավալի էր տեսնել տարեց մարդու հեծանիվով էլցանցի դիքը տնքալով բարձրանալիս, ցավալի էր հեծանիվով զինվորականներ տեսնել:
Բլոկադայի ժամանակ, երբ վառելիք չի եղել, հեծանիվն իրոք շատ է օգնել դժվարություններ հաղթահարել: Մարդիկ հաց են բաժանել, ծանր բեռներ տեղափոխել, աշխատանքի գնացել:
«Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարություններն ու տրտմությունը հաղթահարելու ուժ է: Կեցցե՛ հեծանիվը»:
Կեցցե, կեցցե… Պարզ չէ միայն, որքանով է արցախցիների տրմությունը հաղթահարվել:
Մարութ Վանյան
Լուսանկարները՝ հեղինակի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: