Արցախցիների կյանքի պատմություններն անվերջանալի են, ամեն մեկը՝ յուրօրինակ և, ցավոք, շատերն ընթանում են տխուր ելևէջներով։
Արմինեն ապրում էր Ասկերան քաղաքում, ծնվել է Ակնաղբյուր գյուղում։ 2020 թվականից է նրա սիրտը կոտրված, երբ հայրենի գյուղը մնաց թշնամու վերահսկողության տակ, և հարազատները բռնեցին գաղթի ճանապարհը։ Այդ ժամանակ Արմինեն չգիտեր, որ երեք տարի հետո ողջ արցախահայությունն է արժանանալու այդ ճակատագրին։
Երեխաների հետ Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին, հաջորդ օրը ամուսինը՝ Արսենը, պետք է միանար ընտանիքին։ Սակայն չարաբաստիկ 25-ը ճակատագրական եղավ նաև այս ընտանիքի համար։ Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և սեպտեմբերի 19-ի պատերազմների մասնակից Արսեն Գասպարյանը մեկն էր այն հարյուրավոր զոհերից, որոնց կյանքը խլեց բենզինի պահեստի պայթյունը։
Արմինեն երեք դստրերի ու ամուսնու մոր հետ ապրում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։ Որպես հոգեբան աշխատում է տեղի միջնակարգ դպրոցում։ Աշխատանքն օգնում է նրան փոքր-ինչ թոթափելու նյութական և հոգեբանական դժվարությունները։ ԱՀԱ ընկերակցությունը, որի “Շող” ցերեկային կենտրոնի Ասկերանի մասնաճյուղում էր աշխատում, շարունակում է աջակցել ու օգնություն ցուցաբերել Արմինեին։
Երբ հետադարձ հայացք է ձգում, ոչ մի բացասական բան չի կարողանում հիշել Արսենից։ Նա շատ հոգատար էր, սիրող ամուսին ու հայր, նվիրված զավակ ու ընկեր։ Ընտանեկան ալբոմը նայելով՝ վերհիշում է ոչ վաղ անցյալը, ամեն մի նկար իր գեղեցիկ պատմությունն ու հիշողությունն ուներ։
-2023 թվականի սեպտեմբեր 19-ին սահմանում անհանգիստ ու լարված էր։ Արսենը մարտական դիրքերում էր, զանգեցի, խոսեցի հետն ու մի քիչ հանգստացած գնացի աշխատանքի։ Աղջիկս դպրոցում էր, մյուս երկուսը տանը՝ մայրիկիս հետ։ Դեռ չէի հասել աշխատավայր, երբ լսվեցին հրետանու առաջին կրակոցները։ Մի պահ շվարած կանգ առա, այնուհետև, ինքս ինձ հուսադրելով, ևս երկու քայլ արեցի, ու արդեն հաջորդեցին ավելի ինտենսիվ զարկերը։ Փողոցում արդեն խուճապ էր, իրարանցում, դպրոցից տուն վերադարձող երեխաները այս ու այն կողմ էին վազում։ Վախեցած երեխաներին ուղղորդեցի մոտակա շենքի նկուղը, ինքս վազեցի տուն։ Թեև ոտքերս չէին ենթարկվում, բայց ինչքան ուժ ունեի՝ վազում էի։ Հասա տուն ու բալիկներիս հետ շտապեցինք դպրոցի նկուղ․ այնտեղ էր մեծ աղջիկս։ Րոպեներ, ժամեր, որոնք անցնում էին այնքա՜ն դանդաղ, սրտի թրթիռով, աղոթքով։ Ամեն մի արկի պայթյունից դողում էր սիրտս, հասկանում է, որ կյանքեր ենք կորցնում, ու դա ամենասարսափելին էր։ Ապա օդանավակայան… մղձավանջային ժամեր, անօգնական մարդիկ, հուսահատ հայացքներ, անասելի տեսարան, որը, թերևս, միայն ամենասարսափ ֆիլմերում էինք տեսել։
Այդ հավերժական թվացող մեկ օրը ավարտվեց։ Արսենի հետ կապ չկար, բայց հաջողվեց խոսել եղբորս հետ․ նրանք նույն դիրքում էին, ողջ․․․
Երբ ամուսինս եկավ օդանավակայան, այդ պահին հասկացա, որ կյանքում ամենակարևորը կյանքն է, աստվածատուր։ Փառք տվեցի Աստծուն, որ այս անգամ ևս Նա գթացել է մեզ։ Բայց ավա՜ղ դա դեռ վերջը չէր,-պատմում է Արմինեն։
Ցավալիորեն ծանր է անցյալով խոսել մի երիտասարդի մասին, ով անցել է պատերազմների միջով, մասնակցել ամենավտանգավոր մարտական գործողություններին, ողջ մնացել ու զոհվել դժբախտ պատահարից։ Արսենը 44-օրյա պատերազմի ժամանակ Ալեքսանդր Հարությունյանի՝ լեգենդար Սաշկոյի խմբում էր։ Կռվում էին մահվան աչքերին նայելով, անդառնալի կորուստներ ունենալով։ Երկար ժամանակ ուշքի չէր գալիս ավագ մարտական ընկերոջ կորստի ցավից։ Նեղվում էր, որ ինքը ողջ է մնացել, իսկ տղաները՝ ոչ․․․
Արմինեն շարունակում է հիշել․
-Եկանք տուն, վերջին անգամ գիշերեցինք մեր տանը, որը մեր սեփականը չէր, բայց արդեն 11 տարի մեր հարազատ օջախն էր։ Մեր ընտանիքի ստեղծման առաջին իսկ օրից մեր դժվարություններն ու հաջողությունները, մեր դստրիկների ծնունդներն ու երջանիկ պահերը հենց այդ տանն են եղել։
Սեպտեմբերի 25-ի առավոտյան Արսենը ինձ ու երեխաներին եղբորս հետ ճանապարհեց Հայաստան՝ ասելով, որ բենզին ձեռք կբերի ու կգա մեր հետևից։ Բայց այդպես էլ չեկավ, դա մեր վերջին հանդիպումն էր։ Ուզում եմ մտածել, որ այս ամենը մի չար երազ է, կզարթնեմ՝ Արսենը տանը կլինի․․․
Մեր փոքրիկ աղջիկը՝ Լինան, որ ընդամենը երեք տարեկան է, չի հաշտվում հոր բացակայության հետ։ Օրվա մեջ բազմաթիվ անգամ հայրիկին է կանչում, սպասում, որ կգա։ Երեխաներիս աչքերի փայլը կորել է, ու դա աննկարագրելի ցավ է ինձ համար։ Երբ թևերդ կոտրված են, հենարան չունես, երբ մենակ ես՝ փոշիացած երազանքներով, առանց ապրելու ցանկության, բայց տեսնում ես քեզ նայող անմեղ հայացքներն ու հասկանում, որ պարտավոր ես ապրել և ուժեղ լինել։ Պարտավոր ես ապրել հանուն ամուսնուդ չապրած կյանքի։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: