Փաստաբան Ռոման Երիցյանը բարձրաձայնում է այն ցավոտ իրավիճակների մասին, երբ Արցախի քաղաքացին պարեկային ծառայողների կողմից դաժան ծեծի ենթարկվելու պատճառով դիմել է փաստաբանական աջակցություն ստանալու համար:
Երևան քաղաքի կենտրոնական հատվածում գիշերվա ժամը 12-ին քաղաքացու մեքենան կանգնեցրել են` պարզաբանելով, որ ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը լրացել է: Կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և քաղաքացուն առաջարկել են ստորագրել այն: Հրաժարվելուց հետո նրանք ցուցաբերել են ագրեսիվ վերաբերմունք և այդ խոսակցության ընթացքում հանելով իրենց մոտ պահվող արցունքաբեր գազը, լրիվությամբ դատարկել են քաղաքացու դեմքին` պատճառելով տարբեր աստիճանի այրվածքներ:
«Գրեթե կուրացած վիճակում գտնվող մարդուն 10-ից ավելի պարեկային ծառայողներ ծեծի են ենթարկել, տեղափոխել պարեկային ծառայության ավտոմեքենա, այնուհետև նորից հանել մեքենայից ցատկով հարվածել մեջքի հատվածին` ջարդելով ողերը: 7 րոպե ինտենսիվ ծեծվելու հետևանքով ներկայումս քաղաքացին ունի բազմաթիվ վնասվածքներ և տեսողության խնդիր: Պարեկային ավտոմեքենայի մոտ ոմն մայոր Առաքելյանը բացել է դուռը և ձեռքով հարված հասցրել քաղաքացու դեմքին` պատճառելով վնասվածքներ շրթունքների շրջանում»,- մանրամասներ է ներկայացնում փաստաբանը` նշելով, որ պատահական անցորդը, որը հորդորել է պարեկային ծառայության աշխատակիցներին հանդարտվել, արժանացել է նույն վերաբերմունքին: Ծեծվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:
Տեղափոխվելու ընթացքում նույն ծառայողները հորդորում էին արցախցուն այս կապակցությամբ հաղորդում չներկայացնել իրավապահ մարմիններին: Մինչդեռ քաղաքացին ներկայացրել է և հարուցել է քրեական վարույթ, սակայն որևէ անձ դեռևս այս պահի դրությամբ չի ձերբակալվել` անգամ չի հարցաքննվել:
Քննիչի կողմից առգրավվել են դեպքի վայրը տեսահսկած տեսախցիկների արձանագրությունից կոշտ կրիչները: «Նշել են, որ զննվելու են հենց մեր ներկայությամբ և առաջին իսկ հնարավորության դեպքում ես կհրապարակեմ այդ տեսաձայնագրությունները, որոնցից հստակ հետևում է, թե ինչի են արժանացնում արցախցուն ընդամենը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չստորագրելու պատճառով:
Տեղի ունեցածի իրական պատճառն այլ է: Այդ արցախցու հետ երթևեկում էին այլ արցախցիներ, որոնք աջակցում էին Բագրատ Սրբազանի շարժմանը: Ավելի քան ակնհայտ է, որ քաղաքացու հանդեպ դրսևորած վերաբերմունքը փոխկապակցված է ՀՀ-ում տեղի ունեցող հանրահայտ իրադարձություններին»,-նշում է փաստաբանը` զուգահեռներ անցկացնելով Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների նկատմամբ հարուցված վարույթների միջև` մասնավորապես Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերի նկատմամբ:
Փաստաբան Ռոման Երիցյանը ապուշությունից բացի այլ բառ չի գտնում մեկնաբանելու համար այն ամենը, ինչի մեջ մեղադրվում են կոնկրետ քաղաքապետերը: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախության մեջ: Այն հարցին ի պատասխան, թե ում նկատմամբ է տեղի ունեցել խարդախություն` պատասխան չկա: Ով է տուժել` պատասխան չկա: Որն է հասցված վնասը` պատասխան չկա: Սրան զուգահեռ` դատարանը հիմնավոր կասկածի առկայությունը համարում է հաստատված և քաղաքապետին կալանավորում է 20 օր ժամանակահատվածով, որը բավարար կլիներ վերջիններիս կողմից իրենց հանրային հեղինակությունները օգտագործել ՀՀ-ում տեղի ունեցող հանրահայտ իրադարձություններին:
Կան նաև այլ գործողություններ, որոնք ձեռնարկվել են արցախցիների նկատմամբ, այդ թվում նաև պաշտոնատար անձանց նկատմամբ… Պարեկային ծառայողները արցախյան համարանիշներով ավտոմեքենա տեսնելիս առաջին հերթին կանգնեցնում են և եղած կամ չեղած տեղը ենթարկում վարչական պատասխանատվության: Փաստաբանը եզրակացնում է.«Այս ամենի պատճառն այն է, որ արցախցիներն ինտենսիվ կերպով մասնակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: