Կարոտը դառնում է բառեր, հնչյուններ, արցունքներ, նաեւ՝ դաջվածքներ։
Արցախի կորստից հետո շատ հաճախ կարելի է նկատել «արցախյան» դաջվածքներ, բայց այս դաջվածքների ակունքները ոչ վաղ անցյալում են՝ դեռևս 2020թ․ պատերազմից հետո։
Իմ տեսած առաջին «զույգով» դաջվածքներից մեկը Արցախի հանրային հեռուստատեսության էկրանի դեմքը հանդիսացած Ծովինար Բարխուդարյանինն էր՝ «Պապիկ և Տատիկ»: Պապիկը Ծովինարի ձեռքին է, տատիկը՝ ամուսնու։
«Երկար չենք մտածել. պատերազմից հետո Երևան էինք եկել՝ երեխաներին տուն տանելու։ Անցնում էինք մի սրահի մոտով, ու միտքը ծագեց։ Մտածեցի մի բան, որը կյանքն է խորհրդանշում, ապրելու ու սեփական հողում արմատներն ամրացնելու կամքը՝ մեր Դեդոն-Բաբոն։ Դեդոն իմ ձախ ձեռքին է, բաբոն՝ իր։ Նրանք միանում են, երբ իրար ձեռքից բռնում ենք, երբ միասին ենք։ Հիմա ավելի շատ ու ամուր եմ նրա ձեռքից բռնած»,- պատմում է Ծովինարը։
Ծովինարի ամուսինը դաջվածքների սիրահար է, դաջվածքներ շատ ունի, դրա համար էլ ինքը չառարկեց, ավելին՝ միանգամից ու սիրով համաձայնեց։
Մեր առօրյայում կանանց մոտ դաջվածքները հազվադեպ էին, իմ մանկությունից, օրինակ, միայն մի կին էի ճանաչում, որը դաջվածք ուներ՝ Նուրա տոտան, որը մուշկապատցի կին էր, եւ նրա դաջվածքն ինձ համար «ազդեցիկ, գողական» անցյալի մասին էր խոսում։ Սա, իհարկե, զուտ իմ պատկերացումն էր։ Բայց, ամեն դեպքում, կանանց դաջվածքները մեզ մոտ, մեղմ ասած, տարածված չէին։
Պատերազմից հետո, սակայն, շատացան նաեւ կարոտի դաջվածքները․․․ Կարոտի դաջվածք ունի նաեւ Տաթեւիկը, ում հարազատ եղբայրը նահատակվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
«2020թ. պատերազմից հետո շատերը հիշատակի դաջվածքներ ունեցան իրենց մարմնին։ Կորստի ու կարոտի հետևանք է, երևի։ Իմն էլ էս նկարինն է»,- ասում է Տաթևիկը։
«Հիմնականում բոլորը նմանեցնում են նոտայի։ Քչերին էի մանրամասնում, թե իրականում ինչ է խորհրդանշում, որովհետև ամեն անգամ սիրտս արագ էր բաբախում, ու աչքերս էլ լցվում էին։ Հիմա ավելի հանգիստ եմ տանում, որովհետև ցավն էդպիսի բան է` ժամանակի հետ սովորում ես հետը հաշտ ապրել»,- անկեղծանում է նա։
«Թիմոն և Պումբա» մուլտսերիալի հայտնի արտահայտության խորհրդանիշն է դաստակին` hakuna matata, որը սուահիլի (արևելաաֆրիկյան բանտու ժողովրդի էթնիկ խումբ) լեզվից թարգմանաբար նշանակում է` հոգսեր չկան։
«Փոքր ժամանակ ես ու Հայկը շատ էինք սիրում այդ մուլտը, այնքան շատ, որ հերոսների հետ էինք մեզ ասոցացնում։ Քանի որ նա չափազանց նիհար էր, ապա ինքը Թիմոնն էր, ես էլ գնդլիկ էի և միամիտ, դրա համար էլ ես Պումբան էի»,- վերհիշում է Տաթեւիկը, ում դաստակին արդեն 4-րդ տարին դաջված է նշանը՝ համատեղված «Հ» տառի հետ։ Սա հարազատին ավելի մոտ զգալու ապրում է, թեկուզ՝ դաջվածքի տեսքով։
Բռնատեղահանությունից ու Արցախի կորստից հետո դաջվածքներ ավելի շատ կարելի է տեսնել, և գուցե սա միջոց է անհաղթահարելի կիլոմետրերը հաղթահարելու՝ մտովի, կրելու հողդ քո մեջ։
Մեր մյուս կերպարը՝ Հայկը, լուսանկարիչ է, եւ իր ձեռքերը միշտ ուշադրության կենտրոնում են։ Տեղահանումից հետո որոշեց իր համար շատ հարազատ դաջվածքները «զետեղել» հենց ձեռքերին։
«Միշտ ուզում էի արցախյան թեմատիկայով դաջվածքներ անել, բայց պատկերացնում էի, որ դրանք պատերազմի հաղթական ավարտից հետո պիտի լինեն․․ Դե, որոշեցի հիմա անել»,- պատմում է Հայկը, որը վերջին 8 ամսվա ընթացքում արդեն 3 դաջվածք է արել։
Ձեռքերին «Մենք ենք մեր սարերը» եւ Արցախի դրոշի աստիճաններն են։
«Արցախյան թեմատիկայով երկու դաջվածքներս էլ ձեռքերիս ափի հակառակ կողմում եմ արել՝ ավելի տեսանելի, ավելի ցուցադրական, որ բոլորն իմանան՝ Արցախից եմ»,- ասում է Հայկը։
Դաջվածքների հանդեպ վերաբերմունքը տարբեր է, հիմնականում ՝ դրական։
«Առաջին դրական արձագանքը իմ դաջվածքի մասին եղել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանի կողմից»,- հիշում է Հայկն ու ավելացնում, որ այդ հանդիպման ժամանակ հաճախ է դեսպանի հայացքը «բռնացրել» իր դաջվածքին։
Դաջվածքը շատ անհատական է, խորհրդանշական, այն հավերժ կապում է քեզ այդ մտքին, կրում ես, քանի որ քո պատմությունն է։ Հայկի երրորդ դաջվածքը «թվեր» են։
«Վերջին դաջվածքս մեր Ստեփանակերտի տան կոորդինատներն են: Այս թվերն ամենաշատն են մարդկանց հետաքրքրում։ Շատերն են հարցնում, եւ զգացել եմ, որ իմ դաջվածքներից դա ամենահուզողն ու ամենավշտացնողն է»,- ասում է Հայկը։
Տունը, բնօրրանը, կարոտը, ցավը դառնում են պատկերներ ու փոքր ինչ սփոփում մարդուն: Բայց որքան էլ շատանում են դաջվածքները, Ծովինարը համոզված է՝ «մեր կորուստը մեր հոգում ու մտքում է դաջված, ոչինչ ի զորու չէ մոռացնել տալու այն ու սպիացնելու այդ բաց վերքը»։
Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիա-ակումբի նախագծի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: