Մեր ժառանգությունը դեռևս շարունակում է պայքարել՝ նաև մեր փոխարեն․ Սթունիս

  • 16:49 12.06.2024

Հիշողության կրիչները՝ որպես պայքարի միջոց

Անփոփոխ է մուսավաթական, ապա նաև խորհրդային Ադրբեջանի ու ալիևյան ավտորիտար կլանի հակահայ քաղաքականությունն՝ ուղղված արցախահայության ֆիզիկական ոչնչացմանն ու մշակութային ցեղասպանությանը։ Անփոփոխ ենք նաև մենք, ամեն մի իրավիճակի մեր հարմարվողականությամբ ու նաև նրանով, որ մեզ հետ հազար անգամ կատարվածին միշտ նայում ենք նորովի ու տարօրինակ զարմանքով՝ մոռանալով նույնիսկ ոչ հեռավոր անցյալը։

Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքը ադրբեջանականացնելու ու մահմեդականացնելու քաղաքականություն է վարում, առաջնորդվելով հայտնի “այն ինչ Ադրբեջանի տարածքում է՝ ադրբեջանական է” կարգախոսով։  Ալիևն Արցախում նոր մզկիթներ է կառուցում՝ զուգահեռ հիմնահատակ ավերելով հայկական հին ու նոր եկեղեցիները Մեխակավանի Սբ Աստվածածին զորավոր, Շուշիի Կանաչ ժամ, Բերձորի Սբ Համբարձման և Աղավնոյի եկեղեցիները։

Առնվազն տարօրինակ է որոշ հայերի համաձայնվողական դիրքորոշումը հայկական տարածքների մասին Ադրբեջանի ստեղծած միֆերի վերաբերյալ։ Այսօր Քաշաթաղն ու Քարվաճառն են համարում ադրբեջանական հողեր, վաղն արդեն ամբողջ Արցախն այդպես կդիտարկեն՝ ադրբեջանցիների պես հաշվի չնստելով այն հսկայական պատմամշակութային ժառանգության հետ, որը դարերով հայությունը ստեղծել է այդ տարածքներում։

Ի հեճուկս նրանց, մեր ժառանգությունը դեռևս շարունակում է պայքարել, նաև մեր փոխարեն։

Սթունիս գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Այն պատմական Աղահեճք գավառի բնակավայրերից մեկն է, որը հիշատակված է Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցանկում։ 19-րդ դարում, երբ գյուղը բնակեցվել է քրդերով, գյուղի անվանումն աղավաղվել դարձել է Սադընլար, ու որոշ ժամանակակից քաղաքական գործիչների տրամաբանությամբ, այս Սադընլարը չի կարող կապ ունենալ հայերիս հետ։

Գյուղի հարավային կողմում՝ գետի ձախակողմյան բարձրադիր հարթակի վրա գտնվում է եկեղեցին, որը ցավոք շինարարական արձանագրություն չունի։ Դատելով ճարտարապետական և շինարարական առանձնահատկություններից, ինչպես նաև համեմատելով տարածաշրջանում առկա նույնատիպ թվագրված կառույցների հետ՝ հուշարձանը հնարավոր է վերագրել 17-րդ դարին։ Որպես եկեղեցի գործել է մինչև 18-րդ դարի կեսերը։ Այնուհետև սկսվել է գյուղի հայաթափումը։

Եկեղեցին եռանավ, թաղածածկ, զուսպ հարդարանքով շինություն է։ Արտաքին և ներքին պատերին ու սյուներին ագուցված 12-16-րդ դարերով թվագրվող խաչքարերի և տապանաքարերի բազմաթիվ բեկորները փաստում են տարածքում տվյալ ժամանակաշրջանում հայերի ներկայության մասին։ Հարավային արևմտակողմ սյան խոյակին և նրա ստորին հատվածում փորագրված է հիշատակագրական արձանագրություն, որը մասամբ ծածկված է կրաշերտով։ Այդուհանդերձ, որոշ մաս կարդացվում է, որտեղ հիշատակված է ․․․եղբայրն Հայկազին․․․ չի բացառվում, որ խոսքը վերաբերվում է Քաշաթաղի մելիք Հայկազին։

 

Ինչպես տարածքի շատ այլ հուշարձաններ, եկեղեցին նույնպես դուրս չի մնացել հետագայում այստեղ հաստատված օտարների ուշադրությունից, ովքեր ձևախեղելով կառույցը, այն հարմարեցրել են իրենց կենցաղային նպատակներին։ Ու չնայած դրան, այն փրկվածների շարքում է, կամ էր, քանի որ տարածքը հանձնվելուց հետո հուշարձանի ճակատագիրն անհայտ է։

Արմինե Հայրապետյան

 

 

f