Ռոբերտ և Լարիսա Մանուչարյանների ընտանիքն Ասկերան քաղաքի լուսավոր ընտանիքներից մեկն էր։ Հարուստ էին, և նրանց հարստությունը չորս զավակներն էին՝ երեք որդի ու մի դուստր․ Կարեն, Դավիթ, Գևորգ, Նորա․․․
Երբ Ասկերանի մայրաբերդն անցնում ու մտնում էիր քաղաք՝ անմիջապես այդ օջախի առօրյան էիր տեսնում․ տան դիրքն էր այդպիսին։ Համերաշխ, հյուրասեր ու բարեխիղճ այդ ընտանիքի տան դարպասները բաց էին, իսկ բակում միշտ աշխատանքներ էին եռում։ Թեև զավակներն ամուսնացել ու ամեն մեկն իր առանձին տունուտեղն ուներ, սակայն հայրական օջախի ձգողական ուժն ու մայրական ճաշի համն ու կարոտն ուրիշ էին․․․
․․․Տան բակի մի մասում սեփական այգուց հավաքված, արդար քրտինքով ստեղծած բերք ու բարիքն էր շարված, մի մասում տղաները հերթով փայտ էին կտրատում, դասավորում, մայր ու աղջիկ ձմեռվա չիր ու չամիչ էին պատրաստում, իսկ հայրը միշտ մեքենայի վրա էր աշխատում՝ այն սարքին պահելու համար։ Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան էր։ Ազնիվ, մաքուր քրտինքով ապրող ընտանիքն ասես գաղտնիքներ չուներ ասկերանցիներից։ Երանելի օրեր էին, ինչքա՜ն երջանիկ էր Լարիսան՝ բազմազավակ մայրը։ Նրա դեմքը միշտ ժպիտով էր պարուրված, քաղցրածոր լեզվով խոսում և իր դրական էներգիան էր հաղորդում բոլորին։ Բայց այս ամենը արցախցիներիս նախկին կյանքում է այլևս․․․ Տեղահանվածներիս կյանքի գիրքը երկու գլխից է բաղկացած՝ մինչև և հետո․․․
2023 թվականի սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմից հետո Լարիսան փառք էր տալիս Աստծուն, որ անկորուստ մնացին։ Սակայն Արցախի գլխավերևում կուտակված ամպերը չէին հեռանում։ Եկավ այն պահը, երբ արցախահայությունը ստիպված էր տեղահանվել Հայրենիքից։ Ինչպես բոլոր արցախցիները՝ Մանուչարյանները ևս պատրաստվում էին հեռանալ։ Տղաները վառելիքի փնտրտուքի մեջ էին։ Սեպտեմբերի 25-ին, երբ լսեցին, որ Ստեփանակերտի ներքևում Հայկազով տեղամասում գտնվող բենզինի պահեստում վառելիք են բաժանում, Դավիթն ու Գևորգը շտապեցին այնտեղ՝ հարազատներին հորդորելով հավաքել ամենաանհրաժեշտն ու սպասել։
Սպասել․․․ինչքա՜ն դժվար է այդ սպասել կոչվածը․․․
Բենզինի պահեստի ողբերգական դեպքը չշրջանցեց նաև Մանուչարյաններին։ Պատերազմներով անցած և շրջափակում հաղթահարած երկու եղբայր նույն վայրում ու նույն վայրկյանին կրակի զոհ դարձան։ Որդեկորույս մոր ողբի աղաղակները դեռևս մեր ականջներում են, երիտասարդ կանանց շվարած ու ցավատանջ դեմքերը, անմեղ երեխաների լացը՝ մեր աչքի առաջ․ մի՞թե Աստված դաժան չգտնվեց, մի՞թե ճակատագիրն անողոք չէր․․․
Հարազատները սկզբից չէին ցանկանում հավատալ, սպասում էին ինչ- որ հրաշքի։ Տղաներին անընդհատ փնտրում էին անճանաչելի դարձած վիրավորների ու զոհվածների ցուցակների մեջ։ Ավա՜ղ, չկային․․․Ավելի քան մեկ ամիս անց, ԴՆԹ փորձաքննությունից հետո հողին հանձնվեցին եղբայրների աճյունները։ Ասում են՝ հողը թեթևություն է բերում։
Սեպտեմբերի 25-ը գլխիվայր շուռ է տվել Մանուչարյանների մեծ ու համերշախ գերդաստանի հանգիստ ընթացքը։ Այսօր բոլորը ցրված են տարբեր տեղերում։
Դավթի և Գևորգի ընտանիքները տեղափոխվել ու ապրում են Ռուսաստանում։ Ծնողները ևս մեկնել են Ռուսաստան՝ ավագ որդու մոտ․ գո՞ւցե կարողանան մի քիչ փարատվել այնտեղ։ Հայաստանում մնացել է ընտանիքի մինուճար դուստրը՝ եղբայրների պաշտելի քույրը։ Նա խնամում ու խնկարկում է եղբայրների շիրիմները, ծաղիկներով պատում գերեզմանները։
Այո՛, դառն է արցախցու ճակատագիրը, սակայն նա բոլորից տարբերվում է նրանով, որ ունի փյունիկի նման վեր հառնելու առաքելություն։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: