Այնպիսի տպավորություն էր, որ ռուսը հատուկ եկել էր, որ այդ ամենը հանձնվեր

  • 22:41 13.06.2024

Լալա Գալստյանի առավոտը Ստեփանակերտում բացվում  էր մարդկանց դեմքերի գեղագիտական խնդիրները շտկելով: Արցախում կոսմետոլոգ էր աշխատում իր սեփական գեղեցկության սրահում`  սկսած 1996 թ.: Ափսոսում է, որ իր մասնագիտությունը չի կարող ուղղել արցախյան բազմատանջ ժողովրդի ներքին խնդիրները:

Ծնողները ծանոթացել և ամուսնացել են Բաքվում: Լալան ծնվել է Երևանում, բայց մինչև 16 տարեկանը ապրել է Բաքվում: 1988թ. փետրվարին սկսված ջարդերի ժամանակ հանգրվանեցին Արցախում:

“Սովետական տարիներին Բաքվում ապրելը վտանգավոր չէր, թշնամանք չկար: Հիշում եմ մանկապարտեզը, դպրոցը, մեր սեփական տունը…Սումգայիթի իրադարձություններից հետո սկսվեցին վտանգները…Սումգայիթում պապիկիս քրոջն էին սպանել: Մտել են տուն ու 35 դանակային հարվածներ հասցրել: Նպատակային մտնում էին հայկական տներ: Հայրս միշտ ասում էր, որ սա մեր հայրենիքը չի, թուրքի երկիր է”, պատմում է Լալան, նշելով, որ  հարևան ադրբեջանցիները նույնիսկ հարգում էին իրենց և տուն մտնելիս հայերեն էին բարևում:

Բաքվում սովորել է մինչև 9-րդ դասարան: Սովետական տարիներին դպրոցում տալիս էին մաքսիմալ գիտելիքներ, բժշկությունն անվճար էր, բայց դեռ շատ բան չգիտեին…”Սահմանափակում էին մեզ: Սովորեցնում էին, որ Ամերիկան, Եվրոպան մեր թշնամին են: Իմ անձնական կարծիքն է, որ Սովետը արհեստական էր, պիտի փլվեր: Սահմանափակ էինք, ազատություն չկար, ընտրության իրավունք չկար, բայց կար հարգանք` մեծերի, ուսուցիչների հանդեպ”:

1990-ականները ցավով ու տխրությամբ է հիշում: Մութ ու ցուրտ տարիներ էին, որոնց ընթացքում էլ չէր մարում երջանիկ ապագա կերտելու հույսը: Լալան ամուսնացավ առանց հարսանիք անելու` ուտելիք համարյա չկար, քեֆ-ուրախություն անելու տրամադրություն էլ` զոհեր կային քաղաքում:

Թվում էր, թե արցախյան երկարակեցության մաղթանքները պիտի իրականանային, բայց պատերազմը չթողեց…Ամուսնական կյանքը դեռ չսկսած` ավարտվեց: 4,5 ամսից Լալայի ամուսինն անհայտ կորավ: Աննկարագրելի դժվար էր, բայց հավատում էին, որ կհաղթեն: Միասնականություն կար: Ես հպարտ էի, որ երեխայիս հայրը զոհվել է, որպեսզի մենք ապրենք ազատ հայրենիքում

Այդ արհավիրքներից հետո էլ որոշում կայացրեց մնալ Արցախում` կպած Արցախի հողին, ջրին, կայծակին, անձրևին, արևին․ “Երբ գնում ես ուրիշ երկիր, ոտքդ ինչքան էլ գետնին դնես, դու քեզ ուժեղ չես զգում: Հայրենիքդ սիրում ես, քանի որ այն քոնն է ու ամեն մարդ իրեն տեր է զգում”:

“Ապրիլյան քառօրյայի ընթացքում դեժավյու էր` կրկնակի ցավ, կորստի վախ. Ես մտածում եմ, որ մենք գերտերությունների ձեռքի խաղալիքն ենք: Հիմա իրենց ձեռնտու էր Ադրբեջանի կողքին կանգնել: Այսօրվա դրությամբ նավթն ու գազը հաղթեցին: 44-օրյա պատերազմում թոռնիկս 2 ամսական էր: Աղջկաս ընտանիքի հետ դուրս եկանք: Երկու ամիս մնալուց հետո` նոյեմբերի վերջին հետ եկանք Արցախ: Մենք հասկանում էինք, որ կորցնում ենք այն, ինչով ամբողջ կյանքում ապրել ենք: Կրկնակի փախստական եմ դարձել…”

Շրջափակման ամիսներին սկզբից լավատես էր. “Ես հասկանում էի, որ վերջն է… սա վերջն է: Հայրենիքի, հողի համեմատությամբ ունեցվածք կորցնելը  մանրուք էր: Սովին կարելի է դիմանալ, բայց տարածքները հերթով անցնում էին թշնամուն, իսկ ռուս խաղաղապահները ոչ միայն թույլ էին տալիս, այլև կարծես քաջալերում էին: Մենք էինք մեղավոր, որ թույլ տվեցինք մեզ հետ այսպես վարվեն: Այնպիսի տպավորություն էր, որ ռուսը հատուկ եկել էր, որ այդ ամենը հանձնվեր… Եթե այդպես չլիներ` Զախարովան չէր ասի` մենք կատարել ենք բոլոր պարտականությունները:

2023թ. սեպտեմբերը սպասելի էր: Երբ իշխանությունը փոխվեց, ես ինձ համար հասկացա, որ սա վերջի սկիզբն է, օգոստոս ամսից սպասում էի …Ուղղակի մտածում էի, որ հանգիստ, մեր ապրանքով դուրս կգանք, բավական ժամանակ կտան: Այնինչ` գողացան մեր վաստակը: Նրանք տոտալիտար են, սիրում են մենակ թալանել, գողանալ, նրանք գողացել են ինձնից ամեն ինչ… Ի՞նչ կարող ես բերել փոքր ավտոմեքենայում…

Տանը հրաժեշտ տալիս նկարել եմ տունս, ոչինչ չեմ հավաքել, ոչինչ չեմ վնասել: Մոռացել եմ երեխայիս փոքր տարիքի շորերը, 12 տարեկանից պահած բաղադրատոմսերի գիրքը, աղջկաս հարսանեկան շորը, օրագիրս, հայրիկիս գրած ոտանավորները…

Բաքվում ապրելիս մայրս միշտ հաճախում էր հայկական եկեղեցի: Աստծուն միշտ հավատում էր… Ես հասկանում եմ, որ նա երկար այսպես չի թողի, մի լույս կբացի, մի ճամփա ցույց կտա… Ամենաշատը Գանձասարում էի զգում Աստծո ներկայությունը… Շատ եմ ցավում, որ այնտեղ է …

Ստեփանակերտի ամենասիրելի տարածքն ինձ համար մարզադաշտի մոտակայքն էր: Ամուսնուս հետ այդտեղ շատ էինք քայլում:

Հույսն ընդհանրապես չպիտի կորցնենք: Մենք պիտի գործենք, ներդրում անենք, որ մեր ուզածը ստանանք: Ես այնքան եմ հայ ազգը սիրում, պիտի այստեղ մնանք, որ վերադարձի խթաններ ունենանք:

Ստեփանակերտի իմ տան մասին երազներ եմ տեսնում: Տներից շորերը թափել են, պատուհանները լրիվ բաց են…

Տաթև Ազիզյան

 

f