Բնակարանային ծրագիրը ե՞լք է բարդ իրավիճակից․ ո՞ւր գնալ Մասիսի մանկապարտեզից

  • 17:48 15.06.2024
Արցախից բռնի տեղահանված մոտ 30 ընտանիք, որ 2023-ի  հոկտեմբերից ապրում է Մասիսի N4 մանկապարտեզի վթարային շենքում, հիմա նոր կացարան են փնտրում։
2023-ի հոկտեմբերին  մանկապարտեզի դատարկ շենքը համայնքի ջանքերով արագ կարգի բերվեց․ տարրական կենցաղային պայմաններ ստեղծվեցին մարդկանց տեղավորելու համար։ Հիմա քաղաքային իշխանությունը պատրաստվում է վերանորոգել շենքը, բացել մանկապարտեզը, և դեռ ապրիլին խնդրել է այստեղ ապաստանած ընտանիքներին ազատել այն։
Ընտանիքների միայն կեսն է առայժմ տեղափոխվել։ Մանկապարտեզի շենքում մնացած ավելի քան 10 ընտանիք դեռ չի կարողանում կացարան գտնել:
«Որոշ տեղացիներ ակնարկում են, որ մեզ ոստիկանության օգնությամբ են հանելու այստեղից: Հույս ունենք, որ դրան չի հասնելու, քանի որ մինչ այսօր Մասիսի ղեկավարությունը բարյացակամ էր մեր հանդեպ», – ասում է մանկապարտեզում ապաստանած Բելլա Հայրիյանը։
2023թ-ի սեպտեմբերի 19-ից նա հիմա միայն երեխաների վախն է հիշում։ Չդադարող ռմբակոծության տակ սկզբում վազել է  տղայի հետևից դպրոց, հետո՝  մանկապարտեզ աղջկան գտնելու, հետո տուն՝ երրորդ երեխային վերցնելու և բոլորին ապահով տեղ տեղափոխելու համար։
Արդեն Մասիսում միջնեկ աղջկաս մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերել, ամուսնու վաստակած գումարը հիմնականում աղջկա դեղերի վրա են ծախսում։
Մանկապարտեզի շենքում ապրող ընտանիքները կարող են դիմել արցախցիների օգնության «40+10 հազար դրամ» ծրագրին, դառնալ շահառու և տուն կամ բնակարան վարձակալել ստացած գումարով: Ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 դեկտեմբերը:
«Դուք տեսե՞լ եք նորմալ պայմաններով տների գները: Էժան տներ կարող ենք գտնել միայն հեռավոր գյուղերում, այն էլ առանց հարմարությունների: Ես չեմ կարող երեք երեխաներիս պահել մի տան մեջ, որտեղ սովորական հարմարություններ չկան: Միջնեկ երեխաս երիկամների խնդիր ունի, դրա համար մենք պետք է բնակվենք այն վայրերում, որտեղ կան բժշկական կենտրոններ»,- ասում է Բելլա Հայրիյանը։
Ռիտա Սաֆարյանը 40 տարի աշխատել է Ստեփանակերտի ծննդատանը, որպես բուժքույր։ Միայնակ մեծացրել է աղջկան, այժմ էլ թոռանն է պահում: Բռնի տեղահանման ժամանակ միայն ամենաանհրաժեշտ իրերն ու փաստաթղթերն են կարողացել վերցնել, քանի որ մեքենա չեն ունեցել։
Ռիտան  նույնպես աղջկա և թոռան հետ Մասիսի մանկապարտեզի շենքում է ապրում։ Ոչ միայն կացարան է փնտրում, այլև՝ աշխատանք․ «Սոցիալական հարցերի բաժնում ասել են, որ մենք կարող ենք «40+10 հազար դրամ» ծրագրի շահառու դառնալ, բայց պետք է սպասենք 40 օր, ո՞նց կարող ենք այդքան սպասել, եթե տանտերերը գումարը սկզբից են պահանջում,, այն էլ՝ դեպոզիտով: Մենք այդպիսի գումարներ չունենք»։
Անցած ամիս հաստատվեց բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման ծրագիրը, բայց այն նույնպես չի լուծում մանկապարտեզի շենքում տեղավորված ընտանիքների խնդիրները:
«Բնակապահովման ծրագիրը կարող է բավարարել միայն բազմազավակ ընտանիքներին։ Այն ընտանիքները, որոնք կազմված են 2-4 հոգուց, եթե նույնիսկ ստանան 5-ական մլն, դրամ, տուն գնել չեն կարողանա», – ասում  է Ռիտա Սաֆարյանը։
Մանկապարտեզի մեկ այլ բնակիչ միայնակ թոշակառու Լորենա Իսրայելյանն է, 60 հազարից մի փոքր ավել թոշակ է ստանում: Ասում է, որ  «40+10 հազար դրամ» ծրագրի շահառու դառնալու դեպքում էլ՝  իր թոշակով և այդ գումարով հազիվ տուն կվարձի, էլ ապրելու գումար չի մնա:
«Կկարողանամ արդյո՞ք որևէ տուն գնել 3 մլն կամ նույնիսկ 5 մլն սահմաներում, կարծում եմ՝ ոչ: Հուսամ՝ կառավարությունը հաշվի կառնի միայնակ մարդկանց կարիքները ևս և կտրամադրի սոցիալական տներ: Առհասարակ լավ կլինի, եթե մեզ համար ինչ-որ աշխատանք գտնվի, որպեսզի մենք ևս հարկեր վճարենք»։
Կառավարությունը  հայտնել է, որ 7 համայնքներում ցուցակագրել են այն կառույցները, որոնք պետք է վերակառուցվեն և դարձնեն սոցիալական տներ՝ նախատեսված 1000 մարդու համար: Ուսումնասիրվում է նաև մոտ 70 այլ շինություն, որոնք նույնպես հետագայում պետք է ծառայեն որպես սոցիալական բնակարաններ:
2024թ-ի հունիսի դրությամբ պետության կողմից տրամադրված ժամանակավոր կացարաններում դեռ 350 տեղահանված արցախցի է ապրում՝` 97-ը Արագածոտնի մարզում, 107-ը Շիրակում, 29-ը Լոռիում, 28-ը Սյունիքում,  27-ը Արմավիրում, 13-ը Կոտայքում և 19-ը Տավուշում:
Հիմնականում բազմազավակ կամ զոհվածների ընտանիքներ են, թոշակառուներ, հաշմանդամներ, միայնակ մարդիկ:
Ալվարդ Գրիգորյան
f