Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան 44-օրյա պատերազմից հետո սկսել է ակտիվ գործունեություն ծավալել Արցախում, որի շնորհիվ արցախցի հարյուրավոր երեխաներ հնարավորություն ունեցան մի փոքր կտրվել իրականությունից և զգալ մանկության բերկրանքը։
Ստուդիայում անցկացվում էին տարատեսակ դասընթացներ՝ ուղղված մանուկների զարգացմանը․ ֆոտո դասընթաց, բեմական խոսք, հեքիաթաթերապիա, տիկնիկաթերապիա, ասեղնագործություն, կավագործություն, կերպարվեստ և ազգային երգ ու պար:
Ներկայացումների յուրահատկությունն այն էր, որ դրանք բեմադրվում էին արցախյան ենթաբարբառներով: Արցախում ստուդիայի սաների թիվը 100 էր, որտեղ կային երեխաների նաև Շուշիից և Հադրութից։ Նրա գլխավոր առաքելությունը երեխաներին ուրախություն պարգևելն է, և գիտակցելով սահմանամերձ գյուղերի երեխաների խոցելիությունը, «Ծիլ» ստուդիան ակտիվ հյուրախաղեր էր կազմակերպում սահմանամերձ գյուղերում` նաև իրականացնելով դասընթացներ տեղի երեխաների համար:
Նրանց ակտիվ գործունեությանը անգամ շրջափակումը և վերջին պատերազմը չխանգարեցին, քանի որ մինչև վերջին պահը Արցախում էին և երեխաներին հեքիաթ էին պարգևում:
Տեղահանվելուց հետո ՀՀ-ում ստուդիան մեծ դժվարությամբ վերաբացվեց և այժմ ունի 50 սան: Բոլոր դասընթացները և ներկայացումները ինչպես Արցախում․ այնպես էլ ՀՀ-ում իրականացվում են անվճար հիմունքներով: Իսկ թիմի անդամները ևս Արցախից են և կամավորության սկզբունքով աշխատում են ստուդիայի սաների հետ:
Տեղահանվելուց հետո «Ծիլ» տիկնիկային ստուդիան չնայած բոլոր դժվարություններին ակտիվ հյուրախաղեր է ունեցել Սյունիքի սահմանամերձ գյուղերում, Լոռիում և Շիրակում:
Իսկ վերջերս առաջնախաղով հանդես եկավ Հրազդան տեղափոխված փոքրիկների համար` ներկայացնելով «Երեք խոզուկները» ինտերակտիվ ներկայացումը:
Իհարկե, նրանք ունեն խնդիրներ, որոնցից ամենակարևորը դասընթացների լիարժեք կազմակերպումն է։ Սակայն չեն ընկճվում ու շարունակում են իրենց կարևոր առաքելությունը՝ փորձելով վերագտնել իրենց ՀՀ-ում:
Քրիստինե Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: