Մարատ Պողոսյանի բազմազավակ ընտանիքը գլուխ չի հանում իրավական խառնաշփոթ իրավիճակից

  • 14:20 17.06.2024

Արցախի Դաշուշեն գյուղից Մարատ Պողոսյանի բազմազավակ ընտանիքը նախորդ տարվա սեպտեմբերի 26-ին է բռնի տեղահանվել։ Մի քանի բնակավայր փոխելուց հետո այժմ նրանք բնակվում են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ վարձակալությամբ։ Մարատ Պողոսյանն ասում է, որ Արցախում 17 տարի ծառայել է Պաշտպանության բանակում՝ որպես պայմանագրային, Արցախում են թողել իրենց ունեցվածքը, ոչինչ չեն հասցրել բերել։ Այսօր նրանց ընտանիքը մեկն է Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքներից, որոնք բախվել են Հայաստանի կառավարության ստեղծած խառնաշփոթ իրավիճակին։ Մարատն ու իր ընտանիքը չեն կարողանում հասկանալ՝ ի՞նչ կարգավիճակով են Հայաստանում։

«Ոչինչ չունեմ, ունեմ 5 անչափահաս երեխա, երեխաների համար նպաստ չենք ստանում։ Նպաստ ստանալու համար ասում են, որ պետք է փախստականի ժամանակավոր կագավիճակ վերցնեք։ Մեր փաստաթղթերը, ամուսնության վկայականը, երեխաների ծննդյան վկայանները թողել ենք Արցախում, եւ մեզ փախստականի կարգավիճակ չեն տվել դեռ։ Հիմա ասում են՝ Ջերմուկում պետք է 6 ամիս բնակվեք, որ ձեզ տեղեկանք տանք։ Հարցրել եմ՝ ինչի՞ համար, ասել են՝ կառավարությունն է այդպես որոշել։ Բա կառավարությունը, որ այդպես որոշել է, չի մտածե՞լ, որ այս երեխան կաշա է ուտում, որտեղի՞ց պետք է գնենք։ 50+10 հազար դրամ աջակցությունն էլ միայն ես եմ ստանում, քանի ամիս է՝ կինս չի ստանում, ասում են՝ խնդիր կա, նամակ ենք գրել կառավարությանը, ասում են՝ ձեր հարցումն ընդունված է, բայց մինչեւ հիմա պատասխան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Մարատը։

Ջերմուկում բնակարանը վարձակալել են 60 հազար դրամով։ Մարատն ասում է, որ համեմատաբար ցածր գին է սա, մյուս բնակավայրերում  իրենցից 150-200 հազար դրամ վարձ են ուզել։ «Ես էլ տեղավորվել եմ ծառայության, երկրապահների հետ մեկ ամիս գնում եմ պոստեր, մեկ ամիս տանն եմ, 200 հազար դրամ փող եմ ստանում, չի հերիքում, 5 անչափահաս երեխեք կան։ Արցախում 17 տարի ծառայել եմ, պայմանագրային եմ եղել, երկու պատերազմի եմ մասնակցել»,- հավելեց նա։

Մարատի կինը՝ Լուսյա Մուսայելյանն ասում է, որ Արցախում զբաղվել են անասնապահությամբ, հողագործությամբ, ունեցել են ջերմոցներ, հավեր, կովեր։ Այդ ամենը թողել այնտեղ ու բռնի տեղահանվել են։ Մտածում են օգտվել Հայաստանի կառավարության բնակապահովման աջակցության ծրագրից, քանի որ 5 երեխաների հետ դժվարանում են վարձակալությամբ բնակվել։ Մարատն ասում է, որ ուզում է սահմանամերձ բնակավայրերից մեկում տուն վերցնել, զբաղվել անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ։

«Մենք սովոր ենք սահմանամերձ բնակավայրերում ապրել, չենք վախենում։ Դաշուշենում թուրքը մեզանից մի 20 մետր հեռավորությամբ նստած է եղել։ Ո՛չ կինս, ո՛չ ես չենք վախենում սահման պահելուց, մենք պատրաստ ենք սահմանամերձ գյուղում տուն կառուցել, մենք գյուղում ենք ապրել, գյուղ ենք սիրում։ Մարզը կապ չունի, կարեւորը մենք կարողանանք բնակվել ու զբաղվել գյուղատնտեսությամբ»,- ասաց նա։

Բնակապահովման ծրագրի մասին եւս պատկան մարմինները բավարար տեղեկատվություն չեն տրամադրել Մարատ Պողոսյանի ընտանիքին։ Նա լրագրողներից է հարց ու փորձ անում, թե ինչպե՞ս  պետք է դառնա ծրագրի շահառու։ Տեղեկանալով, որ պարտադիր պայման է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելը, ասաց, որ թեպետ չի ուզում հրաժարվել Արցախի անձանգրից, բայց եթե երեխաներին բնակարանով ապահովելու միակ տարբերակը ՀՀ քաղաքացիություն ընդունելն է, պատրաստ է գնալ այդ քայլին։

Արցախ վերադառնալու մասին այս ընտանիքը երազում է։ Մարատն ասում է՝ վերադարձի հույս այսօր չի տեսնում։ Կինը նշում է, որ հույսը միշտ պահում է։ «Մեծ հույսով մենք ուզում են վերադառնալ Արցախ, մեր տուն, թեկուզ ջարդված ու ավերված, մենք նորից կվերականգնենք, նորից տուն կսարքենք, միայն թե ապրենք մեր հողում, մեր Արցախում»,- ասաց Լուսյա Մուսայելյանը։

Ռոզա Հովհաննիսյան

 

f