Մեծ Թաղլարից Գարիկ Ոսկանյանը իր փոքրիկ բիզնեսն ունի Հայաստանում

  • 08:13 20.06.2024

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված Գարիկ Ոսկանյանը Հայաստանում է շարունակում իր բիզնես ծրագրերը․ «Արատտա» խնձորի քացախն արդեն արտադրվում է Հայաստանում։

Գարիկ Ոսկանյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղից։ «Հադրութում ինչո՞վ էին զբաղվում» հարցին պատասխանում է, որ տարբեր բիզնեսներ ուներ՝ զբաղվում էին քացախի, գինու, օղու արտադրությամբ ու զբոսաշրջիկների էին հյուրընկալում։

Հայաստանում Ոսկանյանի բիզնեսին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT Armenia» ծրագրի շրջանակներում։

Մասնավորապես, ծրագրի հատկացրած գումարով սարքավորումներ ու հումք են ձեռք բերել։ Արտադրությունը առայժմ տնային պայմաններում է, իսկ աշխատակիցները ընտանիքի անդամներն են։ Գարիկ Ոսկանյանն ասում է, որ արտադրության ծավալները դեռ մեծ չեն, իսկ իրացումը ծանոթների ու փոքր խանութների միջոցով է հիմնականում իրականացնում։ «Մի քանի ամսվա ընթացքում արտադրել ենք 200 շիշ, եւ ամբողջը սպառվել է։ Տարածքի խնդիր ունենք, վաճառքի հարցում առայժմ դեռ դժվարանում ենք, քանի որ շատ ծանոթներ չունենք։ Որակը երաշխավորում ենք, իմ ծանոթները, ովքեր մեզանից ապրանք են վերցնում, ինձ ասում են՝ եթե որեւէ մեկը ձեր քացախը վերցնի, հաջորդ անգամ միշտ ձեզանից կվերցնի, որովհետեւ որակն ավելի բարձր է»,- ասում է նա։

«Հետագա ի՞նչ պլաններ ունեն» հարցին Գարիկ Ոսկանյանը պատասխանում է, որ տարածքի հարցը լուծելուց հետո տնային պայմաններից անցնելու են գործարանային արտադրության․ «Բիզնեսը կողքից ավելի կզարգացնենք, ուրիշ ծրագրեր էլ կան, թեկուզ հենց տուրիստական ուղղությամբ։ Իհարկե, Արցախում մեզ համար ավելի հեշտ էր, այնտեղ արդեն հարմարվել էինք, աստիճանաբար զարգացնելով մեր բիզնեսը՝ առաջ ենք գնացել։ Այստեղ մի քիչ դժվարանում ենք, նոր միջավայր է, բայց ինձ թվում է՝ ընթացքում բոլոր խնդիրները կհարթվեն»։

Անդրադառնալով բռնի տեղահանությանը, Գարիկ Ոսկանյանն ասում է․ «Մենք մտածում էինք, որ պետք է վերադառնայինք տուն, չէինք մտածում, որ կարող ենք դուրս գալ ու հայտնվել այստեղ։ 2020 թ․ պատերազմի վերջին օրը, երբ սկսեցին մեր գյուղը ռմբակոծել, ես ընտանիքիս տեղափոխեցի Ստեփանակերտ, որպեսզի հետ դառնայի գյուղ, բայց արդեն հետ դառնալու հնարավորություն չկար, թուրքերը մտել էին գյուղ»։

Ինչպես շատ արցախցիներ, Գարիկ Ոսկանյանի ընտանիքը նույնպես չի կորցրել Արցախ վերադառնալու հույսը։ «Մենք այդ հույսով ենք ապրում։ Երեւի միայն դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում պետք է լինի, որ վերադառնանք։ Կուզեի վերադարձի դեպքում անկախ լինեինք ու վստահ, որ կարողանալու ենք մեր ընտանիքները տեղափոխել Արցախ, մեր գործունեությունը շարունակել։ Այսինքն՝ ոչ Ադրբեջանի տիրապետության տակ»,- հավելեց նա։

Գարիկ Ոսկանյանը հստակ որոշել է՝ Հայաստանից չի արտագաղթելու․ «Արցախից մարդիկ կան, որ տեղափոխվում են Ռուսաստան, տարբեր երկրներ։ Ես 2-3 ամսով փորձեցի աշխատել, չկարողացա Ռուսաստանում աշխատել, եկա գործունեությունս այստեղ սկսեցի։ Բայց մեր ծանոթների շրջանում հոսք կա, ես ափսոսում եմ, որ երիտասարդներն են շատ գնում»։

Արտագաղթի հիմնական պատճառը, նրա խոսքով, բնակարանային խնդիրներն են, Հայաստանում տան վարձերը շատ թանկ են, իսկ աշխատանք ոչ բոլոր արցախցիներն ունեն։ ՀՀ կառավարության բնակապահովման աջակցության ծրագիրը, Գարիկ Ոսկանյանի խոսքով, չի լուծելու արցախցիների խնդիրները և  արտագաղթի ալիքը կմեծանա։

Ռոզա Հովհաննիսյան

f