Վերադարձ՝ եթե կյանքը լինի այնպես, ինչպես մինչ 2020 թվականը
2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Անահիտ Բայունցի ընտանիքը ևս ստիպված էր լքել իր հայրենի համայնքը՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը: Թալիշցիները ստիպված էին բնակություն հաստատել նոր բնակավայրերում՝ Արցախում, Հայաստանում և մի շարք երկրներում:
Անահիտը իր ընտանիքի հետ մնացել էր Արցախում, նրանց կացարան էին տրամադրել Կիչանում, որպես ընտանիքի, որն ունի 2 հաշմանդամ անդամ՝ աղջիկը և որդին:
2023 թվականին, երբ վերջապես դադարել էր ռմբակոծությունը, ռուս խաղաղապահները տարհանել էին Մարտակերտի շրջանի բնակիչներին՝ սկզբում տեղափոխելով Ստեփանակերտ, հետո Գորիս։ Անահիտի ընտանիքը ապաստանել է Շիրակում։ Տղան մահացել է, իսկ աղջկա առողջությունը ավելի է վատթարացել։ Հիմա նա և ամուսինը բոլոր ջանքերը ուղղել են մեծահասակ աղջկա խնամքին։
«Մինչ մեր հաստատումը այստեղ մենք շատ-շատ բնակավայրերում ենք եղել։ Իհարկե դրա պատճառը ֆինանսական դժվարություններն էին՝ աշխատանքի բացակայություն, երկար ժամանակ թոշակներ չէինք ստանում և միայն այստեղ մեզ օգնեցին։ Մեր ընտանիքին տրամադրեցին բնակության համար սենյակ, դեղեր աղջկաս համար, օգնեցին իմ ու աղջկաս թոշակի հարցում։ Իհարկե կան էլի ֆինանսական, կենցաղային հարցեր, բայց դրանք լուծելի են, և ես ամաչում եմ դրա համար դիմել ինչ-որ մեկին։ Համայնքապետարանը անընդհատ ձեռք է մեկնում մեզ։ Մենք փորձում ենք տնտեսել որտեղ հնարավոր է։ Այդ խնայողություններով կարողացանք էլեկտրական վառարան ու ալյուր գնել՝ հաց թխելու համար։
Բայց ես շատ եմ անհանգստանում, որ մենք չունենք մեր սեփական կացարանը։ Բոլորս ապրում ենք մեկ սենյակում։ Այստեղ մաքուր է, տաք է, բայց կոմունալ պայմաններն ընդհանուր են, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում աղջկաս համար, նրան պետք են հատուկ պայմաններ, ես նույնիսկ չգիտեմ ինչպես լուծել այդ հարցը։ Ըստ բնակապահովման ծրագրի՝ մենք առաջի փուլով կարող ենք ստանալ աջակցությունը, բայց մեր ընտանիքում 3 հոգի ենք, իսկ տան գները դրանից շատ ավելի բարձրն են։ Գնալ սահմանամերձ բնակավայրեր չենք կարող, քանի որ աշխատանքը և աղջկաս բժիշկները այստեղ են»։
Անահիտը հույսը չի կորցնում, որ մի օր կվերադառնա Արցախ, կտեսնի հարազատ վայրերը և կապրի այնպես, ինչպես մինչ 44-օրյա պատերազմը։ Նա հույս ուներ, որ այդ դաժան պատերազմից հետո նրանք արժանի էին խաղաղ և անվտանգ կյանքի, բայց «ծաղրանքը Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվում էր Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից»։
«Անընդհատ հրետակոծություններ, իննը ամիս շրջափակում, սով, դեղերի բացակայություն, էլեկտրաէներգիայի բացակայություն։ Մենք չէինք հասկանում, թե ինչպես այդ ամենը կարող էր տեղի ունենալ ժամանակակից աշխարհում։ Հետո սկսվեց երկօրյա պատերազմը՝ ռմբակոծություններ, մարդկային զոհեր․ մենք չէինք հասկանում,թե ինչու ռուսները մեզ չեն պաշտպանում, այլ լցնում են մեծ մեքենաները և տանում։ Ես շատ եմ ուզում վերադառնալ, բայց եթե կյանքը լինի այնպիսին, ինչպես եղել է մինչ 2020 թվականի սեպտեմբերը։»
Ալվարդ Գրիգորյան