Սոցիալական խնդիրները երեխաներին զրկում են կրթությունից, բժշկական օգնությունից և բնակարանից
Արցախի Գիշի գյուղից տեղահանված Բելլան այսօր միայն մեկ ցանկություն ունի՝ միջնեկ աղջիկը դադարի առողջական խնդիրներ ունենալ, և երեք երեխաներն էլ կարողանան սովորել Մանկական կրթական կենտրոնում։
Բելլայի միջնեկ դուստրը երիկամների հետ կապված հիվանդություն ունի, ուստի երեխան պետք է մնա բժիշկների մշտական հսկողության տակ, իսկ Կենտրոնում երեխաներին տեղավորելու համար դրամական ներդրում է պահանջվում, որը Հայրիյանների ընտանիքը չունի։
Նրանք չեն ստանում երեխայի նպաստ, չեն օգտվում 40+10 ծրագրից, քանի որ ընտանիքին թույլատրվել է անվճար տեղավորվել նվազագույն կենցաղային պայմաններով սենյակում։ Ինքը՝ Բելլան, չի աշխատում, քանի որ նրա երեխաները պահանջում են շուրջօրյա խնամք։ Ամուսինը չի կարող մշտական աշխատանք գտնել, իսկ օրավարձով աշխատանքը բավարարում է միայն նվազագույնի համար:
«Արցախում մենք տուն ու տնտեսություն ունեինք։ Մենք հանգիստ կարող էինք երեխային ժամանակացույցով տանել բժշկի և գնել անհրաժեշտ դեղամիջոցները։ Երեխաները կուշտ էին, նորմալ հագնված։ Ես շատ գրքեր էի գնում, նրանց դուր էր գալիս, երբ կարդում էի ամեն օր, բայց Հայաստանում մենք զրկված ենք այս ամենից, քանի որ ֆինանսական դժվարություններ ենք ապրում։ Սկզբում մտածում էի, որ մենք կհաղթահարենք ցանկացած դժվարություն, միայն ապահով եւ անվտանգ լինենք, բայց հիմա ես պատրաստ եմ ընդունել ցանկացած օգնություն»:
Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց հրթիռակոծությունը Գիշի գյուղի վրա, Բելլան վազեց երեխաների հետեւից։ Գնդակոծության տակ նա վազեց դպրոց՝ որդուն բերելու, այնտեղից մանկապարտեզ՝ դստեր հետեւից, իսկ հետո տուն՝ երրորդ երեխային վերցնելու:
Գնդակոծությունները չդադարեցին, եւ պարզ դարձավ, որ պետք է գիշերեն ապաստարանում։
«Այդ պահին ես չէի մտածում արկերի մասին։ Ստիպված էի կերակրել երեխաներին, տաք փաթաթել, հիվանդ երեխայի համար դեղ վերցնել։ Հետո զանգահարել ամուսնուս ու ասել, որ մենք ողջ ենք, ապաստարանում ենք»։
Մեկ օր անց ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Սկսեցին լուրեր հասնել զոհվածների, գրավված գյուղերի, սպանված խաղաղ բնակիչների ու պատանդների մասին։ Հետո լուրեր եկան բանակի և Արցախի լուծարման մասին։
«Այս լուրն ավելի սարսափելի էր, քան արկերը։ Մենք չէինք հավատում, որ դա հնարավոր է, բայց երբ սկսեցին ասել, որ խաղաղապահները ավտոբուսներով մարդկանց տանում են Հայաստան, մենք հասկացանք, որ պետք է փրկել երեխաների կյանքը։ Վերցրինք մեր փաստաթղթերն ու մի քանի հագուստ ու շարժվեցինք դեպի Ստեփանակերտ։ Հույս ունեինք, որ այս ամենը ճիշտ չէ, կվերադառնանք մեր տուն։ Սեպտեմբերի 28-ին մեկնեցինք Ստեփանակերտից։ Մենք ադրբեջանական նվաստացուցիչ խուզարկությամբ անցանք Հակարի գետի կամրջի վրա՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ»։
Բելլան և նրա ամուսինը պահում են Գիշվա իրենց տան դարպասի բանալիները։ Նրանք չեն կորցնում վերադառնալու հույսը։ Ուստի, ՀՀ կառավարության առաջարկած փախստականների բնակապահովման ծրագրի վերաբերյալ կինը պնդում է, որ ինքն ու ամուսինը դեռ մտածում են այդ մասին, քանի որ առաջ քաշված պայմանները չափազանց բարդ են։
«Իսկ եթե Հայաստանի քաղաքացիություն ընդունելով կորցնենք ամենակարեւո՞րը, օրինակ՝ վերադառնալու հնարավորություններ։ Իսկ եթե վկայականը ստանալուց հետո չգտնենք մեզ անհրաժեշտ բնակարանը և ստիպված լինենք լրացուցիչ վա՞րկ վերցնել, որը չենք կարող մարել։ Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանանք, հետո որոշում կայացնենք»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: