Հունիսի 22-ին Արտաշատ համայնքի Դվին բնակավայրն իր հյուրընկալ դռներն էր բացել Արարատի մարզում առաջին անգամ կազմակերպված ծիրանի փառատոնի մասնակիցների և հյուրերի առջև։
Միջոցառումը կազմակերպվել և ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից՝ իրականացվելով Արտաշատի համայնքապետարանի համագործակցությամբ։ Փառատոնին մասնացում էին Արտաշատի խոշորացված համայնքի 38 բնակավայրերի մշակույթի տները։ Միջոցառումը վարում էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մշակութային հարցերի կազմակերպիչ, Արցախից տեղահանված Նինել Գաբրիելյանը։
-Սիրելի՛ ներկաներ, ուրախ եմ ողջունել ձեզ ծիրանաշատ Արարատի մարզում առաջին անգամ կազմակերպված ծիրանի փառատոնին՝ Ծիրանաշատ Արտաշատին։
Ես Նինելն եմ, ծնունդով Արցախից, ով բնակություն է հաստատել այս հյուրընկալ համայնքում։ Ինձ համար հաճելի է ու մեծ պատիվ վարելու Արտաշատի բնակիչներին կամրջող այս համեղ ու գեղեցիկ փառատոնը։
Իհարկե, մրգերի մեջ ծիրանն է ամենահայկականը, աշխարհը ծիրանը ճանաչում է որպես հայկական միրգ։ Եվ մեր Արարատյան դաշտի արևահամ մրգերի շարքում ծիրանը նույնպես իր ուրույն տեղն ունի։ Ուստի պատահական չէ, որ մարդկանց միավորելու և հայկական շունչն ու ոգին փոխանցելու համար փառատոնի հիմնասյուն ընտրվեց հենց ծիրանը։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և Ազգային ժողովրդավարության ինստիտուտը երկու տարի շարունակ ուսումնասիրել են Հայաստանի ամենամեծ խոշորացված համայնքի՝ Արտաշատի խնդիրները, հանդիպել են տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչների հետ, ամեն ինչ արել են, որ բնակիչների ձայնը լսելի դառնա։ Դրա արդյունքում համայնքը միավորելու, Արտաշատ քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև կամուրջներ ստեղծելու նպատակով էլ նրանք կազմակերպել են այս փառատոնը՝ սերտորեն համագործակցելով համայնքապետարանի հետ։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց։
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քոեն Պուստյենսին իր սրտի խոսքն ուղղեց փառատոնի մասնակիցներին՝ ասելով, որ ուրախալի է մասնակցել գեղեցիկ միջոցառմանը և ծանոթանալ այս հրաշալի ու աշխատասեր ժողովրդի հետ։ Բոլորին միավորեց փառատոնը, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց ԿԱՏԱՐԻՆԵ կամրջողների առաջնորդող կանանց։
Ապա հյուրերը շրջեցին տաղավարներով, որոնցից յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացված։ Տաղավարները լեցուն էին նաև ձեռքի աշխատանքներով, ավանդական ուտեստներով, հայկական քաղցրավենիքով։ Աչք էր շոյում և հյուրերի ուշադրությունը գրավում Նինել Գաբրիելյանի տաղավարը, որտեղ ներկայացված էր արցախյան փախլավան ու ախորժաբույր ժենգյալով հացը։
Դվին գյուղում այսքան բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներ երբեք չէին մեկտեղվել մեկ մեծ ու համահայկական միջոցառման շրջանակներում։ Այս բացառիկ փառատոնի հեղինակն ու հերոսները ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ ծրագրի մասնակից առաջնորդ կանայք են՝ Արփին, Գայանեն, Օլգան, Լուսինեն, Մարինեն, Մանիկը, Սերինեն և Հասմիկը, որոնց անշահախնդիր նվիրումի, համայնքի բնակավայրերը կամրջելու նրանց կարևորագույն նպատակի շնորհիվ են այստեղ բոլորը։
Նրանց կամրջման ջանքերը փառատոնից փոխանցվեցին Արտաշատ խոշորացված համայնքի մշակութային և սպորտային կենտրոններին, ովքեր այսօր բնակավայրերի միջև համագործակցության նոր կամուրջներ գցեցին և փառատոնի շրջանակներում ստորագրվեց 9 համագործակցության հուշագիր՝ երկկողմ և անգամ եռակողմ, որոնք հիմք դրեցին մշակույթի և սպորտի շուրջ մեր խոշորացված համայնքի համախմբմանն ու կամրջմանը։
Ավելի քան 6 ժամ մարդիկ անկեղծ ուրախանում և վայելում էին անարատ բերքն ու բարիքը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: