Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագիրը դժգոհություն է առաջացրել Արցախի Եղցահող համայնքից բռնի տեղահանված բնակիչների մեծամասնության մոտ։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե Եղցահողի բնակիչները մտադի՞ր են օգտվել բնակապահովման ծրագրից։ «Մարդկանց մի մասը գուցե ստիպված կօգտվեն այդ ծրագրից, բայց մի մասի մոտ դեռեւս դժգոհություններ կան ծրագրի հետ կապված»,- ասաց նա։
Արտակ Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով՝ այս ծրագրով խտրական վերաբերմունք է ցուցաբերվում բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ։ «Միայն սահմանամերձ բակավայրերում անշարժ գույք գնելու դեպքում է տրամադրվում 5 մլն դրամ գումար, իսկ մնացած բնակավայրերի համար 3 ու 4 մլն դրամ է։ Ստացվում է, որ կարծես ստիպում են, որ մարդիկ սոցիալական խնդիրներից ելնելով՝ տեղափոխվեն սահմանամերձ բնակավայրեր։ Այս պահին մարդիկ ինչ-որ չափով տեղավորված են տարբեր համայնքներում, մի մասը՝ վարձով։ Բայց կոնկրետ այդ ծրագիրը ստիպողական է, ես բնակչության կարծիքն եմ ասում»։
Անդրադառնալով ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին պարտադիր դրույթին՝ Արտակ Հակոբյանն ասաց, որ արցախցիների մի մասը հստակ հրաժարվում է, չի ուզում ՀՀ քաղաքացիություն ընդունել։
«Մարդկանց մի մասն արդեն տրամադրված է արտագաղթի, այո՛, արտագաղթողներ շատ կան, բազմաթիվ խնդիրներ են առաջացել սոցիալական ոլորտում։ Օրինակ՝ մարդիկ 1990 թվականներին ամուսնացել տեղափոխվել են մեր համայնք, բայց նրանց ճանաչել են Հայաստանի քաղաքացի, եւ այսօր աջակցության որեւէ ծրագրից չեն օգտվել, և մարդիկ ստիպված արտագաղթել են։ Սրա նման շատ խնդիրներ կան։ Եվ այս ամենին գումարվում է բնակապահովման այս ծրագիրը։ Դիտավորյալ են անում, թե ոչ, չենք հասկանում։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը պետք է գնա Դավիթ Բեկում կամ Սյունիքի Տեղ գյուղի հենց անմիջապես սահմանին տուն առնի, որպեսզի 5 մլն դրամ տրամադրե՞ն։ Եթե ծրագիրը բնակապահովման ծրագիր է, եթե իրոք տարբերություն չեն դնում, ի՞նչ կապ ունի՝ մարդը Սյունիքում կապրի, թե՞ այլ համայնքում։
Այսօր մարդիկ տարբերությունը ռեալ զգում են, այսինքն՝ նորից արցախցիներին դնում են հարվածի տա՞կ։ Ինչպես մեր բնակչությունն է ասում՝ սա կոչվում է խտրականություն։ Թող թեկուզ բոլորին հավասար տան 3 մլն դրամ, եթե այդ մարդը կուզի, թող գնա սահմանամերձ համայնքներ, եթե 5 մլն դրամ է, թող 5 մլն լինի բոլոր բնակավայրերի համար։ Այսինքն՝ այսպես ստացվում է, որ մարդկանց բացահայտ քշում, աքսորում են սահմանամերձ բնակավայրեր, որտեղ, այս իշխանությունների քաղաքականությունը նայելով, ես անվտանգության որեւէ երաշխիք չեմ տեսնում։ Գումարի միջոցով մարդկանց փաստի առաջ են կանգնեցնում ու քշում սահմանամերձ բնակավայրեր, շատ լավ իմանալով, որ արցախցիները կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը, մարդկանց համար անգամ 1000 դրամն է մեծ փող»,- նշեց Արտակ Հակոբյանը։
Անդրադառնալով հարցին, թե Արցախ վերադարձի ի՞նչ հնարավորություններ են տեսնում, մեր զրուցակիցն ասաց․ «Այս իշխանություններից ես ոչ մի սպասելիք չունեմ։ Ես որքան շփվում եմ արցախցիների, մեր համայնքի բնակիչների հետ, մարդկանց մոտ մեծ ցանկություն կա վերադառնալու, բայց իշխանության կողմից քայլ չեմ տեսնում »։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: