Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշումն ուժի մեջ է, որովհետեւ Անկախության հռչակագիրն ուժի մեջ է

  • 10:26 01.07.2024

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարո’ն Պապյան, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումն ուժի մե՞ջ է։

-Իհարկե’, ուժի մեջ է, որովհետեւ Անկախության հռչակագիրն ուժի մեջ է։ Եվ Սահմանադրությունը բոլոր երեք խմբագրություններով էլ հղումն Անկախության հռչակագրին պահպանել է։ Հետեւաբար, այդ որոշումն ուժի մեջ է։ Եթե այն ուժի մեջ չլիներ, ապա ՀՀ քաղաքացին, զորակոչիկը չէր կարող ծառայել օտար երկրում՝ առանց միջպետական համապատասխան փաստաթղթի։

Ես կարծում եմ՝ Արցախը Հայաստանի մաս է, եւ դա միայն մեր իրավական փաստաթղթերով ամրագրված չէ, չմոռանանք Հայաստանի Հանրապետության օկուպացիայից առաջ, այսինքն՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ից առաջ վերջին իրավական փաստաթղթով, այն է՝ Ազգերի լիգայի փետրվարի 24-ի զեկույցով Հայաստան-Ադրբեջան որոշված սահմանը։ Դրանից հետո Հայաստանն օկուպացվել է, ինչ արել է հետագայում օկուպանտը, այդ թվում՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, դրանք բոլորն անօրինական են։ Դրա համար իմ առաջարկը եղել ու մնում է հետեւյալը՝ եթե կասկածներ կան իմ ասածի վերաբերյալ, ուրեմն պետք է գնալ Միջազգային դատարան, թող դատարանը որոշի՝ որ իրավական հիմքն է ավելի օրինական։

-Հետեւաբար, ի՞նչն է խանգարում, որ այդ որոշումն իրագործվի, եւ ինչպե՞ս պետք է իրագործել։

-Այդ որոշումը չի իրագործվել ամբողջությամբ, մասնակի իրագործվել է, օրինակ, արցախցիներին անձնագրերի հանձնման, պաշտոնյաների տեղաշարժի առումով իրագործվել է։ Իսկ ամբողջությամբ չի իրագործվել, որովհետեւ դրան դեմ է եղել Մոսկվան, դեմ են եղել Ստեփանակերտի տեղական  իշխանությունները, որոնց այդ կարգավիճակը ձեռնտու էր։ Այսինքն՝ ստանալ անվերահսկելի քանակությամբ փող ու որեւէ հաշվետվություն չներկայացնել, բնականաբար իրենց համար ցանկալի տարբերակ էր։ Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ սկզբում Ստեփանակերտը դեմ էր անկախ Արցախի հայեցակարգին, բայց հետո հասկացան՝ ինչո՞ւ ոչ, շատ հարմար տարբերակ է։ Ես դա միշտ կոչել եմ չղջիկի տարբերակ, այսինքն՝ երբ պետք է, չղջիկն իրեն ներկայացնում է որպես թռչուն, երբ պետք է՝ որպես մուկ։ Այդ նույն տարբերակով առաջնորդվում էր Ստեփանակերտի վերնախավը։

-Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին։ Հայաստանի իշխանություններն արդեն ակնարկներ են արել, որ հնարավոր է՝ գնան այդ ճանaպարհով։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

-Սա մեծ վտանգներ է պարունակում, որովհետեւ այստեղ միայն Արցախի խնդիրը չէ։ Եթե հղումը հանվում է, առնվազն եւս երկու հիմնադրույթ, որոնք անհանգստացնում են Թուրքիային ու Ադրբեջանին, մեջտեղից դուրս են գալիս։ Մեկը Հայոց ցեղասպանության հարցն է, իսկ մյուսը՝ Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդության հարցն է՝ այդտեղից բխող այլ իրավական հիմքերով՝ որոշելու Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան սահմանները։ Բայց, իմ կարծիքով, ամենակարեւոր վտանգն այստեղ այն է, որ եթե Հայաստանը դա անի արտաքին ուժի պնդմամբ, նշանակում է՝ մենք դառնում ենք թուրք-ադրբեջանական պրոտեկտորատ։ Այսինքն՝ իրենք են որոշում՝ մեր երկրում մեր բանակը որտեղ ու ինչպես պետք է կանգնի, իրենք են որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, օրինակ, Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը՝ Թուրքիայի պնդմամբ։ Դրանք արդեն հենց պրոտեկտորատի նշաններ են։

Երբ ասում եք՝ 1989 թվականի որոշումն ուժի մեջ է, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաեւ Արցախը։ Եվ երբ ԵՄ-ն, ԱՄՆ-ն, այլ պետություններ հայտարարում են, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, արդյոք Արցախը ներառյա՞լ  է։

– Պետության տարածքը որոշվում է սահմանակից պետությունների փոխադարձ համաձայնությամբ։ Չկա այլ ճանաչում։ Որ ասում են՝ միջազգայնորեն ճանաչված սահման, չկա այդպիսի միջազգային փաստաթուղթ, որով ճանաչում են։ Եթե նման բան լիներ, ապա ՄԱԿ-ի անդամ երկրներն իրար նկատմամբ տարածքային եւ սահմանային պահանջներ ու վեճեր չպետք է ունենային։ Իրենք շատ ճիշտ են ձեւակերպել, իրենք ողջունում են խաղաղության գործընթացը եւ պատրաստ են ճանաչել ցանկացած սահման ու լուծում, որը փոխադարձաբար կամրագրվի։

Այսօրվա իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարությունն ասում է՝ սովետական վարչական սահմաններն են ճանաչում, բնականաբար, մյուս երկրները ողջունում են Հայաստանի այդ տեսակետը, բայց Ադրբեջանն այդ տեսակետը չի նշել երբեւէ, ավելին, Ադրբեջանի սահմանադրական ակտում հղում է կատարվում, որ իրենք հանդիսանում են առաջին հանրապետության իրավահաջորդը։ Իսկ առաջին հանրապետությունն իրենք ներկայացնում ենք 116 հազար քկմ տարածքով, որի մեջ ներառում են Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը, արդեն խոսում են Երեւանի մասին։ Հետեւաբար, եթե Ադրբեջանը մինչեւ անգամ ասի, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքը վաղը դա կարող է մեկնաբանել ու ասել, որ ճանաչում էր՝ ելնելով իր մոտեցումից։ Պետք է նախ գրավոր, միջպետական փաստաթղթով հստակեցվեր իրավաքաղաքական հիմքը, որի հիման վրա պետք է կատարվեր դելիմիտացիա-դեմարկացիա, հետո մյուս քայլերն արվեին, բայց Նիկոլ Փաշինյանի վարչակարգը լրիվ հակառակ ուղղությամբ է գնում։

Ռոզա Հովհաննիսյան

 

f